Հռոմի պապերի ու հակապապերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի պապ (լատին․՝ Pontifex Romanus – «Հռոմի պոնտիֆիկոս», կամ լատին․՝ Pontifex Maximus – «վերին գերագույն պոնտիֆիկոս»), միջազգային իրավունքում՝ գերագույն անձ բացառիկ իրավունքներով (persona sui generis), քանի որ միաժամանակ տիրապետում է իշխանական երեք գործառույթների՝
- միապետ և Սուրբ աթոռի գերիշխան,
- Սուրբ Պետրոսի (Հռոմի առաջին եպիսկոպոս) հաջորդ – կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,
- Վատիկան քաղաք-պետության ղեկավար[Ն. 1]։
Վաղ քրիստոնյաների միությունները գլխավորող եպիսկոպոսների մասին տեղեկություններ պահպանվել են 2-րդ դարի աղբյուրներում։ Պապությունը ձևավորվել է եպիսկոպոսության հիմքի վրա 5-րդ դարում։ Մինչև 6-րդ դարը հռոմեական եպիսկոպոսները՝ որպես խոշոր հողատերեր, եկեղեցում գրավել են հատուկ դիրք, իսկ 6-րդ դարի կեսերին նրանք (որ արդեն կոչվում էին «պապ») դարձել են Հռոմի փաստացի ղեկավարներ։ 756 թվականին, Պիպին Կարճահասակից ստանալով Հռոմի շրջակայքում գտնվող տարածքները, Հռոմի պապը դարձել է Պապական մարզի աշխարհիկ ղեկավար։ 1059 թվականի Լաթերիանի եկեղեցական ժողովում հաստատվում է, որ Հռոմի պապն ընտրվում է բացառապես կարդինալների կողմից. մինչ այդ Հռոմի պապն այլ եպիսկոպոսների նման ընտրվում էր հոգևոր և աշխարհիկ բարձր դասերի ներկայացուցիչների կողմից։
Ֆրանսիական թագավորներից կախվածությանը փոխարինում է կախվածությունը Հռոմեական Սրբազան կայսրության ղեկավարներից, որոնք ակտիվորեն մասնակցում էին պապերի ընտրությանը։ Միջնադարում Հռոմի պապերը պայքարում էին աշխարհիկ կյանքի վրա նույնպես իշխելու համար։ 1309-1377 թվականներին Հռոմի պապերը գտնվում էին Ֆրանսիայի թագավորի ենթակայության տակ և բնակվում էին Ավինյոնում։ Օգտվելով այն հանգամանքից, որ Ֆրանսիան թուլացել էր Հարյուրամյա պատերազմի պատճառով, Գրիգոր 11-րդ Պապի նստավայրը կրկին տեղափոխում է Հռոմ։ 16-րդ դարում Ռեֆորմացիայի արդյունքում տեղի ունեցած եկեղեցական պառակտումը զգալիորեն թուլացրեց Հռոմի պապի ազդեցությունը։ Հռոմի պապի աշխարհիկ իշխանությունը վերացվել է 1870 թվականին Պապական մարզի լիկվիդացման ու միավորված Իտալիայի կազմի մեջ մտցնելուց հետո։ 1929 թվականին Հռոմի պապը Լաթերանյան պայմանագրերով կրկին ստացել է աշխարհիկ իշխանություն և դարձել Վատիկանի ղեկավար[1][2]։
Հռոմի պապը ցմահ ընտրվում է կարդինալների ժողովում (կոնկլավ) իր նախորդի մահից հետո (կամ հրաժարվելուց հետո, ինչը տեղի է ունենում հազվադեպ)[3]։ Այն բանից հետո, երբ կամերլենգոն՝ Կարդինալների կոլեգիայի ժամանակավոր ղեկավարը[4] պաշտոնապես հաստատում է Հռոմի պապի մահը, սկսվում է թափուր աթոռի (լատին․՝ Sede Vacante) ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև նոր պապի ընտրությունը։ Այդ ընթացքում Սուրբ աթոռն ու Հռոմեակաթոլիկական եկեղեցին ղեկավարում է Կարդինալնների կոլեգիան[5]։ Երբ նորընտիր Հռոմի պապը հայտարարում է, որ ընդունում է աթոռը (դա տեղի է ունենում ընտրվելուց անմիջապես հետո), պոնտիֆիկատը համարվում է սկսված։
Կոնկլավում ընտրվելուց անմիջապես հետո նոր պապն իր համար ընտրում է անուն և համապատասխան թիվ։ 1555 թվականից բոլոր Հռոմի պապերը փոխել են իրենց անունը ընտրվելուց հետո, թեև դա պաշտոնապես պարտադիր չէ։
Հակապապ, Կաթոլիկ եկեղեցում այդպես է կոչվում այն մարդը, ով ոչ օրինաբար է կոչվում պապ։ Այն, թե Սուրբ աթոռն զբաղեցնելու համար միաժամանակ դիմած անձանցից ով է դարձել օրինական պապ, իսկ ով՝ հակապապ, որոշվել է նրանցից մեկի կողմնակիցների պատմական «հաղթանակից» հետո։ Հակապապ ճանաչվածի կարգային համարը հետագայում հաշվի չի առնվում։ Չնայած նրան, որ եկեղեցին չի ճանաչում հակապապերին, ամեն տարի հրապարակվող Annuario Pontificio պաշտոնական տեղեկագրքում նրանց անունները նշված են փակագծերի մեջ[6]։