From Wikipedia, the free encyclopedia
Հերադա Լանդսբերգցի (լատին․՝ Herrada Landsbergensis; 1130[1][2][3][…] - հուլիսի 25, 1195[4], Mont Sainte-Odile, Ներքին Ռեն, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5]), 12-րդ դարի էլզասցի միանձնուհի, Վոգեզներում տեղակայված Հոհենբուրգի աբբայության մայրապետ, ով համարվում է Hortus deliciarum («Վայելքի այգի») խորագիրը կրող միջնադարյան պատկերազարդ հանրագիտարանի հեղինակը։
Հերադա Լանդսբերգցի լատին․՝ Herradis Landsbergensis | |
---|---|
Ծնվել է | 1130[1][2][3][…] |
Մահացել է | հուլիսի 25, 1195[4] |
Մահվան վայր | Mont Sainte-Odile, Ներքին Ռեն, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Երկեր | Hortus deliciarum? |
Մասնագիտություն | մանրանկարչուհի, գրող, փիլիսոփա, Christian nun և արվեստագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Վանամայր |
Herrad von Landsberg Վիքիպահեստում |
Հերադան ծնվել է մոտավորապես 1130 թվականին, էլզասցի ազնվական ընտանիքի նստավայր հանդիսացած Լանդսբերգ ամրոցում։ Վաղ հասակում մտել է լեռներում առանձնացված Հոհենբուրգի աբբայություն, որը գտնվում էր Վոգեզներում՝ Ստրասբուրգ քաղաքից տասնհինգ մղոն հեռավորության վրա։ Աբբայությունը, որ հայտնի էր նաև Mont St Odile անվանումով, այդ տարիներին կառավարվում էր Բավարիայից՝ Բերգենի բենեդիկտյան վանքից ուղարկված մայրապետ Ռելինդայի կողմից։ Շնորհիվ այն բանի, որ Հռոմեական սրբազան կայսրության կայսր Ֆրեդերիկ Առաջինը հովանավորում, աջակցում էր նրան, աբբայությունը ծաղկման ու բարգավաճման ուղին էր բռնել, վերածվել բարեփոխումների ակունքի։ Եվ Հերադան վանքում ստացել է տասներկուերորդ դարում աղջիկներին մատչելի լավագույն կրթությունը։ Հասակ առնելու հետ՝ նրան պատասխանատու գործեր են վստահել միաբանությունում, ընդհուպ՝ մինչև երիտասարդ միանձնուհիների կրթության կազմակերպումը և նրանց կառավարումը[7]։ Ու պատահական չէ, որ 1167 թվականին՝ Ռելինդայի մահից հետո, հենց նա է ընտրվել աբբայության մայրապետ[8]։
Այդ պաշտոնում Հերադան բուռն, եռանդուն գործունեություն է ծավալել, վերակառուցել է վանքը, շրջակայքում ձեռք բերել նոր հողեր՝ որպես միաբանության սեփականություն[9]։ Միով բանիվ՝ դրսևորել է իրեն իբրև ունակ և միանձնուհիների անկեղծ սերը արժանիորեն վայելող մայրապետ։ Հենց այդ ժամանակ է, որ նա սկսել է աշխատել Hortus Deliciarum-ի վրա։ Մինչև իր մահը՝ շուրջ երեք տասնամյակ, Հերադան ծառայել է որպես վանքի մայրապետ։ 1195 թվականին նրան այդ պաշտոնում փոխարինել է Ադելհեյդ Ֆեյմինգենցին[10][11]։
1159 թվականին Հերադան վանքի պատերի ներսում ձեռնամուխ է եղել իր հոյակապ մտահղացման իրականացմանը՝ Hortus Deliciarum-ի արարմանը, որը լինելու էր այն ժամանակներում ուսուցանվող բոլոր գիտությունները հանրագումարող և գրավիչ մի ժողովածու։ Այն գրվել է միաբանության միանձնուհիների համար և ըստ մայրապետի մտահղացման՝ պիտի դառնար ամուր մի հիմք, որի վրա բարձրացվելու էր նրանց աստվածաշնչյան, բարոյական, աստվածաբանական հետագա կրթության ու դաստիարակության կառույցը։ Մեծածավալ այդ գիրքը, ճաշակով ու վարպետորեն արված պատկերազարդումներով հանդերձ, լույս աշխարհ է եկել քսանվեց տարում[12] :
Ձեռագիրը բաղկացած է մագաղաթյա 324 մեծադիր թերթերից[13]։ Բնագրի մեծագույն մասը լատիներեն է։ Կան նաև շուրջ 1250 գերմաներեն գլոսսաներ՝ եզրույթներ՝ գերմաներեն ընդարձակ մեկնաբանություններով[14]։ Ընթերցողների առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում 336 պատկերները, որ զարդարում են ձեռագիր մատյանը։ Դրանցից շատերը խորհրդանիշային տեսքով արտացոլում են աստվածաբանական, փիլիսոփայական, գրական, պատմական թեմաներ, մի քանիսում պատկերված է արհեստավորների, նկարչի, ձեռագիրը պատրաստողների աշխատանքը, իսկ մեկում էլ հեղինակը պատկերել է իր դավանակից-հավատակից քույրերին։ Պատկերազարդումն արված է բարձր ճաշակով ու մեծ ներշնչանքով, նկարներում Հերեդան երևակայության բարձր թռիչքով ներդրել է արվեստագետին հատուկ այնպիսի պատկերավորություն, որ խիստ հազվագյուտ էր նրա ապրած ժամանակներում։
«Վայելքի այգի»-ն եղել է միջնադարում ամենից շատ ընդօրինակված ձեռագրերից մեկը։ Դարերի ընթացքում այլ հեղինակներ ու նկարիչներ լրացումներ են կատարել, նոր նյութերով հարստացրել հանրագիտարանը։ Կարծիք կա նույնիսկ, որ բնագրի վրա աշխատանքների զգալի մասը ոչ թե Հերադան է կատարել, այլ՝ վանքի ուրիշ միանձնուհիներ՝ նրա հսկողությամբ ու ղեկավարությամբ։ Սակայն կարելի է ապացուցված համարել, որ գրքում տեղ գտած բանաստեղծությունների, օրհներգերի մեծագույն մասի հեղինակը հենց Հերադան է։
Հարյուրավոր տարիներ Հոհենբուրգի վանքում պահվելուց հետո՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Hortus Deliciarum-ի ձեռագիրը փոխանցվել է Ստրասբուրգի քաղաքային գրադարանին։ Այդտեղ գտնված ժամանակ Քրիստիան Մորից Էնգելհարդը ընդօրինակել է ձեռագրի մանրանկարները և 1818 թվականին հրատարակել Շտուտգարտում՝ Յոհան Ֆրիդրիխ Կոտտայի տպագրատանը[15]։ Իսկ բնագիրը ամբողջությամբ ընդօրինակվել ու տպագրվել է 1879-1899 թվականներին՝ Շտրաուբի և Քելլերի կողմից, ընդ որում՝ Հերադայի նկարների որոշ գունավոր ընդօրինակումներ կատարել էր Վիլհելմ Շտենգելը[16]։ Այս կերպ պահպանվել է Hortus Deliciarum-ը, և մենք կարող ենք դիտել, հիանալ, գնահատել Հերադայի ստեղծագործությունը՝ իր գրական ու նկարչական արժանիքներով, թեև բնագիրը ոչնչացվել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ՝ 1870 թվականին, երբ պաշարված Ստրասբուրգ քաղաքի առանձին թաղամասեր, բողոքական ճեմարանն ու գրադարանը հրդեհվել են[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.