Մարդու վաղ միգրացիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Բանական մարդու էվոլյուցիան հիմնականում տեղի է ունեցել Աֆրիկայում։ Առաջինը, որը լքել է Աֆրիկան և բնակեցրել Եվրասիայի հարավը եղել են ուղիղ քայլող մարդիկ (լատ.՝ Homo erectus), որոնց գաղթը սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ։ Ուղիղ քայլող մարդու ընդլայնմանը հաջորդել է նրա ժառանգների՝ Հայդելբերգի մարդու, նեանդերթալցիների, դենիսովացիների ընդլայնումը։ Վերջին գենետիկական և հնագիտական հետազոտությունները վկայում են, որ ժամանակակից տիպի մարդու բնակեցումը Աֆրիկայից Մերձավոր արևելք տեղի է ունեցել առնվազն 2 ալիքով[1][2], առաջին մարդիկ այնտեղ են եկել 120-130 հազար տարի առաջ[1][3], վերաբնակիչների երկրորդ ալիքը թվագրվում է մոտ 60 հազար տարի առաջ[2][4]։ Այստեղից ժամանակակից տիպի մարդիկ նախ ուղղվել են դեպի արևելք և մոտ 70 հազար տարի առաջ բնակեցրել Հարավարևելյան Ասիան[5], տեղահանելով կամ մասամբ խառնվելով հնամենի մարդկանց նախորդ ալիքների հետ և հասել Ավստրալիա մոտ 55 հազար տարի առաջ[4][6]։ Սա եղել է նրանց առաջին ներթափանցումը այն երկրներ, որտեղ մարդը դեռ նախկինում չի եղել, նույնիսկ եթե խոսքը գնում է լայնորեն տարածված ուղիղ քայլող մարդկանց մասին։ Բանական մարդիկ Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Եվրոպայում սկսլե են բնակություն հաստատել համապատասխանաբար՝ հարավից հյուսիս, հյուսիս-արևելք և հյուսիս-արևմուտք՝ 45-10 հազար տարի առաջ[7][8][9]։ Ինչ վերաբերում է Ամերիկայի առաջին մարդկային բնակության ամսաթվերին, դեռ վեճեր են ընթանում։ Վերջին գնահատականների համաձայն, համարվում է, որ մարդը Բերինգիայի միջով հասել է ժամանակակից Ալյասկայի տարածք մոտ 22 հազար տարի առաջ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մնացած տարածքները կարողացել են արագ բնակեցնել 15 հազար տարի առաջ՝ Ալյասկայում սառցադաշտերի նահանջից հետո[10][11]։ Օվկիանիայի բնակեցման գործընթացը ժամանակի ընթացքում անհավասար է եղել։ Նոր Գվինեա կղզին և մոտակա Մելանեզիա կղզիները, ենթադրաբար, բնակեցվել են Հարավարևելյան Ասիայից եկած մարդիկ, ովքեր կանոեով նավարկել են մոտ 30-50 հազար տարի առաջ[12], մոտ 2-4 հազար տարի առաջ բնակեցված է եղել Միկրոնեզիայի և Պոլինեզիայի մեծ մասը, գաղութացման գործընթացն ավարտվել է մ.թ մոտ 1200 թվականին[12]։ Մադագասկարը և Նոր Զելանդիան մնացել են չբնակեցված մինչև նոր դարաշրջանի սկիզբը։ Անտարկտիդան, չնայած գաղութացման փորձին, մինչ օրս չունի մշտական բնակչություն, բացառությամբ բևեռային կայանների անձնակազմի[13]։
Սկսած 1980-ական թվականներից՝ մարդու վաղ միգրացիաների ուսումնասիրությանը նպաստում են հնագիտության հաջողություններին։