Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում
From Wikipedia, the free encyclopedia
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists), ավելի քան 100 երկրներից 280 հետաքննող լրագրողներից և գրեթե 100 մեդիա կազմակերպություններից կազմված համաշխարհային անկախ ցանց[3]։ Գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, աշխատակիցներ կան նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Սերբիայում, Բելգիայում և Իռլանդիայում[4]։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1997 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Ղեկավար | Ջերարդ Ռայլ |
Վերադաս կազմակերպություն | Հանրային ամբողջականության կենտրոն |
Հիմնադիր | Հանրային ամբողջականության կենտրոն և Charles Lewis? |
Պարգևներ | |
Կայք | icij.org(անգլ.) |
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը 1997 թվականին հիմնադրել է ամերիկացի լրագրող Չարլզ Լյուիսը՝ որպես Հանրային ամբողջականության կենտրոն ՀԿ-ի (անգլ.՝ Center for Public Integrity) նախաձեռնություն[5]։ Նպատակն էր բացահայտել հանցագործություններն ու կոռուպցիան, որոնք դուրս էին գալիս ազգային սահմանների շրջանակից։ 2017 թվականին ցանցը դարձավ ամբողջովին անկախ կազմակերպություն, որն ավելի ուշ ստացավ հասարակական կազմակերպության կարգավիճակ (501(c)(3))։ Կոնսորցիումը հետաքննում է բազմազան հարցեր՝ կապված միջսահմանային հանցագործությունների, կոռուպցիայի և իշխանությունների հաշվետվողականության հետ[6][7]։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտել է միջազգային ծխախոտագործական ընկերությունների կողմից հարկերից խուսափման և մաքսանենգության դեպք (2000)[8] և հետաքննության նոր հիմք ստեղծել՝ հանրայնացնելով Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ռազմական պայմանագրերը[6][7][9]։
«Պանամայի փաստաթղթերը» ավելի քան 100 մեդիա կազմակերպությունների համագործակցության արդյունք էր[10]՝ ներառյալ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) անդամները[11], տվյալների վրա աշխատող լրագրողները։ Հետաքննության մի մասը հրապարակվել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ գրավելով համաշխարհային մեդիայի ուշադրությունը[12][13]։ Պանամայում գործող «Mossack Fonseca» իրավաբանական ընկերության 11.5 մլն գաղտնի ֆինանսական և իրավական փաստաթղթերի արտահոսքը պարունակում էր մանրամասն տեղեկատվություն ավելի քան 14000 հաճախորդների և ավելի քան 214000 օֆշորային կազմակերպությունների մասին, այդ թվում՝ բաժնետերերի և տնօրենների անուններ, որոնք հայտնի անձնավորություններ էին, պետության ղեկավարներ[14], պետական պաշտոնյաներ, ավելի քան 40 երկրների կառավարությունների ղեկավարներ կամ նրանց մերձավորներ[14][15][16]։ Գերմանական «Süddeutsche Zeitung» թերթն առաջինը ստացավ արտահոսած տվյալներն անանուն աղբյուրից 2015 թվականին[14]։ «Mossack Fonseca»-ի փաստաթղթերի վրա մեկ տարի աշխատելուց հետո Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տնօրեն Ջերարդ Ռայլը նկարագրել է, թե ինչպես է օֆշորում գրանցված կազմակերպությունը «օգնել ընկերություններին և անձանց ստանալ հարկային արտոնություններ»՝ ներառյալ այն անձանց ու կազմակերպություններին, որոնց նկատմամբ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը պատժամիջոց էին կիրառել, քանի որ կապված են եղել Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ[17]։