Հարրի Փոթեր (վիպաշար)
From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրվում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում է ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթեր (այլ կիրառումներ)
Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում են ստացել ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)[6]։ Վերջին չորս գրքերը հաջորդաբար ռեկորդ են սահմանել` ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։
Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենտեզի, արկածային, դետեկտիվ, թրիլլեր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն համարվում է մանկական գրականություն։
Գրքի հրատարակությամբ սկզբում զբաղվել են Bloomsbury (Միացյալ թագավորություն) և Scholastic Press (ԱՄՆ) հրատարակչությունները, սակայն հետագայում գրքերը բազմիցս հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից ողջ աշխարհում։
Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures կինոընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին։ Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար։