հայ մարդաբան, հնագետ, հասարակական գործիչ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8 (20), 1887[1][2][3], Քութայիս, Ռուսական կայսրություն[4][3] - փետրվարի 2, 1961[4][1][2][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][3]), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-1947)[7]։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ(1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ(1945)։
Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու և Վառվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր որդին[8]։ 1904 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, որտեղ նրան դասավանդել են Ս. Ժեբելյևը, Մ. Ռոստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։
Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։
1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։
1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավանդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։
Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը[9][10]։
1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա[11]։
Աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։
Հովսեփ Օրբելին ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրն է. դեռևս 1914- 1917 թթ., հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուսերեն) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966)։
Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ։
Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուսերեն և հայերեն, 1956)։
Հովսեփ Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս., 1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։
Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։
Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց։
Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուս., 1935)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.