Մասնակից:NarSG5/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Արժանապատվություն (լատին․՝ dignitas) մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեք, մարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից: Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը: Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք, ներառյալ այլ իրավունքների համատեքստում:
Մարդու իրավունքների հիմնարար սկզբունք լինելուց զատ՝ այն նաև փիլիսոփայական[1] և բարոյագիտական հասկացություն է: Իբրև այդիպիսին այն ընկալվում է որպես մարդու հատուկ բարոյական վերաբերմունքը ինքն իր հանդեպ և նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը, որտեղ ընդունվում է անձնավորության արժեքը: Մի կողմից, մարդու՝ սեփական արժանապատավության գիտակցումը անձնավորության ինքնագիտակցման և ինքնավերահսկման ձևն է, նրա վրա է հիմնվում ինքն իր հանդեպ մարդու պահանջկոտությունը: Իր արժանապատվության հաստատումը և պաշտպանումը ենթադրում է նրան համապատասխանող բարոյական արարքների կատարում (կամ, ընդհակառակը, թույլ չի տալիս մարդուն վարվելու իր արժանապատվությունից ցածր): Այս իմաստով սեփական արժանապատվության ըմբռնումը, խղճի և պատվի հետ միասին, հանդիսանում է մարդու՝ ինքն իր առջև որպես պատասխանատվության գիտակցման եղանակներից մեկը: Մյուս կողմից, անձի արժանապատվությունը պահանջում է նաև մյուս մարդկանցից՝ հարգել անհատին, ճանաչել մարդու համապատասխան իրավունքներն ու հնարավորությունները, նրան ներկայացվող բարձր պահանջկոտությունը[2]:
Թեև արժանապատվությունը համարվում է մարդուն ծնված օրից բնորոշ հատկանիշ, խոսվում է նաև սաղմի արժանապատվության մասին։ Մասնավորապես Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը հետևում է այն տեսակետին, որ չծնված կյանքին (nasciturus) ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպվում է հետևյալ կերպ. «Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել»[3]։
Գրականության մեջ կենդանիների իրավունքների համատեքստում արծարծվում է կենդանիների արժանապատվության պաշտպանության հարցը, օրինակ՝ կենդանիները կրկեսներում անում են անբնական հնարքներ, պահվում են ճաղավանդակների մեջ՝ վախի, սովի, ցավի պայմաններում[4]: