Հակաբիոտիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Հակաբիոտիկ (հին հունարեն՝ βίος — կյանք), հակամանրէային ազդեցությամբ օժտված միացության տեսակ, որն ակտիվություն է դրսևորում բակտերիաների նկատմամբ և շատ կարևոր հակաբակտերիալ գործոն է հանդիսանում բակտերիալ վարակների դեմ պայքարում։ Հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են նման վարակների բուժման և կանխարգելման նպատակով[1][2]։ Դրանք կարող են ոչնչացնել բակտերիան կամ ճնշել նրա աճը։ Որոշ հակաբիոտիկներ ակտիվություն են դրսևորում նաև նախակենդանիների դեմ և կոչվում են հակապրոտոզոային[3][4]։ Հակաբիոտիկներն արդյունավետ չեն մրսածության կամ գրիպի վիրուսների դեմ պայքարում։ Դեղամիջոցները, որոնք ճնշում կամ արգելակում են վիրուսները, կոչվում են հակավիրուսային։
Հակաբիոտիկ տերմինը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է կյանքին հակասող՝ (ἀντι-) ընդդեմ և (βίος-) կյանք բառերից, երբեմն օգտագործվում է մանրէների դեմ գործող յուրաքանչյուր միացության դեպքում, սակայն բժշկության մեջ հակաբիոտիկները, ինչպիսին է պենիցիլինը, այն միացություններն են, որոնք ստացվում են բնական ճանապարհով (մի օրգանիզմի կողմից, որը պայքարում է մյուսի դեմ)։ Ոչ հակաբիոտիկային հակաբակտերիալ միացությունները, ինչպիսիք են սուլֆանիլամիդները և անտիսեպտիկները, ամբողջությամբ սինթետիկ են։ Այնուամենայնիվ, 2 դասերի միացություններն էլ նպատակաուղղված են միկրոօրգանիզմների ոչնչացմանը կամ նրանց աճի ճնշմանը և ընդգրկված են հակամանրէային քիմիոթերապիայում։ Հակաբակտերիալներ են համարվում անտիսեպտիկ դեղամիջոցները, հակաբակտերիալ օճառները և քիմիական վարակազերծիչները, մինչդեռ հակաբիոտիկները հակաբակտերիալների կարևոր դաս են, որոնք կիրառվում են բժշկության մեջ[5] և երբեմն էլ անասնակերում։
20-րդ դարում հակաբիոտիկները հեղափոխեցին բժշկությունը[6]։ Սակայն, նրանց արդյունավետությունը և հեշտ հասանելիությունը հանգեցրել են նրանց չարաշահմանը[7][8][9] և որոշ բակտերիաների մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը[1][10]։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հակամանրէային կայունությունը բնութագրել է որպես լուրջ վնաս, որն այլևս կանխատեսում չէ ապագայի համար, այժմ այն կատարվում է աշխարհի յուրաքանչյուր շրջանում և կարող է ազդել յուրաքանչյուրի վրա՝ անկախ տարիքից և երկրից[11]։