Հիպերթիրեոզ
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերթիրեոզ՝ վիճակ, որն առաջանում է վահանագեղձի կողմից նրա հորմոնների գերարտադրության պատճառով[3]։ Թիրեոտոքսիկոզ ցանկացած պատճառից առաջացած թիրեոիդ հորմոնների ավելցուկ, որը իր մեջ ներառում է նաև հիպերթիրեոզը[3]։ Այս տերմինները երբեմն օգտագործում են իրար փոխարեն[4]։ Ախտանիշները և նշանները ներառում են գրգռվածությունը, մկանային թուլությունը, քնի խանգարումները, տախիկարդիան, տաքության անտանելիությունը, լուծը, խպիպը, ձեռքերի դողը և քաշի կորուստը[1]։ Ախտանիշները ավելի քիչ են լինում մեծ տարիքում և հղիության ժամանակ[1]։ Հազվադեպ բարդություն է թիրեոտոքսիկ կրիզը, որի դեպքում տարբեր պատճառներից, օրինակ՝ ինֆեկցիայից ախտանիշները դառնում են ավելի արտահայտված, ջերմությունը ավելի է բարձրանում և կարող է ավարտվել մահով[2]։ Հակառակ վիճակը հիպոթիրեոզն է, որի դեպքում վահանագեղձը անբավարար է արտադրում թիրեոիդ հորմոններ[5]։
Հիպերթիրեոզ Hyperthyreosis | |
---|---|
Տրիյոդթիրոնին (T3) և Թիրոքսին (T4), որոնք վահանագեղձի հորմոնների տեսակներն են | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Գրեյվսի հիվանդություն, բազմահանգուցային խպիպ, տոքսիկ ադենոմա, թիրոիդիտ (վահանագեղձի բորբոքում), յոդի ավելցուկ, արհեստական թիրեոիդ հորմոնի շատ օգտագործում[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Դյուրագրգռություն, մկանային թուլություն, քնի խանգարումներ, տախիկարդիա, տաքության անտանելիություն, լուծ, խպիպ (զոբ), քաշի կորուստ[1] |
Վնասում է | Վահանագեղձ |
Բժշկական մասնագիտություն | Ներզատաբանություն |
Ախտորոշում | Հիմնվում է ախտանիշների վրա և հաստատվում է արյան քննությամբ[1] |
Բուժում | Ճառագայթային բուժում, դեղորայք, վիրահատություն[1] |
Հաճախություն | 1.2% (ԱՄՆ)[3] |
Սկիզբը | 20–50 տարեկան[2] |
Hyperthyroidism Վիքիպահեստում |
Հիպերթիրեոզի դեպքերի 50%-80%-ի պատճառը ԱՄՆ-ում Գրեյվսի հիվանդությունն է[1][6]։ Այլ պատճառները ներառում են՝ բազմահանգուցային խպիպը, տոքսիկ ադենոման, թիրեոիդիտը (վահանագեղձի բորբոքում), յոդի և վահանագեղձի արհեստական հորմոնների շատ օգտագործումը[1][2]։ Ավելի հազվադեպ պատճառ է հիպոֆիզի ադենոման[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների, նշանների վրա և հաստատվում է արյան քննությամբ[1]։ Արյան քննության արդյունքները ցույց են տալիս ԹՏՀ (Թիրեոտրոպ հորմոն) ցածր մակարդակ և բարձրացած տրիյոդթիրոնինի T3 կամ թիրոքսինի T4 մակարդակ։ Ռադիոակտիվ յոդի զավթումը վահանագեղձի կողմից, թիրեոիդ սկանավորումը և թիրեոիդ հակամարմինների քանակի որոշումը օգնում են տարբերակել պատճառը[1]։
Բուժումը կախված է պատճառից և արտահայտվածության աստիճանից[1]։ Կան բուժման 3 հիմնական միջոցներ, որոնցից են ռադիոակտիվ յոդով թերապիան, դեղորայքը և վիրահատությունը[1]։ Ռադիոակտիվ յոդով թերապիայի դեպքում պեր օրալ տրվում է յոդ-131, որը կուտակվում է վահանագեղձում և շաբաթների կամ ամիսների ընթացքում վերացնում է հյուսվածքը[1]։ Որպես հետևանք առաջանում է հիպոթիրեոզ, որի դեպքում նշանակում են բուժում վահանագեղձի արհեստական հորմոններով[1]։ Բետա-պաշարիչների օգտագործումը կարող է կառավարել ախտանիշները, իսկ հակաթիրեոիդ դեղերը, որոնցից է մեթիմազոլը, կարող են ժամանակավորապես օգնել[1]։ Վիրահատություն կատարում են շատ մեծ վահանագեղձի կամ քաղցկեղի դեպքում[1]։ ԱՄՆ-ում հիպերթիրեոզը ախտահարում է բնակչության 1.2%-ին[3]։ Այն 2-ից 10 անգամ ավելի հաճախ է զարգանում կանանց մոտ[1]։ Սկիզբը 20-ից 50 տարեկանում է[2]։ Ընդհանուր առմամբ հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ[1]։ Համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների, 2007 թվականին հիպերթիրեոզ ախտորոշվել է առաջին անգամ 458 մարդկանց մոտ, իսկ 2334 մարդ արդեն ունեցել է այդ խնդիրը։ 2006 թվականին գրանցվել է հիպերթիրեոզի 2563 դեպք, կամ 368-ով շատ ի համեմատ 2005 թվականի տվյալների։ Գրանցված դեպքերից 724 մարդու մոտ հիպերթիրեոզը հայտնաբերվել է առաջին անգամ, որը 300-ով ավելի շատ է 2005 թվականի տվյալի համեմատ[7]։