Հիսուս
քրիստոնեության գլխավոր անձը / From Wikipedia, the free encyclopedia
Հիսուս (հին հունարեն՝ Ἰησοῦς Iēsûs, եբրայերեն՝ ישו Yēšū́a, ինչպես նաև Հիսուս Նազովրեցի կամ Հիսուս Քրիստոս[Ն 1], ոչ վաղ քան մ. թ. ա. 6 և ոչ ուշ քան մ. թ. ա. 4, Բեթղեհեմ, Հորդանանական Հուդեա, Հռոմեական կայսրություն[1] - ապրիլի 7, 30 կամ ապրիլի 3, 33, Գողգոթա, Հրեաստան, Երուսաղեմ, Հռոմեական կայսրություն[2]), քրիստոնեության գլխավոր անձը[6], առաջին դարի կրոնական քարոզիչ և կրոնական առաջնորդ[7]։ Ըստ Քրիստոնեական Աստվածաշնչի Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Մեսիան»[8]։
Հիսուս արամեերեն՝ ישו | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 6 և ոչ ուշ քան մ. թ. ա. 4 |
Ծննդավայր | Բեթղեհեմ, Հորդանանական Հուդեա, Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 7, 30 կամ ապրիլի 3, 33 |
Մահվան վայր | Գողգոթա, Հրեաստան, Երուսաղեմ, Հռոմեական կայսրություն[2] |
Գերեզման | անհայտ, Սուրբ Հարության տաճար, Talpiot Tomb[3], Garden Tomb, empty tomb և Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Հորդանանական Հուդեա |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | Galilean dialect? |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | անհայտ |
Ազդվել է | Հովհաննես Մկրտիչ |
Երկեր | Հիսուս Քրիստոսի հրաշքներ[2], Հիսուս Քրիստոսի աղոթքներ[2] և Հիսուս Քրիստոսի առակներ[4] |
Մասնագիտություն | քարոզիչ, մարգարե, ատաղձագործ, ռաբբի, սքանչելագործ, կրոնական առաջնորդ, բժշկող, Մեսիա, քարոզիչ, ուսուցիչ, կրոնների հիմնադիր, tektōn և pastor |
Աշխատավայր | անհայտ |
Ամուսին | անհայտ |
Ծնողներ | հայր՝ Սուրբ Հովսեփ[2] և Հայր Աստված[5], մայր՝ Մարիամ Աստվածածին[5] |
Զբաղեցրած պաշտոններ | մարգարե |
Անդամություն | Երրորդություն |
Jesus Christ Վիքիպահեստում |
Գրեթե բոլոր ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Հիսուսը պատմական անձնավորություն է։ Նա Հովհաննես Մկրտչի կողմից մկրտված գալիլեացի հրեա էր[7], որը հետագայում սկսել է իր սեփական ծառայությունը՝ իր ուղերձը բանավոր քարոզելով[9], և հիշատակվել է որպես «րաբբի» (ուսուցիչ)[10]։ Հիսուսը բանավիճել է այլ հրեաների հետ՝ ինչպես ճշմարիտ կերպով հետևել Աստծուն, իրականացրել է մարդկանց բժշկումներ, սովորեցրել է առակներով և իր շուրջը հավաքել հետևորդներ[11][12]։ Նա ձերբակալվել է և հանձնվել հրեական ատյանին[13], ապա՝ հռոմեական իշխանություններին և Հրեաստանի (Հուդա) հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացու հրամանով դատապարտվել մահվան խաչելության միջոցով[11]։
Հիսուսը ծնվել է Սուրբ Հոգուց` Մարիամ կույսից, գործել հրաշքներ, հիմնել Եկեղեցին, մահացել խաչի վրա մարդկության մեղքերի քավության համար, հարություն առել մեռյալներից և համբարձվել երկինք, որտեղից նա վերադառնալու է[14] (տե՛ս նաև Նիկիո հավատի հանգանակ)։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն իր մահվան միջոցով հնարավորություն է տվել իրեն հավատացող մարդկանց մաքրվել մեղքերից և հաշտվել Աստծո հետ[15]։ Քրիստոնյաների մեծամասնությունը երկրպագում են Հիսուսին որպես Աստծո Որդու։
Հիսուսի ծնունդը սովորաբար նշվում է դեկտեմբերի 25-ին (որոշ արևելյան եկեղեցիների կողմից` հունվարի սկզբներին, Հայ առաքելական եկեղեցու կողմից` հունվարի 6-ին` Հիսուսի մկրտության տոնի հետ միասին) և որպես տոն հայտնի է Սուրբ ծնունդ անվամբ։ Նրա խաչելությունը հարգվում է Ավագ Ուրբաթ օրը, իսկ հարությունը նշվում Զատկին։
Լայնորեն կիրառվող ՔՀ ժամանակաշրջանի օրացույցը (լատիներենում՝ «anno Domini» ՝«Տիրոջ տարի»), և դրան համարժեք այլընտրանքը( մ.թ.) հիմնվում է Հիսուսի ծննդյան մոտավոր թվականի վրա[16][Ն 2]։
Հիսուսը հիշատակվում է նաև ոչ քրիստոնեական կրոններում և նոր կրոնական շարժումներում։ Իսլամում Հիսուսը (անունը սովորաբար տառադարձվում է Իսա) համարվում է Աստծո կարևոր մարգարեներից մեկը և «Մեսիա»[18][19][20]։ Մուսուլմանները հավատում են, որ նա մարգարե է, ով ծնվել է կույսից, բայց նրան չեն համարում Աստծո Որդի։ Ըստ Ղուրանի՝ Հիսուսը խաչվել, սպանվել է առերևույթ, իսկ իրականում ֆիզիկապես համբարձվել է երկինք` Աստծո մոտ։ Հուդայականությունը մերժում է, որ Հիսուսը հրեաների սպասված օծյալն է (մեսիա)՝ գտնելով, որ նա չի համապատասխանում օծյալի մասին Հին Կտարակարնի մարգարեություններին, օժտված չէ աստվածային բնությամբ և հարություն չի առել[21]։