Ընձառյուծ, հովազ, ինձ (լատին․՝ Panthere pardus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ընձառյուծ
Ընձառյուծ
Ընձառյուծ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ցեղ Հովազներ (Panthera)
Տեսակ Ընձառյուծ (P. pardus)
Միջազգային անվանում
Panthera pardus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ստուգաբանություն և անվանում

Հնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուծ, հովազ»)։

Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի հնդիրականակ «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»[1][2]

Արտաքին հատկանիշներ

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։ Կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։

Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։

Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ Հայաստան է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտում, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի դարանակալելով։

Բազմացումը

Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1-1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Տարածվածություն

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։

Հայաստանում

Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք կողքի վաղ հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով[3]։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 առանձնյակի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որը գտնվում էԳեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել[4]։ Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ, սակայն, 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։

Պահպանություն

Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ²։ Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ²։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձորից դեպի հյուսիս գտնվող տեղամասում։

Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում[5]։

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.