Կարմիր փոթորիկ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր փոթորիկ կամ Կարմիր փոթորիկը սկսվում է (անգլ.՝ Red Storm Rising) վերնագրով վեպ։ Հրատարակվել է 1986 թվականին։ Դասվում է տեխնո-թրիլլեր (անգլ.՝ technothriller) ժանրի ստեղծագործությունների շարքին։ Հեղինակն է Թոմ Քլանսին (անգլ.՝ Tom Clancy): Վեպում պատմվում է III համաշխարհային պատերազմի (III Աշխարհամարտի, անգլ.՝ World War III, անգլ.՝ Third World War) մասին, որը մղվում է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Վարշավյան Պակտի (ՎՊ) զորքերի միջև։ Դեպքերը տեղի են ունենում մոտավորապես 1980-ականների կեսերին։ Մինչ այս վեպը, այլ նմանատիպ ստեղծագործություններում ևս դիտարկվել է երևակայելի III Աշխարհամարտը, սակայն սույն վեպը տարբերվում է մյուսներից նրանով, որ Աշխարհամարտի վերջնական ելքի որոշման հարցում նորովի են դիտարկվում բոլոր ռազմական գործողությունները՝ Ատլանտյան նավային ուղեկցող պարեկային ծառայություններից մինչև հետախուզական արբանյակների վայր գցելն ու Գերմանիայում մղվող տանկային ճակատամարտերը, դրանք բոլորը համարելով պատերազմի կարևորագույն տարրեր։
Կարմիր փոթորիկ անգլ.՝ Red Storm Rising | |
---|---|
Հեղինակ | Թոմ Կլենսի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տեխնոթրիլեր, պատերազմական վեպ և թրիլեր |
Թեմա | Սառը պատերազմ, ահաբեկչություն և Երրորդ համաշխարհային պատերազմ |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Նկարագրում է | Ադրբեջան |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | G. P. Putnam's Sons |
Հրատարակման տարեթիվ | 1986 և օգոստոսի 7, 1986 |
OCLC | 221409896 |
Անսովոր էր նաև այս վեպում III Աշխարհամարտի նկարագրումը որպես բացառապես սովորական զենքերով կամ Կոնվենցիոնալ սպառազինությամբ մղվող պատերազմ՝ Կոնվենցիոնալ պատերազմ, չհասցնելով այն միջուկային սպառազինության և այլ զանգվածային բնաջնջման զենքերի կիրառմանը։
Այս վեպը Թոմ Քլանսիի երեք վեպերից մեկն է (մյուս երկուսն են «SSN»-ը՝ ամերիկյան միջուկային սուզանավի և ամերիկա-չինական սահմանափակ պատերազմի մասին և «Բոլոր թշնամիների դեմ» (անգլ.՝ Against All Enemies)), որոնք չեն պատկանում Քլանսիի «Ջեք Րայան Յունիվըրս» (Jack Ryan universe) վիպաշարին։ Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» տեխնո-թրիլլերը իր հրատարակման ժամանակից ի վեր տարիներ շարունակ համարվել է «Նյու Յորք Թայմս»-ի թիվ 1 բեսթսելլերը, իսկ նրա հեղինակը՝ ամերիկյան գրականության առաջատար դեմքերից մեկը։ Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» վեպը հետագայում իր անունը «տվել է» համակարգչային խաղեր մշակող «Red Storm Entertainment» ընկերությանը, որի համահիմնադիրը 1997 թվականից հենց ինքը՝ Թոմ Քլանսին է։
Քլանսիի սույն գիրքը ԽՍՀՄ-ի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի վարած տեղեկատվական-գաղափարախոսական պայքարի փայլուն և հաջողված օրինակներից մեկն է։ Ամենայն հավանականությամբ, այն զգալիորեն նպաստել է ամերիկյան կողմի փայլուն հաղթանակին ընդդեմ Խորհրդային Միության փտած սոցիալիստական վարչաձևի և Վարշավյան Պակտի, որոնց փլուզումը առաջընթաց զարգացման նոր հնարավորություններ տվեց «սոցիալիզմի ճամբարի» նախկին անդամ երկրներից շատերին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը, թեպետ վերջինիս անկախ զարգացմանը խանգարեցին ռուս-թուրքական դավադիր խաղերը և Կրեմլի գործակալական ցանցը Հայաստանում։ Քլանսին համարվել է և համարվում է տեխնո-թրիլլեր ժանրի արքան. տե՛ս Պատրիկ Անդերսոն. "Տեխնո-թրիլլերի Արքան, Սեպտեմբեր, 2009թ." (Patrick Anderson: KING OF THE 'TECHNO-THRILLER'. Abgerufen am 18. September 2009.[1]): Քլանսին նաև տեխնո-թրիլլերի ստեղծման առաջամարտիկն է։ Ռուսաստանյան աղբյուրները նրա մասին գրում են հետևյալը. «Նա դարձավ ուժեղ ռազմական ենթատեքստով տեխնոգեն թրիլլերի առաջամարտիկը։ Նման նովելլներ ստեղծելու համար պահանջվում է աշխարհաքաղաքականության, զենքի և լրտեսության տեխնիկայի լավ իմացություն»:[2]