Արդարադատության միջազգային դատարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատության միջազգային դատարան, (կրճատ ԱՄԴ, սովորաբար անվանում են Համաշխարհային Դատարան)[3] ՄԱԿ-ի ( Միավորված ազգերի Կազմակերպություն) հիմնական դատական մարմիններից մեկն է։ Այն լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը և տալիս է խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին։ Այն բաղկացած է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգութան Խորհրդի կողմից ինը տարի ժամկետով։ Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)[4]։
Արդարադատության միջազգային դատարան | |
---|---|
Տեսակ | Միջազգային դատական մարմիններ և principal organ of the United Nations? |
Երկիր | Նիդերլանդներ |
Հապավում | ICJ |
Հիմնադրված | 1945 |
Լուծարված | գործող |
Գլխադասային գրասենյակ | Հաագա, Նիդերլանդներ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Nawaf Salam?[1] |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կամավորներ | 15[2] |
Կայք | www.icj-cij.org |
52°05′11″ հս․ լ. 4°17′43″ ավ. ե.HGЯO |
Դատարանը հիմնադրվել է 1945 թվականին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1946 թվականին սկսել է իր գործունեությունը որպես Միջազգային արդարադատության մշտական պալատի իրավահաջորդ։ Միջազգային դատարանի կանոնադրությունը, որը նմանակում է նախորդին` սահմանադրական հիմնական կարգավորող փաստաթուղթն է[5]։
Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ընդգրկում է դատական գործունեության լայն շրջանակ։ Այն բանից հետո, երբ դատարանը վճռեց, որ ԱՄՆ-ի գաղտնի պատերազմը ընդդեմ Նիկարագուայի խախտում է միջազգային իրավունքի նորմերը (Nicaragua v. United States ), 1986 թվականին ԱՄՆ-ն հրաժարվեց դատարանի պարտադիր իրավասությունից, որպեսզի ճանաչի դատարանի իրավասությունը միայն անհատական հիմքի վրա[6]։ ՄԱԿ-ի Կանոնադրության XIV Գլուխը լիազորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտադրել դատական որոշումների կատարումը։ Սակայն նմանատիպ կատարման վրա տարածվում է Խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքը, որը Միացյալ Նահանգները օգտագործեց Նիկարագուայի գործում[7]։
ԱՄԴ-ն կազմված է տասնհինգ դատավորներից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից այն մարդկանց թվից, ովքեր առաջադրված են ազգային խմբերի կողմից Արբիտրաժի մշտական պալատում։ Ընտրությունների գործընթացը ամրագրված է ԱՄԴ-ի ստատուտի 4-19-րդ հոդվածներում։ Դատարանի ներսում շարունակականությունը ապահովելու նպատակով 15 դատավորներից հինգը փոփոխվում են երեք տարին մեկ։ Եթե դատավորը մահանում է պաշտոնավարման ընթացքում, ապա, որպես կանոն, պաշտոնը թափուր չթողնելու նպատակով անց են կացվում արտահերթ ընտրություններ։
Երկու միաժամանակ պաշտոնավարող դատավորներ չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ։ Ըստ 9-րդ հոդվածի` դատարանի կազմը պետք է ներկայացնի «քաղաքակրթության և աշխարհի իրավական համակարգերի հիմնական ձևերը»։ Ըստ էության, այդ ձևերն են համարվում ընդհանուր իրավունքը, քաղաքացիական իրավունքը և սոցիալիստական իրավունքը (ոչ հետխորհրդային իրավունք)։
Գոյություն ունի ոչ պաշտոնական պայմանավորվածություն այն մասին, որ տեղերը բաշխվում են ըստ աշխարհագրական տարածաշրջանների այնպես, որ հինգ տեղ հատկացվում է Արևմտյան երկրներին, երեք տեղ՝ Աֆրիկյան պետություններին (որոնց թվում՝ ֆրանսախոս քաղաքացիական իրավունքի մեկ դատավոր, անգլախոս ընդհանուր իրավունքի մեկ դատավոր և մեկ արաբ դատավոր), երկու տեղ՝ Արևելյան Եվրոպայի պետություններին, երեք տեղ Ասիական պետություններին և երկուսը` Լատինոամերիկյան և Կարիբյան երկրներին[8]։ Դատարանի պատմության մեծ մասի ընթացքում ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ) միշտ դատարանի կազմում ունեցել են իրենց երկրից դատավորներ, որոնք զբաղեցրել են երեք արևմտյան տեղերը, ասիական տեղերից մեկը և արևելաեվրոպական տեղերից մեկը։ Բացառություն էր կազմում Չինաստանը, որը դատավոր չի ունեցել 1967-1985 թվականներին, և բրիտանացի դատավոր Քրիստոֆեր Գրինվուդը, ով 2017 թվականին երկրորդ անգամ չընտրվեց և այդ պատճառով էլ այդ այդ ընթացքում Միացյալ Թագավորությունը դատավոր չունեցավ[9]։ Ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի աջակցությունը՝ Գրինվուդը չկարողացավ ստանալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի մեծամասնության ձայները[9]։ Նրան փոխարինեց հնդիկ դատավոր Դալվեր Բհանդարին[9]։
Կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն` դատավորները ընտրվում են անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական արժեքների տեր մարդկանցից, ովքեր բավարարում են այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրենց երկրներում բարձրագույն դատական պաշտոններին նշանակվելիս, կամ նրանցից, ովքեր հանդիսանում են միջազգային իրավունքի ասպարեզում հեղինակություն վայելող իրավաբաններ։ Դատական իշխանության անկախությանը մասնավորապես անդրադարձ է կատարվում 16-18 հոդվածներում։ ԱՄԴ-ի դատավորները իրավունք չունեն զբաղեցնել այլ պաշտոն կամ իրականացնել իրավաբանական գործունեություն։ Գործնականում դատարանի անդամները սեփական ձևով են մեկնաբանում այս կանոնները՝ հանդես գալով արտաքին արբիտրաժի դերում և զբաղեցնելով այլ մասնագիտական պաշտոններ, քանի դեռ չկա շահերի բախում։ Դատավորը կարող է աշխատանքից ազատվել միայն դատարանի այլ անդամների գաղտնի քվեարկությամբ[10]։ Անկախ այս դրույթիների գոյությանը, եղել է դեպք, երբ ԱՄԴ-ի դատավորների անկախությունը կասկածի տակ է դրվել։ Օրինակ` Նիկարագուայի գործը քննելու ընթացքում Միացյալ Նահանգները հրապարակեց կոմյունիկե, որում ասվում էր, որ ինքը չի կարող դատարանին գաղտնի նյութեր տրամադրել, քանի որ Արևելյան դաշինքի պետությունների դատավորները ներկայացված են դատարանում[11]։
Դատավորները կարող են համատեղ որոշումներ ներկայացնել կամ արտահայտել իրենց առանձին կարծիքը։ Որոշումները և խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է դառնում նախագահի ձայնը, ինչը տեղի ունեցավ պետությունների կողմից զինված հակամարտություններում միջուկային զենքի օրինական կիրառման հարցը քննարկելիս (1996 թվական, ԱՄԴ-ի թիվ 66 զեկույց)։ Դատավորները որոշման հետ չմահաձայնվելու դեպքում կարող են արտահայտել իրենց առանձին, տարբերվող կարծիքը։
Ստատուտի 31-րդ հոդվածը սահմանում է ընթացակարգ, ըստ որի ad hoc դատավորները վիճահարույց գործեր են քննում դատարանում։ Այս համակարգը թույլ է տալիս վիճահարույց գործերի մասնակից ցանկացած կողմին (եթե, իհարկե, այդ կողմը արդեն ազգային ներկայացուցիչ չունի դատարանում) ընտրել մեկ հավելյալ անձի որպես դատավոր միայն տվյալ գործով։ Այսպիսով` հնարավոր է, որ գործով կարող են մասնակցել մինչև տասնյոթ դատավոր։
Եթե համեմատենք ներպետական դատական գործընթացների հետ այս համակարգը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն նպատակ ունի խրախուսել պետություններին դատարանին դիմելու հարցում։ Օրինակ` եթե պետությունը գիտի, որ նա կունենա դատական ներկայացուցիչ, որը կարող է մասնակցել քննարկմանը, այլ դատավորներին ներկայացնել գործին առնչվող գիտելիքներ և օգնի հասկանալ պետության տեսանկյունը, այն կարող է ավելի պատրաստակամ լինել դատարանի իրավասությանը ենթարկվելու հարցում։ Չնայած այս համակարգը այդքան էլ չի համապատասխանում մարմնի դատական բնույթին, գործնական լուրջ հետևանքներ չեն արձանագրվել։ Սովորաբար (բայց ոչ միշտ) ad hoc դատավորները քվեարկում են հօգուտ այն պետության, որը նշանակել է իրենց, և փաստացի միմյանց ձայները այդ երկու դատավորները զրոյացնում են[12]։
Որպես կանոն դատարանը նիստեր է գումարում ամբողջ կազմով, բայց վերջին տասնհինգ տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ այն գումարվել է նաև պալատներով։ Ստատուտի 26-29 հոդվածները թույլ են տալիս գործերը քննելու նպատակով ձևավորել փոքր պալատներ, որոնք սովորաբար բաղկացած են լինում երեք կամ հինգ դատավորներից։ 26-րդ հոդվածը նախատեսում է երկու ձևի պալատների ստեղծում։ Առաջինը՝ պալատներ, որոնք նախատեսված են հատուկ կատեգորիայի գործեր քննելու համար, և երկրորդը` ad hoc պալատներ, որոնք ստեղծվում են հատուկ տվյալ վեճը լսելու նպատակով։ Ստատուտի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ 1993 թվականին ստեղծվեց հատուկ պալատ, որը պետք է զբաղվեր բնապահպանական հարցերով (սակայն այն երբեք չի օգտագործվել)։
Аd hoc պալատները ավելի հաճախ են գումարվում։ Օրինակ` հատուկ պալատ ստեղծվել է Մեն ծովածոցի գործը քննելու նպատակով (Կանադա/ԱՄՆ)[13]։ Այս գործում կողմերը հասկացրեցին, որ նրանք հետ կվերցնեն գործը, եթե դատարանը չընդգրկի պալատում այն դատավորներին, որոնք ընդունելի են կողմերի համար։ Պալատի որոշումները կարող են կամ պակաս հեղինակավոր լինել, քան ամբողջական դատական որոշումները, կամ նվազեցնել միջազգային իրավունքի պատշաճ մեկնաբանումը՝ հիմնված տարբեր մշակութային և իրավական ասպեկտրենի վրա։ Մյուս կողմից, պալատների օգտագործումը կարող է նպաստել ավելի հաճախ դատարան դիմելուն և միջազգային վեճերի լուծմանը[14]։
2018 թվականի հունիսի 22-ի դրությամբ դատարանի կազմը հետևյալն է[15][16]՝
Դատավոր | Ազգություն | Պաշտոն | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ |
---|---|---|---|---|
Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆ | Սոմալի | Նախագահa | 2009 | 2027 |
Խո Հան Ցին | Չինաստան | Փոխնախագահa | 2010 | 2021 |
Պիտեր Տոմկա | Սլովակիա | Անդամ | 2003 | 2021 |
Ռոնի Աբրահամ | Ֆրանսիա | Անդամ | 2005 | 2027 |
Մոհամեդ Բենունա | Մարոկկո | Անդամ | 2006 | 2024 |
Անտոնիո Ագուստո Տրինիդադ | Բրազիլիա | Անդամ | 2009 | 2027 |
Ձոան Դոնոգու | ԱՄՆ | Անդամ | 2010 | 2024 |
Ջորջիո Գախա | Իտալիա | Անդամ | 2012 | 2021 |
Ջուլիա Սեբուտինդե | Ուգանդա | Անդամ | 2012 | 2021 |
Դալվեր Բհանդարի | Հնդկաստան | Անդամ | 2012 | 2027 |
Պատրիկ Լիպտոն Ռոբինսոն | Ճամայկա | Անդամ | 2015 | 2024 |
Ջեյմս Քրաուֆորդ | Ավստրալիա | Անդամ | 2015 | 2024 |
Կիրիլ Գևորգյան | Ռուսաստան | Անդամ | 2015 | 2024 |
Նաուաֆ Սալամ | Լիբանան | Անդամ | 2018 | 2027 |
Յուջի Իվասաուա | Ճապոնիա | Անդամ | 2018 | 2021 |
Ֆիլիպ Քուղվո | Բելգիա | Գրանցող | 2000 | 2021 |
a 2018–2021. |
# | Նախագահ | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Երկիր |
---|---|---|---|---|
1 | Խոսե Գուստավո Գեռերո | 1946 | 1949 | Սալվադոր |
2 | Ժյուլ Բադևո | 1949 | 1952 | Ֆրանսիա |
3 | Արնոլդ ՄակՆեյր | 1952 | 1955 | Միացյալ Թագավորություն |
4 | Գրին Հակվորդ | 1955 | 1958 | ԱՄՆ |
5 | Հելգ Կլաստեդ | 1958 | 1961 | Նորվեգիա |
6 | Բոգդան Վինիարսկի | 1961 | 1964 | Լեհաստան |
7 | Պերսի Սպենդեր | 1964 | 1967 | Ավստրալիա |
8 | Խոսե Բուստամանտե Ռիվերո | 1967 | 1970 | Պերու |
9 | Մուհամադ Զաֆարուլահ Խան | 1970 | 1973 | Պակիստան |
10 | Մանֆրեդ Լաքս | 1973 | 1976 | Լեհաստան |
11 | Էդուարդ Խիմենես Արեչագա | 1976 | 1979 | Ուրուգվայ |
12 | Հեմֆրի Ուալդոկ | 1979 | 1981 | Միացյալ Թագավորություն |
13 | Տասլիմ Էլիաս | 1982 | 1985 | Նիգերիա |
14 | Նագենդրա Սինգ | 1985 | 1988 | Հնդկաստան |
15 | Խոսե Ռուդա | 1988 | 1991 | Արգենտինա |
16 | Ռոբերտ Ջենինգս | 1991 | 1994 | Միացյալ Թագավորություն |
17 | Մոհամեդ Բեջաուի | 1994 | 1997 | Ալժիր |
18 | Ստեֆըն Շվեբել | 1997 | 2000 | ԱՄՆ |
19 | Ժիլբերտ Գիոմ | 2000 | 2003 | Ֆրանսիա |
20 | Շի Ջի Յոնգ | 2003 | 2006 | Չինաստան |
21 | Ռոզալին Հիգգինս | 2006 | 2009 | Միացյալ Թագավորություն |
22 | Հիսաշի Օվադա | 2009 | 2012 | Ճապոնիա |
23 | Պիտեր Տոմկա | 2012 | 2015 | Սլովակիա |
24 | Ռոննի Աբրահամ | 2015 | 2018 | Ֆրանսիա |
25 | Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆ | 2018 | գործող | Սոմալի |
Ինչպես նշված է ՄԱԿ-ի Կանոնադրության 93-րդ հոդվածում, ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 անդամ պետությունները ինքնաբերաբար հանդիսանում են դատարանի Ստատուտի անդամներ։ Համաձայն 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես կարող են Ստատուտի անդամ դառնալ։ Օրինակ` մինչև ՄԱԿ-ի անդամ դառնալը, Շվեյցարիան 1948 թվականին անդամ դառնալու համար կիրառել է այդ գործընթացը, իսկ Նաուրուն այդ ճանապարհով դարձել է անդամ 1988 թվականին։ Դառնալով դատարանի ստատուտի անդամ՝ պետությունը իրավունք է ձեռք բերում մասնակցել գործի քննությանը դատարանում։ Սակայն լինելով դատարանի ստատուտի անդամ դատարանը ինքնաբերաբար կողմերի վեճերը լուծելու իրավասությամբ չի օժտվում։ Իրավասության հարցը դիտարկվում է երեք տեսակի գործերում` վիճահարույց հարցեր, հատուկ իրավասություն և խորհրդատվական եզրակացություններ։
Վիճահարույց գործերում (մրցակցային գործընթաց, որն ուղղված է վեճի կարգավորմանը) ՄԴ-ն կայացնում է պարտադիր բնույթ կրող որոշումներ այն պետությունների հարցով, որոնք համաձայնվել են ենթարկվել դատարանի որոշումներին։ Վիճահարույց գործերում որպես կողմեր կարող են հանդես գալ միայն պետությունները։ Անհատները, կորպորացիաները, դաշնային պետությունների սուբյեկտները, հասարակական կազմակերպությունները, ՄԱԿ-ի մարմինները և ինքնորոշված խմբերը չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ գործերի քննմանը, չնայած դատարանը կարող է տեղեկատվություն ստանալ միջազգային կազմակերպություններից: Սակայն դա չի խոչընդոտում նրան, որ ոչ պետական շահերը հանդիսանան քննության առարկա այն դեպքում, երբ պետություններից մեկը գործ է հարուցում մեկ այլ պետության դեմ։ Օրինակ` «դիվանագիտական պաշտպանության» դեպքում պետությունը կարող է գործ հարուցել իր քաղաքացիներից մեկի կամ ընկերություններից մեկի անունից[17]։
Վիճահարույց գործերում դատարանի իրավասության հարցը հաճախ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Հիմնական սկզբունքն այն է, որ ՄԴ-ն իրավասություն է ձեռք բերում միայն կողմերի համաձայնության հիման վրա։ 36-րդ հոդվածում թվարկված են դատարանին իրավասությամբ օժտելու չորս հիմքերը․
Մինչ վճռի ընթերցումը, դատարանն իրավունք ունի պահանջել ժամանակավոր միջոցների կիրառում դատավարության մեջ ներառված կողմերից մեկի իրավունքները պաշտպանելու նպատակով։ Կողմերից մեկը կամ երկուսն էլ կարող են դիմել Արդարադատության միջազգային դատարան նմանատիպ ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով[24]։ «Սահմանային վեճ» գործում երկու կողմերն էլ՝ Բուրկինա Ֆասոն և Մալին, դիմում էին ներկայացրել դատարանին ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքով։ Դատարանի կողմնակի իրավասությունը ամրագրված է Ստատուտի 14-րդ հոդվածում[25]։ Ինչպես վերջնական վճիռը, այնպես էլ ժամանակավոր միջոցներ կիրառելու հրամանը պարտադիր են երկու կողմերի համար։ Դատարանն իրավասություն ունի կիրառել ժամանակավոր միջոցներ այն դեպքում, երբ prima facie իրավասությունը ապահովված է։
Խորհրդատվական եզրակացություն տրամադրելը դատարանի գործառույթներից է, որը իրականացվում է միայն ՄԱԿ-ի որոշ մարմինների և գործակալությունների համար։ ՄԱԿ-ի կանոնադրությունը Գլխավոր Ասամբլեային և Անվտանգության խորհրդին օժտում է որևէ օրինական հարցի մասին խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դատարանին դիմելու իրավասությամբ։ ՄԱԿ-ի մյուս մարմինները չեն կարող դիմել նմանատիպ եզրակացություն ստանալու համար դատարանին, եթե Գլխավոր Ասամբլեան նրանց չի լիազորել։ Այդ մարմինները կարող են խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմել դատարանին միայն իրենց գործունեություն շրջանակներում ներառվող խնդիրներին առնչվող հարցերով[26]։ Դիմումը ստանալուց հետո դատարանը որոշում է, թե որ երկրներն ու կազմակերպությունները կարող են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը և նրանց հնարավորություն է տալիս գրավոր կամ բանավոր պնդումներ ներկայացնել։ Խորհրդատվական եզրակացությունները ընկալվում են որպես միջոց, որի շնորհիվ ՄԱԿ-ի գործակալությունները փորձում են լուծել այն բարդ իրավական խնդիրները, որոնք առնչվում են իրենց գործունեությանը։
Սկզբունքորեն դատարանի խորհրդատվական եզրակացությունները միայն խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանք ազդեցիկ և շատ տարածված են։ Ի սկզբանե որոշակի գործիքների և կարգավորումների շնորհիվ հնարավոր է համաձայնության գալ այն հարցի շուրջ, որ այդ եզրակացությունը պարտադիր է որոշ գործակալությունների և երկրների համար, սակայն դրանք չեն կարող պարտադրվել Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությամբ։ Եզրակացությունների չպարտավորեցնող բնույթը դեռ չի նշանակում, որ դրանք չունեն օրինական ազդեցություն, քանի որ դրանցում ներառված իրավական հիմքերը արտացոլում են միջազգային իրավունքի կարևորագույն հարցերի առնչությամբ այս դատարանի հեղինակավոր կարծիքը։ Այդ կարծիքը ներկայացնելով դատարանը հիմնվում է այն նույն օրենքների և գործընթացների վրա, որոնք իրականացվում են այդ մարմնի կողմից պարտադիր վճիռների ընդունման ժամանակ։
Խորհրդատվական եզրակացությունները ունեն նման կարգավիճակ և հեղինակություն, քանի օր նրանք պաշտոնապես հրապարակվում են ՄԱԿ-ի դատական մարմնի կողմից[27]։
Խորհրդատվական եզրակացությունները հաճախ հակասական են, քանի որ հակասական են քննարկվող հարցերը։ Հայտնի խորհրդատվական եզրակացության օրինակ է Միջուկային զենքի գործը։
94-րդ հոդվածը սահմանում է ՄԱԿ-ի բոլոր անդամների դատարանի կայացրած այն որոշումները բողոքարկելու պարտականությունները, որոնցում այդ մարմիններին անդրադարձ կա։ Եթե կողմերը չեն բողոքում, այդ հարցը քննարկվում է Անվտանգության խորհրդի կողմից՝ այդ որոշումը պարտադրելու միջոցների հարցը քննարկելու նպատակով։ Որոշումների պարտադրման այս մեթոդի կիրառման շուրջ ակնհայտ խնդիրներ են առաջանում։ Եթե այդ որոշումը Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների կամ նրանց դաշնակիցների դեմ է ուղղված, ցանկացած որոշման դեպքում այդ 5 երկրները կարող են կիրառել իրենց վետոյի իրավունքը։ Այսպիսի դեպք տեղի ունեցավ Նիկարագուայի գործի ժամանակ, երբ Նիկարագուան բողոքում էր ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի առջև դատարանի որոշումը չկատարելու համար[11]։ Ավելին, եթե Անվտանգության խորհուրդը մերժում է որևէ երկրի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը պարտադրել, այդ երկրին պարտադրելու այլ մեթոդներ չկան։ Ավելին, Անվտանգության խորհրդի համար գործունեության ամենաարդյունավետ միջոցը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն հարկադիր գործողությունների կիրառումն է, որը արդարացվում է այն դեպքում, երբ վտանգված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Այդ հոդվածը Խորհրդի կողմից դեռևս չի կիրառվել։
Արդարադատության միջազգային դատարանի և Անվտանգության խորհրդի միջև հարաբերությունների և նրանց միջև ուժերի բաժանման հարցը քննարկվեց դատարանում 1992 թվականին Պան Ամ-ի գործում։ Դատարանը պետք է ուսումնասիրեր սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով միջանկյալ միջոցների կիրառման Լիբիայի դիմումը։ Լիբիան պնդում էր, որ իր իրավունքները խախտվում են Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների սպառնալիքներ հնչեցնելու արդյունքում։ Խնդիրն այն է, որ այդ տնտեսական պատժամիջոցների կիրառումը լիազորված էր Անվտանգության խորհրդի կողմից։ Սա հակասություն առաջացրեց 7-րդ հոդվածով Անվտանգության խորհրդին վերագրվող գործառույթների և դատարանի դատական գործառույթների միջև։ 11 կողմ 5 դեմ ձայներով դատարանը որոշեց, որ չի կարող ժամանակավոր միջոցների կիրառում թույլատրել, քանի որ այն իրավունքները, որի պաշտպանությամբ հանդես է գալիս Լիբիան, որքան էլ որ օրինական համարվեն Մոնրեալի կոնվենցիայով, չեն կարող առաջին հայացքից (prima facie) համարվել անհետաձգելի, քանի որ այդ հարցով որոշում է ընդունել Անվտանգության խորհուրդը։ ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները գերակայություն ունեն պայմանագրային պարտավորությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, դատարանը 1998 թվականին հայտը ընդունելի համարեց[28]։ Որոշում, ըստ էության, չի հրապարակվել, քանի որ 2003 թվականին կողմերը (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Լիբիա) գործը դատարանից հետ են կանչել։
Դատարանի մեծամասնությունը չէր ցանկանում մասնակցություն ունենալ այն գործերի քննարկումներին, որտեղ կարող էին բացահայտ հակասություններ առաջ գալ Անվտանգության Խորհրդի հետ։ Նիկարագուայի գործում դատարանը պնդում էր, որ Անվտանգության խորհրդի գործողությունների և Դատարանի որոշման միջև ակնհայտ անհամապատասխանություն չկար։ Այնուամենայնիվ, եթե նմանատիպ հակասություններ ի հայտ են գալիս, խնդիրը լուծվում է ի օգուտ Անվտանգության խորհրդի։
Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում Դատարանի կայացրած որոշման արդյունքում իրեն վերաբերող պարտավորությունները, Անվտանգության Խորհրդին կարող են դիմել այս հարցում խորհրդատվություններ տալու կամ միջոցների մասին որոշումներ կայացնելու նպատակով, եթե ԱԽ-ն նմանատիպ գործողությունը անհրաժեշտ համարի։ Գործնականում, դատարանի իշխանությունը սահմանափակվում է պարտվողի կողմից դատարանի որոշումը իրականացնել չցանկանալով և Անվտանգության Խորհրդի կողմից այդ ամենի արդյունքում անհրաժեշտ հետևանքների պարտադրման անպատրաստակամությամբ։ Այնուամենայնիվ, տեսականորեն, գործում ընդգրկված կողմերի համար դատարանի վճիռը պարտադիր է, վճռական և ենթակա չէ բողոքարկման, և ստորագրելով կանոնադրությունը՝ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորություն են ստանձնում ենթարկվել Արդարադատության դատարանի վճիռներին, եթե դատական գործում ներառված են։
Օրինակ՝ ԱՄՆ-ն նախկինում՝ 1946 թվականին, ճանաչել էր դատարանի պարտադիր իրավասությունը, սակայն Նիկարագուան ընդդեմ Միացյալ Նահանգների գործից հետո հրաժարվեց այդ համաձայնությունից, քանի որ դատարանի որոշմամբ ԱՄՆ-ին կոչ էր արվում դադարեցնել և ձեռնպահ մնալ ուժի անօրինական կիրառումից Նիկարագուայի կառավարության դեմ։ Դատարանը որոշեց (միայն ամերիկացի դատավորն էր դեմ քվեարկել), որ ԱՄՆ-ն խախտել է Նիկարագուայի հետ բարեկամության պայմանագիրը, որով նախատեսվում էր ուժ չգործադրել Նիկարագուայի դեմ, և այդ վճռով ԱՄՆ-ին պարտադրվում էր ռազմական փոխհատուցում վճարել[11]։
Գործերը քննելիս դատարանը առաջնորդվում է միջազգային իրավունքով, ինչպես նշվում է Դատարանի ստատուտի 38-րդ հոդվածում ( Article 38), որում ասվում է, որ որոշում կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի միջազգային կոնվենցիաներով, միջազգային սովորույթով և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Սա վերաբերում է նաև ակադեմիական աշխատություններին (հանրային իրավունքի հարցերով առավել որակյալ մասնագետների դոկտրիններ) և դատական վճիռներին, որոնք օգնության են հասնում օրենքի մեկնաբանության ժամանակ, չնայած որ դատարանը պաշտոնապես պարտավորություն չունի սահմանափակվել նախկինում կայացրած իր որոշումներով՝ ըստ stare decisis-ի դոկտրինի։ 59-րդ հոդվածը ( Article 59) հստակեցնում է, որ նախադեպային կամ stare decisis ընդհանուր իրավունքի հասկացությունների վրա դատարանի որոշումները չեն ազդում։ Նրանք պարտադիր են միայն տվյալ գործում ներառված կողմերի համար։ 38-րդ հոդվածով Դատարանը կարող է վերանայել իր նախկին որոշումները։
Եթե կողմերը գալիս են համաձայնության, նրանք կարող են նաև ազատություն տալ դատարանին ընդունել ex aequo et bono (համաձայն հավասարության և խղճի կամ համաձայն բարու և արդարության)[39] որոշումներ, ինչը ազատություն է տալիս դատարանին ընդունել այնպիսի որոշում, որը արդար է տվյալ իրավիճակում։ Դատարանի պատմության ընթացքում այս կետը դեռ չի կիրառվել։ Մինչ օրս այս դատարանում քննվել է մոտ 130 գործ։
Արդարադատության միջազգային դատարանը օժտված է սեփական կանոնները սահմանելու ուժով։ Դատական գործընթացի իրականացումը սահմանված է 1978 թվականի Միջազգային դատարանի դատական կանոններով (ինչպես նշված է 2005 թվականի սեպտեմբերի 29-ի փոփոխությունների մեջ)[14]։
Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննվող գործերը քննվում են սովորական ընթացակարգով։ Գործը ներկայացվում է հայցվորի կողմից, ով գրավոր հուշագիր է կազմում, որտեղ նշված են դատարանի իրավասության հիմքերը և իր պահանջների էությունը։ Պատասխանողը կարող է ընդունել դատարանի իրավասությունը և ներկայացնել տվյալ գործի վերաբերյալ սեփական հուշագիրը՝ նշելով գործի վերաբերյալ իր տեսակետը։
Պատասխանողը, որը չի ցանկանում գործը Դատարանի իրավասությանը հանձնել, կարող է նախնական առարկություններ ներկայացնել։ Ցանկացած նմանատիպ առարկություն պետք է ուսումնասիրվի նախքան գործի բուն էության քննության սկսելը։ Հաճախ նախնական առարկությունների հարցով հանրային լսումներ են անցկացվում, և դատարանը որոշում է կայացնում։ Պատասխանողը սովորաբար առարկություն է ներկայացնում կա՛մ Դատարանի իրավասության կա՛մ գործի ընդունելի լինելու դեմ։ Անընդունելի լինելը վերաբերում է մի շարք փաստարկներին այն գործոնների մասին, որոնք պետք է հաշվի առնել իրավասությունը որոշելու ժամանակ։ Այդպիսի գործոն է այն փաստը, որ տվյալ գործի քննությունը արդարացված չէ կամ այն չի հանդիսանում իրավական վեճ։
Նախնական առարկություններ կարող են արվել նաև այն դեպքում, երբ բոլոր անհրաժեշտ կողմերը դատարանում ներկայացված չեն։ Եթե գործը պարտադրում է, որ Դատարանը որոշում կայացնի այն երկրի իրավունքների և պարտականությունների մասին, որը Դատարանի իրավասությունը չի ճանաչել, դատարանը այս հարցով որոշում չի կարող կայացնել։
Եթե Դատարանը որոշում է, որ ինքը իրավասու է և գործն էլ քննելի է, պատասխանողը պետք է լրացնի հուշագիր, որը վերաբերում է դիմողի պահանջներին։ Երբ բոլոր գրավոր փաստարկները բերված են, Դատարանը անց է կացնում հասարակական լսումներ։
Գործը ներկայացվելուց հետո կողմերից ցանկացածը (սովորաբար դիմողը) կարող է դիմել Դատարանին՝ գործի լսումների ընթացքում ստատուս քվոն պահպանելու հարցով։ Այսպիսի հրամանները հայտնի են ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ անվամբ և նույնական են Միացյալ Նահանգների օրենսդրության մեջ առկա միջնորդական կարգադրություններին։ Ստատուտի 41-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Դատարանին նմանատիպ կարգադրություններ անել։ Դատարանը նմանատիպ ժամանակավոր միջոցներ առաջարկելուց առաջ պետք է համոզվի, որ նման իրավասություն ունի։
Այն դեպքերում, երբ երրորդ երկրի շահերը շոշափվում են, այդ երկրին կարող է հնարավորություն տրվել միջամտել գործին և մասնակցել որպես լիիրավ կողմ։ 62-րդ հոդվածի համաձայն՝ իրավական բնույթ կրող շահեր ունեցող երկիրը կարող է դիմել, սակայն Դատարանի հայեցողությանն է թողնված այդ երկրի միջամտությունն ընդունելը կամ մերժելը։ Նմանատիպ հայցեր հազվադեպ են ներկայացվում, և առաջին հաջողություն ունեցած նմանատիպ հայցը ներկայացվել է 1991 թվականին։
Քննարկումներից հետո Դատարանը հարցնում է մեծամասնության կարծիքը։ Դատավորները որպես անհատներ կարող են համընկնող (եթե նրանց կարծիքը համընկնում է մեծամասնության կարծիքի հետ, սակայն համաձայն չեն հիմնավորմանը) կամ հակասող (երբ համաձայն չեն մեծամասնության որոշման հետ) կարծիք հայտնել։ Բողոքարկումն անհնար է, բայց կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Դատարանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք կա տարաձայնություն վճռի իմաստի և ծավալի միջև[40]։
Միջազգային դատարանը ենթարկվում է քննադատությունների իր կողմից ընդունված որոշումների, գործընթացների և իր իրավասությունների համար։ Ինչպես և ՄԱԿ-ի քննադատության դեպքում, այս դեպքում էլ այս քննադատությունների մեծ մասը ավելի շատ վերաբերում է Դատարանի ընդհանուր իրավասություններին, որը այս մարմնին շնորհել են հենց անդամ երկրները, այլ ոչ թե դատավորների կազմին և նրանց ընդունած որոշումներին առնչվող առանձին դեպքերին։ Քննադատությունները սովորաբար ներառում են հետևյալը[41][42][43].
Ժամանակավոր միջոցների դիմումի և խնդրանքի հիման վրա և դրա բանավոր հայցադիմումներով Հայաստանը պահանջել է՝
2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատարանը կիրառել է հետևյալ ժամանակավոր միջոցները. «Ադրբեջանը պարտավոր է միջազգային կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունների ներքո ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի հակամարտության առնչությամբ և մնում են ազատությունից զրկված, ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունն ու անվտանգությունը։ Միջոցներ կիրառել կանխելու ռասայական խտրականության և ատելության սերմանումը, այդ թվում՝ պետական կառույցների, պաշտոնատար անձանց կողմից՝ մասնավորապես հայերի նկատմամբ…»[45][46]։
2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունը պահանջ է ներկայացրել՝ պայմանական միջոցների կիրառության վերաբերյալ։ Հայաստանը նշել է, որ Ադրբեջանը կազմակերպել է Արցախում 120 հազար հայազգի անձանց՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը։ Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանի վարքագիծը կարող է անուղղելի վնաս պատճառել՝ վտանգելով մարդու շարժման և ընտանիքի ու մտերիմների հետ լինելու, սնունդ և բժշկական օգնություն ստանալու, խնամք, կրթություն, ցրտաշունչ ձմռան պայմաններում ջերմություն և էլեկտրականություն ունենալու իրավունքները[47]։
Հայաստանը պահանջել է, որ դատարանը կիրառի հետևյալ երկու ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարի աջակցել ու կազմակերպել ենթադրյալ բողոքի ցույցը, որով արգելափակվել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը և Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել միջանցքի շրջափակումը՝ ապահովելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը երկու ուղղություններով[47][48]։
2023 թվականի Արդարադատության միջազգային դատարանը համաձայն Հայաստանի պահանջի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու որոշում է կայացրել։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ Արցախի և Հյասատանի Հանրապետության միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ[46]։
Դատարանը գտել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանը խաթարում է բնական գազի մատակարարումը և այլ կոմունալ ծառայություններ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ըստ այդմ պահանջը հիմնավորված չէ[47]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.