Կոնքի բորբոքային հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոնքի բորբոքային հիվանդություն (ԿԲՀ), հայտնի նաև որպես կոնքի բորբոքային խանգարում, կանանց վերարտադրողական համակարգի վերին հատվածների, մասնավորապես՝ արգանդի, ֆալոպյան փողերի և ձվարանների, ինչպես նաև կոնքի խոռոչի վարակ է[3][1]։ Շատ հաճախ ախտանիշները կարող են բացակայել[2]։ Նշաններն ու ախտանիշներն (եթե առկա են) են՝ որովայնի ստորին հատվածի ցավ, հեշտոցային արտադրություն, տենդ, այրոցի զգացում միզելիս, ցավ սեռական ակտի ժամանակ, արյունահոսություն սեռականի ակտից հետո կամ անկանոն դաշտանային ցիկլ[2]։ Չախտորոշված ԿԲՀ-ն կարող է բերել հետևյալ երկարաժամկետ բարդությունների՝ անպտղություն, արտարգանդային հղիություն, կոնքի քրոնիկ ցավ կամ քաղցկեղ[3][6][7]։
Կոնքի բորբոքային հիվանդություն | |
---|---|
Նկարում պատկերված են կոնքի բորբոքային հիվանդության դեպքում բորբոքման սովորաբար հանդիպող վայրերը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Հեշտոցից կամ արգանդի վզիկից տարածվող բակտերիաներ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնի ստորին հատվածի ցավ, արտադրություն հեշտոցից, տենդ, այրոցի զգացում միզելիս, ցավ սեռական ակտի ժամանակ, անկանոն դաշտանային ցիկլ[2] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
Հոմանիշներ | Կոնքի բորբոքային խանգարում |
Ռիսկի գործոններ | Գոնորեա, քլամիդիոզ[3] |
Ախտորոշում | Ախտանիշների հիման վրա, գերձայնային հետազոտություն, լապարասկոպիկ վիրահատություն[3] |
Տարբերակիչ ախտորոշում | խուսափում սեռական հարաբերություններից, սեռական զուգընկերների քչացում, պահպանակների օգտագործում[4] |
Բուժում | Հակաբիոտիկներ[5] |
Բարդություններ | Անպտղություն, արտաարգանդային հղիություն, կոնքի քրոնիկ ցավ, քաղցկեղ[3][6][7] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան երիտասարդ կանանց 1.5 տոկոսը[8] |
Pelvic inflammatory disease Վիքիպահեստում |
Հիվանդությունը հարուցվում է հեշտոցից կամ արգանդի պարանոցից տարածվող բակտերիաների միջոցով[1]։ Դեպքերի 75-90 տոկոսում վարակիչ ագենտներն են հանդիսանում գոնորեան և քլամիդիան[3]։ Հաճախ բորբոքման մեջ ներառված են լինում մի քանի տարբեր բակտերիաներ[3]։ Քլամիդիային ինֆեկցիա ունեցող կանանց 10 %-ի և գոնորեային ինֆեկցիա ունեցողների 40 տոկոսի մոտ կզարգանա կոնքի քրոինկ բորբոքում՝ եթե վարակները ժամանակին չենթարկվեն բուժման[3][9]։ Ռիսկի գործոնները նման են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի ֆակտորներին՝ շատ սեռական զուգընկերներ և թմրանյութերի օգտագործում[3]։ Հեշտոցային հոգնան նույնպես բարձրացնում է ռիսկը[3]։ Ախտորոշումը հիմնականում իրականացվում է նշանների և ախտանիշների հիման վրա[3]։ խորհուրդ է տրվում, վերարտադրողական տարիքում գտնվող բոլոր կանանց, որոնք ունեն որովայնի ստորին հատվածի ցավեր, ստուգվեն ԿԲՀ-ի կապակցությամբ[3]։ Եթե Ֆալոպյան փողերը ընդգրկող վիրահատության ժամանակ հայտնաբերվել է թարախ, ապա պետք է որպես տարբերակիչ ախտորոշման տարբերակ ներառել կոնքի բորբոքային հիվանդությունը[3]։ Գերձայնային հետազոտությունը նույնպես կարող է օգտակար լինել[3]։
Հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում չզբաղվել սեռական հարաբերությամբ կամ ունենալ քիչ սեռական զուգընկերներ և պարտադիր օգտագործել պահպանակ[4]։ Քլամիդային ինֆեկցիայի բուժումից հետո կանանց սքրինինգը իջեցնում է ԿԲՀ-ի ռիսկը[10]։ Եթե ախտորոշումը կասկածելի է, սովորաբար խորհուրդ է տրվում իրականացնել բուժում[3]։ Պետք է նաև բուժել կնոջ սեռական զուգընկերին[10]։ Մեղմ կամ չափավոր ախտանիշների ծանրությամբ հիվանդներին խորհուրդ է տրվում հակաբիոտիկ ցեֆտրիաքսոնի մեկ ներարկում, որից հետո պետք է 2 շաբաթ բերանացի տարբերակով ընդունել դոքսիցիկլին և հնարավոր է նաև մետրոնիդազոլ[5]։ Այն դեպքերում, երբ 3 օր անց չկա լավացում, կամ հիվանդության ծանր աստիճանի դեպքերում պետք է օգտագործել ներերակային հակաբիոտիկներ[5]։
2008 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է քլամիդիզոզի 106 միլիոն և գոնորեայի 106 միլիոն դեպք[9]։ Կոնքի բորբոքային հիվանդության դեպքերի քանակը, այնուամենայնիվ, պարզ չէ[8]։ Մոտավորապես հաշվարկվել է, որ այն տարեկան ախտահարում է երիտասարդ կանանց 1,5 %-ին[8]։ Միացյալ Նահանգներում ԿԲՀ-ն ախտահարում է տարեկան մոտավորապես մեկ միլիոն մարդու[11]։ 1970-ականներին Դալկոնի վահան անունով ներարգանդային պարույրը բերեց ԿԲՀ-ի հաճախացման[3]։ Ներկայիս ներարգանդային պարույրները, սկսած երկրորդ ամսից, կապված չեն այս խնդրի առաջացման հետ[3]։