![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/%25D5%2580%25D5%25B8%25D5%25B6%25D5%25AB%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A1%25D5%25BA%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A2%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.svg/langhy-640px-%25D5%2580%25D5%25B8%25D5%25B6%25D5%25AB%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A1%25D5%25BA%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A2%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.svg.png&w=640&q=50)
Հոնիական ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Հոնիական ապստամբություն, ապստամբությունների շարք, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 499-493 թվականներին և ընդգրկել է Փոքր Ասիայի հունական մարզերը՝ Հոնիան, Էոլիան, Դորիան, Կիպրոսը, Կարիան։ Ապստամբության նպատակն էր ազատագրվել Աքեմենյան Պարսկաստանի տիրապետությունից։ Ապստամբության հիմքում ընկած էր հունական քաղաք-պետությունների՝ Պարսկաստանի կողմից նշանակված տիրանոսների դժգոհությունը, որոնց թվում էին Միլեթի տիրանոսներ Հիստիայոսը և Արիստագորասը։ Պարսիկները հոնիական քաղաքները գրավել էին դեռևս մ․թ․ա․ մոտ 540 թվականին, ինչից հետո այնտեղ իշխում էին տեղաբնիկ տիրանոսները, որոնք նշանակվում էին Սարդեսի պարսիկ սատրապի կողմից։ Մ․թ․ա․ 499 թվականին Միլեթի տիրանոսը՝ Արիստագորասը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, պարսից սատրապ Արտափրենեսի հետ միասին կազմակերպել է արշավանք, որի նպատակն էր գրավել Նաքսոս կղզին։ Նրանց արշավանքը չի հասել իր նպատակին և ձախողվել է, ինչից հետո Արիստագորասը, կանխազգալով, որ Դարեհ Մեծը հեռացնելու է իրեն իր պաշտոնից, որոշել է ամբողջ Հոնիան ապստամբության մեջ ներքաշել ընդդեմ պարսից արքայի։
Հոնիկան ապստամբություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հույն-պարսկական պատերազմներ | |||||||||||
![]() Հոնիական ապստամբության ռազմական գործողությունների սխեման | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հոնիա, Էոլիա, Դորիա, Կարիա, Աթենք, Երետրիա, Կիպրոս | ![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Արիստագորաս, Խարոպինոս, Հերմոֆանտոս, Էվալկիդես, Մելանթիոս, Դիոնիսոս Փոկեացի, Հիստիայոս, Հեկատեոս Միլեթացի, Օնեսիլոս |
Մեգաբատես, Արտափրենես, Դավրիսոս, Օտանես, Դատիս |
Հույն-պարսկական պատերազմներ |
---|
Հոնիական ապստամբություն, Պարսիկների առաջին ներխուժում, Պարսիկների երկրորդ ներխուժում, Հույների հակագրոհ, Աթենական ծովային միության պատերազմներ |
Մ․թ․ա․ 498 թվականին Աթենքից և Երետրիայից ստանալով ռազմական օգնություն՝ հոնիացիները արշավել են դեպի Սարդես, գրավել և այրել այն։ Այնուամենայնիվ, նրանց՝ դեպի Հոնիա վերադարձի ժամանակ նրանք հետապնդվել են պարսկական զորքի կողմից և պարտություն կրել վերջիններից Եփեսոսի ճակատամարտում։ Այս արշավանքը հոնիացիների միակ հարձակողական գործողությունն էր, ինչից հետո նրանք պաշտպանողական դիրք են բռնել։ Մ․թ․ա․ 497 թվականին պարսիկները երեք գրոհ են կազմակերպել, որպեսզի գրավեն ապստամբած հեռավոր շրջանները, սակայն ապստամբությունը շուտով տարածվել է նաև դեպի Կարիա, ինչի արդյունքում Դավրիսոսի ղեկավարությամբ մի մեծ բանակ տեղակայվել է այնտեղ։ Չնայած սկզբնական հաջողությունների՝ այդ բանակը Պեդասոսի ճակատամարտում ընկել է ծուղակը և ոչնչացվել։ Այս ամենի արդյունքում մ․թ․ա․ 496 և 495 թվականներին տիրող դրությունը ոչ մի կողմից համար լիարժեք հաղթանակ չէր։
Մինչև մ․թ․ա․ 494 թվականը պարսկական զորքը և նավատորմը վերակազմավորվել է, ինչից հետո այն դիմել է դեպի ապստամբության էպիկենտրոն՝ Միլեթ։ Հոնիական նավատորմը ձգտում էր ծովի կողմից պաշտպանել Միլեթը, սակայն պարսիկները սամոսցիների դավաճանությունից հետո կարողանում են հույների նկատմամբ հաղթանակի հասնել Լադեի ճակատամարտում։ Այս ամենից հետո Միլեթը պաշարվել է, գրավվել, իսկ Միլեթի բնակչությունը հպատակվել է պարսկական իշխանությանը։ Այս կրկնակի պարտությունը հանդիսացել է ապստամբության ավարտը, ինչից հետո Կարիան ևս հանձնվել և հպատակություն է հայտնել պարսիկներին։ Պարսկական ուժերը մ․թ․ա․ 493 թվականն անց են կացրել արևմտյան ափի ապստամբ քաղաքները հպատակեցնելով, ինչից հետո Հոնիայի հետ կքնվել է հաշտություն։
Հոնիական ապստամբությունը համարվում է առաջին մեծ կոնֆլիկտը հույների և Աքեմենյան Պարսկաստանի միջև, ինչպես նաև Հույն-պարսկական պատերազմների առաջին փուլը։ Չնայած ապստամբությունից հետո Փոքր Ասիան նորից անցել է պարսկական իշխանության ներքո, Դարեհ I-ը երդվել էր պատժել Աթենքին և Երետրիային, քանի որ նրանք ռազմական օգնություն էին ցուցաբերել ապստամբներին։ Դեռ ավելին, հասկանալով, որ հունական բազմաթիվ քաղաք-պետությունները մշտական վտանգ են սեփական պետության արևմտյան սահամնների համար՝ Դարեհը, ըստ Հերոդոտոսի, որոշել էր գրավել ամբողջ Հունաստանը։ Մ․թ․ա․ 492 թվականին սկսվել է Պարսկական առաջին ներխուժումը Հունաստան, որը համարվում է Հոնիական ապստամբության ուղղակի հետևանք, ինչպես նաև Հույն-պարսկական պատերազմների հաջորդ՝ երկրորդ փուլը։