Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին
From Wikipedia, the free encyclopedia
Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ։ Այդ նպատակի համար չէին խնայվում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բարոյական ու քաղաքական բնույթի խոստումներ[1]։
1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները (հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս[2]։
Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից[3][4][5]։
Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց։ Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակների արժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեց հայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում հայկական պետականության վերականգնմանը։ Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները։