From Wikipedia, the free encyclopedia
Հաշիմոտոյի թիրեոիդիտ (այլ կերպ՝ քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտ կամ Հաշիմոտոյի հիվանդություն)՝ աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը աստիճանաբար դեստրուկցիայի(կազմաքանդման) է ենթարկվում[1][2]։ Վաղ փուլերում կարող է ընթանալ առանց ախտանիշների[1]։ Ժամանակի ընթացքում գեղձը կարող է չափերով մեծանալ՝ ձևավորելով ոչ ցավոտ խպիպ[1]։ Որոշ մաարդկանց մոտ ի վերջո զարգանում է հիպոթիրոիդիզմ, որը ուղեկցվում է քաշի ավելացմամբ, հոգնածությամբ, փորկապությամբ, դեպրեսիայով և ընդհանուր ցավերով[1]։ Տարիների ընթացքում վահանագեղձը փոքրանում է[1]։ Հնարավոր բարդություններից է վահանաձև գեղձի լիմֆոման[3]։
Հաշիմոտոյի թիրեոիդիտ | |
---|---|
Տեսակ | աուտոիմունային հիվանդություններ |
Հիվանդության ախտանշաններ | anti-thyroid autoantibodies? |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 245.2 |
ՀՄԴ-10 | E06.3 |
Անվանվել է | Hakaru Hashimoto? |
Hashimoto's thyroiditis Վիքիպահեստում |
Հաշիմոտոյի թիրեոիդիտը զարգանում է ժառանգական և էկոլոգիական գործոնների համակցման արդյունքում[4]։ Ռիսկի գործոններն են այլ աուտոիմուն հիվանդության առկայությունը և Հաշիմոտոյի հիվանդության ընտանեկան պատմությունը[1]։ Ախտորոշումը հաստատվում է արյան մեջ ԹՏՀ-ի, թիրոքսինի և հակաթիրեոիդային աուտահակամարմինների քննությունների հիման վրա[1]։ Նման ախտանիշներ են դրսևորվում նաև Գրեյվսի հիվանդության և ոչ տոքսիկ հանգուցավոր խպիպի դեպքում[5]։
Հաշիմոտոյի հիվանդության բուժման համար հիմնականում օգտագործվում է լևոթիրոքսինը[1][6]։ Հիպոթիրոիդիզմի բացակայության դեպքում բուժման անհրաժեշտության մասին մասնագետները միակարծիք չեն՝ որոշները գտնում են, որ գեղձի չափը կարգավորելու համար բուժման կարիք կա, մյուսները՝ ոչ[1][7]։ Հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել մեծ քանակով յոդ պարունակով սննդի ընդունումից, այնուամենայնիվ օրգանիզմին անհրաժեշտ է բավարար քանակով յոդ, հատկապես՝ հղիության ընթացքում[1]։ Խպիպի բուժման համար վիրահատական միջամտություն հազվադեպ է պահանջվում[5]։
Հաշիմոտոյի հիվանդությամբ տառապում է պոպուլյացիայի մոտ 5%-ը[4]։ Հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս 30-50 տարեկան հասակում և շատ ավելի տարածված է կանանց մոտ[1][8]։ Հանդիպման հաճախականությունը աճում է[5]։
Հաշիմոտոյի հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1912 թվականին ճապոնացի բժիշկ Հակարու Հաշիմոտոյի կողմից։ 1957 թվականին բացահայտվել է հիվանդության աուտոիմուն բնույթը[9]։
Կան մի շարք ախտանիշներ, որոնք բնորոշ են Հաշիմոտոյի թիրեոիդիտին։ Դրանցից ամենատարածվածներն են՝ գերհոգնածություն, քաշի ավելացում, գունատ կամ ուռած դեմք, հոդացավ և մկանացավ, փորկապություն, ցրտի սուբյեկտիվ զգացողություն, չոր և ճյուղավորված մազեր, առատ դաշտան և դաշտանային ցիկլի խանգարում, դեպրեսիա, տագնապային խանգարում, դանդաղասրտություն (բրադիկարդիա), անպտղություն և ընդհատվող հղիություններ[10]։
Կանայք 7 անգամ ավելի հաճախ են հիվանդանում Հաշիմոտոյի հիվանդությամբ, քան տղամարդիկ։ Կարող է ախտորոշվել դեռահասների և երիտասարդ կանանց մոտ, բայց առավել բնորոշ է միջին տարիքի անձանց, հատկապես՝ տղամարդկանց դեպքում։ Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդները, որպես կանոն, ունեն աուտոիմուն թիրեոիդով կամ այլ աուտոիմուն հիվանդություններով տառապող հարազատներ, և երբեմն իրենք էլ ունեն այլ աուտոիմուն հիվանդություն[11]։
Քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտը կարող է հանգեցնել վահանագեղձի կարծրացման, չափերի մեծացման և բլթակավորման, սակայն հնարավոր է փոփոխությունները չհայտնաբերվեն շոշափմամբ[12]։ Վահանագեղձի չափերի մեծացումը ավելի շուտ լիմֆոցիտար ինֆիլտրատի և Ֆիբրոզի հաշվին է, քան հյուսվածքի հիպերտրոֆիայի (գերաճի)։ Թիրեոիդ պերօքսիդազայի (ԹՊՕ) (այլ կերպ՝TPOAb) և/կամ թիրեոգլոբուլինի նկատմամբ առաջացած հակամարմինները առաջացնում են վահանաձև գեղձի ֆոլիկուլների աստիճանական ոչնչացում։ Համապատասխանաբար, հիվանդությունը կարող է ախտորոշվել արյան մեջ այդ հակամարմինների հայտնաբերման հիման վրա։ Այն նաև բնորոշվում է լեյկոցիտների և T-լիմֆոցիտների թափանցմամբ վահանագեղձի հյուսվածք։ Հազվադեպ, բայց վտանգավոր բարդություն է վահանաձև գեղձի լիմֆոման՝ հիմնականում B-բջջային տեսակը, ոչ Հոջկինի լիմֆոման[13]։
Սովորաբար ախտորոշվում է շիճուկում TPOAb հակամարմինների հայտնաբերման հիման վրա, բայց հանդիպում է նաև սեռոնեգատիվ՝ առանց արյան մեջ շրջանառվող հակամարմինների, թիրեոիդիտ[14]։
Սկզբնական շրջանում սպեցիֆիկ ախտանիշների բացակայության պատճառով, հաճախ սխալ է ախտորոշվում։ Հնարավոր սխալ ախտորոշումներն են դեպրեսիան, ցիկլոթիմիան, ՆԴՀ-ն, քրոնիկ հոգնածության համախտանիշը, ֆիբրոմիալգիան, հազվադեպ՝ էրեկտիլ դիսֆունկցիան, տագնապային խանգարումները։
Հաշիմոտոյի հիվանդությամբ պայմանավորված հիպոթիրոիդիզմի բուժումը իրականցվում է թիրեոիդ հորմոնների փոխարինիչներով՝ լևոթիրոքսին, տրիյոդթիրոնին կամ չորացված վահանագեղձի մզվածք։ Հիմնականում օրական մեկ հաբի ընդունումը բավարար է թիրեոիդ հորմոնների նորմալ մակարդակը պահպանելու համար։ Հիվանդների մեծ մասը պետք է շարունակեն դեղերի ընդունումը ամբողջ կյանքի ընթացքում։ Հաշիմոտոյի թիրեոիդիտով պայմանավորված հիպոթիրոիդիզմի դեպքում խորհուրդ է տրվում պահել ԹՏՀ-ի մակարդակը 3.0 mIU/L-ից ցածր[15]։
Վահանագեղձի սիմպտոմատիկ դիսֆունկցիան ամենատարածված բարդությունն է։ Սուբկլինիկական հիպոթիրոիդիզմով և քրոնիկ աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդների 5%-ի մոտ ամեն տարի գրանցվում է վահանաձև գեղձի անբավարարություն։ Հնարավոր են անցողիկ թիրեոտոքսիկոզի (վահանաձև գեղձի գերֆունկցիա) դեպքեր, որոնք հազվադեպ կարող են ավարտվել ակտիկ օրբիտոպաթիայով ուղեկցվող Գրեյվսի հիվանդությամբ։ Ֆիբրոզ աուտոիմուն թիրեոիդիտի հատուկենտ դեպքերի կլինիկական նշանները նման են ագրեսիվ վահանաձև գեղձի ուռուցքների կլինիկային, բայց նման ախտանշանները շտկվում են վիրահատական եղանակող կամ կորտիկոստերոիդներով։ Վահանագեղձի առաջնային B-բջջային լիմֆոման հանդիսանում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի բարդություն 1000 հիվանդից մեկի մոտ և ավելի հավանական է երկարատև աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում[16]։
Հաշիմոտոյի թիրեոիդիտը առաջնային հիպոթիրոիդիզմի ամենատարածված պատճառն է Հյուսիսային Ամերիկայում, այն նաև ոչ էնդեմիկ խպիպիի ամենատարածված պատճառն է[17]։ Պոպուլյացիայի 5%-ի մոտ որևէ տարիքում գրանցվում է այս հիվանդությունը[4]։ 1000 մարդուց 1-1.5-ը տառապում են Հաշիմոտոյի թիրեոիդիտով[17]։ Տարածվածությունը կանանց շրջանում 7-15 անգամ ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում։ Չնայած ամենամեծ հանդիպման հաճախականությունը 30-60 տարեկան կանանց շրջանում է, բայց հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, այդ թվում՝ երեխաների մոտ[16]։ Տարածված է յոդի պակաս չունեցող շրջաններում և գենետիկ նախատրամադրվածությամբ անձանց շրջանում[16]։
Հաշիմոտոյի թիրեոիդիտը(այլ կերպ՝ Հաշիմոտոյի հիվանդություն) իր անվանումը ստացել է ճապոնացի բժիշկ, Քյուշուի համալսարանի գիտնական Հակարու Հաշիմոտոյի (1881−1934) պատվին, ով 1912 թվականին առաջին անգամ նկարագրեց struma lymphomatosa-ով հիվանդների ախտանիշները[18][18][19]։ Այս հրապարակումը նոր մոտեցում էր յոդի ալիմենտար անբավարարությամբ չպայմանավորված, զարգացած երկրներում տարածված վահանագեղձի անբավարարությանը, որն ուղեկցվում էր վահանագեղձի լիմֆոցիտար ինֆիլտրացիայով[19]։
1957 թ․-ին բացահայտվեց հիվանդության աուտոիմուն բնույթը։ Հաշիմոտոյի հիվանդությունը առաջինը հայտնաբերված օրգան-սպեցիֆիկ աուտոիմուն հիվանդությունն է[9]։
Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդ հղի կանանց մոտ հնարավոր է վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ անբավարարություն[20]։ Կանանց արյան մեջ ԹՊՕ աուտահակամարմինների հայտնաբերման դեպքում, բժիշկները տեղեկացնում են նրանց պատշաճ բուժման բացակայության դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Հղի կանանց 10%-ի մոտ այս հակամարմինները հայտնաբերվում են և վտանգավոր են նրանց հղիության համար[20]։ Հղիության ընթացքում վահանձև գեղձի չշտկված դիսֆունկցիայի դեպքում՝ նորածնի մոտ բարձր է հետևյալ բարդությունների ռիսկը՝ ցածր քաշ, նորածնային շնչառական դիսթրես համախտանիշ, հիդրոցեֆալիա, հիպոսպադիաներ, ինչպես նաև վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն[20][21]։ Հաշիմոտոյի հիվանդության բուժման դեպքում մեծանում են զիգոտի տրանսպլանտացիայի և հղիության բարենպաստ ելքերի թիվը[21]։ Խորհուրդ է տրվում բուժել միայն TPOAb-դրական կանանց, և իրականացնել սկրինինգային հետազոտություն բոլոր հղի կանանց շրջանում՝ թիրեոիդ հորմոնների մակարդակը պարզելու համար[20]։ Էնդոկրինոլոգների և մանկաբարձների սերտ համագործակցությունից շահում են և՛ կանայք, և՛ նորածինները[20][22][23]։ Խորհուրդ է տրվում սկրինինգային հետազոտություն անց կացնել վահանագեղձի աուտոիմուն հիվանդությունների բարձր ռիսկի խմբում գտնվող կանանց շրջանում[24]։
Երիտասարդ պրեմենոպաուզալ(ռեպրոդուկտիվ) տարիքի կանանց մոտ հիպոթիրոիդիզմի զարգացման ռիսկի վրա նշանակալի ազդեցություն են ունենում հղիությունները։ Խորհուրդ է տրվում իրականացնել սկրինինգային հետազոտություն բոլոր կանանց շրջանում, ովքեր հղի են եղել՝ անկախ հղիության ելքից։ Հղիությունների քանակը նույնպես նշանակություն ունի[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.