From Wikipedia, the free encyclopedia
«Խորհրդավոր ընթրիք» (ռուս.՝ Тайная вечеря), ռուս նկարիչ Նիկոլայ Գեի (1831-1894) կտավը, որն ավարտել է 1863 թվականին։ Ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում (ինվ.՝ Ж-4141)։ Նկարի չափերը՝ 283 × 382 սմ[1]։
Խորհրդավոր ընթրիք ռուս.՝ Тайная вечеря | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Գե |
տարի | 1863 |
բարձրություն | 283 |
լայնություն | 382 |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք |
Ծանոթագրություններ |
Նիկոլայ Գեն նկարի վրա աշխատել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 1861-1863 թվականներին, երբ Գեղարվեստի ակադեմիայի կողմից տրված թոշակով մեկնել էր արտասահման։ Գեն նկարը տարավ Սանկտ Պետերբուրգ, որից հետո այն ցուցադրվեց 1963 թվականի ակադեմիական ցուցահանդեսում։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհուրդը բարձր է գնահատել նկարչի վարպետությունը, որ նա ցուցաբերել էր այդ կտավն ստեղծելիս, և նրան շնորհել է պատմական գեղանկարչության պրոֆեսորի կոչում, իսկ Ալեքսանդր II-ը գնել է նկարը Գեղարվեստի ակադեմիայի թանգարանի համար[2][3]։
Նկարում պատկերված է Խորհրդավոր ընթրիքը, որի մասին պատմվում է Նոր Կտակարանում. դա Հիսուս Քրիստոսի վերջին հանդիպումն էր իր 12 աշակերտների հետ, որի ժամանակ էլ նա կանխագուշակեց, որ նրանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, կմատնի իրեն[4]։
Կտավը մեծ հաջողության է ունեցել ու շատ է քննարկվել, սակայն կարծիքները բաժանվել են երկու խմբի. ոմանք հավանություն էին տալիս ավետարանական սյուժեի նորովի ներկայացմանը, իսկ ուրիշներն էլ պնդում էին, թե Քրիստոսի ու առաքյալների կերպարները չափազանց հեռու են ավանդական մոտեցումից և պատկերված են ոչ այնքան համոզիչ[5]։
Նիկոլայ Գեն ստեղծել է կտավի առնվազն երկու հեղինակային կրկնօրինակում (ավելի փոքր չափերի), որոնցից մեկը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում, մյուսը՝ Սարատովի Ա. Ռադիշչևի անվան գեղարվեստի պետական թանգարանում[1]։
Որպես Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կրթաթոշակառու՝ Նիկոլայ Գեն իր կնոջ՝ Աննա Պետրովնա Գեի (օրիորդական ազգանունը՝ Զաբելա) հետ 1857 թվականին մեկնում է Իտալիա։ 1857 թվականի օգոստոսից նրանք ապրել են Հռոմում, որտեղ ծնվել են նրանց երկու որդիները՝ Նիկոլայը (30 սեպտեմբերի, 1857) և Պյոտրը (21 օգոստոսի, 1859)։ 1860 թվականին նրանք տեղափոխվել են Ֆլորենցիա, որտեղ էլ 1861 թվականի օգոստոսին Գեն սկսել է աշխատել «Խորհրդավոր գիշեր» կտավի վրա[2][6][7]։ Այս թեմային, որի սյուժեն նրան գրավել է «դրամայի առկայությամբ», Գեն անդրադարձել է Ավետարանը կարդալուց, ինչպես նաև Դավիթ Շտրաուսի «Հիսուսի կյանքը» գրքի ուսումնասիրությունից հետո[8]։ Նկարիչն ինքը գրել է. «Հռոմից գալով Ֆլորենցիա՝ ես .... կարդացի Շտրաուսի աշխատությունն ու Սուրբ Գիրքն սկսեցի հասկանալ նորովի՝ արվեստի տեսանկյունից»[9]։
Նոր կտավի վրա կատարվող աշխատանքների պատճառով նկարիչն ստիպված է լինում վերանայել իր ծրագրերը, որոնց վերաբերյալ նա նախապես տեղյակ էր պահել Գեղարվեստի ակադեմիային։ 1862 թվականի փետրվարի 16-ին Նիկոլայ Գեն Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդին զեկուցեց, որ ինքը «դադարեցրել է «Երուսաղեմի տաճարի ավերումը Տիտոսի կողմից» նկարի վրա կատարվող աշխատանքները և կուղարկի իր նոր նկարը՝ Խորհրդավոր ընթրիք»[9]։ «Երուսաղեմի տաճարի ավերումը» կտավի (որի մասին հիշատակել է Գեն և որն այդպես էլ չի նկարել) էսքիզը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (1859, կտավ, յուղաներկ, 61.7×75 սմ, ինվ.՝ 2609)[10][11]:
«Խորհրդավոր ընթրիք» կտավի վրա աշխատելու ընթացքում Նիկոլայ Գեն քանիցս վերափոխել է նրա կոմպոզիցիան։ Այդ մասին մասնավորապես վկայված է նկարչուհի Եկատերինա Յունգեի հուշերում, ով 1861/1862 թվականների ձմռանն ապրել է Ֆլորենցիայում և այցելել է Գեի արվեստանոց։ Պատկերագրության տեսանկյունից՝ նկարի նախնական կոմպոզիցիան ավելի մոտ էր ավանդական մոտեցմանը, քան նրա վերջնական տարբերակը. մասնավորապես սեղանը զուգահեռ էր նկարի եզրին, իսկ առաքյալները նրա շուրջը նստած էին կիսաշրջանաձև[12]։ Կտավի այդ տարբերակի մասին Յունգեն գրել է[13].
Դրանից հետո Գեն երկու անգամ վերանկարել է կտավը։ Հնարավոր է, որ միջանկյալ տարբերակին համապատասխանում է այն էսքիզը, որ այժմ պահվում է Դնեպրոպետրովսկի գեղարվեստի թանգարանում (1862, թուղթ, տուշ, փետուր, 10.5 × 14.5 սմ, ինվ. Г-746)[14]: Նկարիչ Ալեքսանդր Կուրեննոյն իր հուշերում գրում է Գեի պատմածը նկարի վերջնական տարբերակի ստեղծման վերաբերյալ[15].
Նիկոլայ Գեն «Խորհրդավոր ընթրիք» կտավի վերջնական տարբերակը տանում է Սանկտ Պետերբուրգ և 1863 թվականի սեպտեմբերի 7-ին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի Խորհրդին ներկայացնում այն՝ որպես կրթաթոշակով Իտալիա կատարած ուղևորության հաշվետվություն։ Ակադեմիայի խորհուրդը բարձր է գնահատում նկարչի վարպետությունն ու նրան շնորհում պատմական գեղանկարչության պրոֆեսորի կոչում (որն ավելի բարձր էր, քան Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կաչումը) այդ նկարի համար, որ «ստեղծված է հատուկ արվեստով ու հոգեկան ուժեղ արտահայտությամբ»[2][16]։ 1863 թվականի սեպտեմբերի 13-ից սկսած՝ նկարը ցուցադրվել է Պետերբուրգում՝ Ակադեմիական ցուցահանդեսում[2][3], իսկ 1864 թվականի փետրվարի 12-ին Ալեքսանդր II-ը գնել է կտավը Գեղարվեստի ակադեմիայի թանգարանի համար[2]. նկարի համար վճարվել է 10 հազար ռուբլի արծաթով[17]։
1863 թվականի Ակադեմիական ցուցահանդեսում «Խորհրդավոր գիշեր» նկարը մեծ հաջողություն է ունեցել. ըստ որոշ տվյալների՝ ռուս նկարչի ոչ մի կտավ, բացառությամբ Կառլ Բրյուլովի «Պոմպեոսի վերջին օրը» նկարից, չի արժանացել այդպիսի հավանության և այդքան չի քննարկվել մամուլում[18]։ Ընդ որում՝ նկարի վերաբերյալ կարծիքները եղել են բացարձակ հակադիր. քննադատներից ոմանք համառորեն մերժել են այդ կտավը, իսկ ուրիշները բարձրաձայն գովերգել են այն[18]։
1867 թվականին «Խորհրդավոր ընթրիք» նկարը ցուցադրվել է Փարիզում՝ համաշխարհային ցուցահանդեսում[19], որտեղ ցուցադրվում էին նաև ռուս նկարիչներ Կոնստանտին Ֆլավիցկու «Իշխանուհի Տարականովա», Միխայիլ Կլոդտի «Վերջին Գարունը» և Սերգեյ Զարյանկոյի «Ֆյոդոր Տոլստոյի դիմանկարը» կտավները[20]։ Նիկոլայ Գեն ներկա է գտնվել այդ ցուցահանդեսին՝ Փարիզում անցկացնելով 1867 թվականի ապրիլն ու մայիսը[2]։
1897 թվականին Գեղարվեստի ակադեմիան կտավը փոխանցել է այդ ժամանակ հիմնադրվող Ալեքսանդր III-ի Ռուսական թանգարանին (ներկայում՝ Ռուսական պետական թանգարան)[1]։ Ալեքսանդր Բենուան հիշում է, որ 1898 թվականին՝ թանգարանի բացումից հետո, կտավը ցուցադրվել է Միխայլովյան պալատում՝ Կառլ Բրյուլովի «Պոմպեոսի վերջին օրը» և «Պսկովի պաշարումը», Ֆյոդոր Բրունիի «Պղնձե օձ» ու «Հորացիուսի քրոջ՝ Կամիլայի մահը», Ալեքսանդր Իվանովի «Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղինացուն հարությունից հետո», Կոնստանտին Ֆլավիցկու «Քրիստոնյա նահատակները Կոլիզեյում» և Հովհաննես Այվազովսկու մի շարք նկարների հետ նույն սրահում[21][22]։ Ռուսական թանգարանի՝ 1917 թվականի կատալոգում կտավը ներկայացվել է «Քրիստոսի վերջին ընթրիքն իր աշակերտների հետ»[1]։ Ներկայում կտավը ցուցադրվում է Միխայլովյան պալատի № 26 սրահում, որտեղ ցուցադրվում են Գեի նաև այլ կտավներ, որոնցից են՝ «Սաուլն Աենդորցի կախարդուհու մոտ», «Քրիստոսի մուտքը Հեֆսիմանյան այգի», Լև Տոլստոյի ու Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի դիմանկարները, ինչպես նաև «Պետրոս I-ը հարցաքննում է արքայազն Ալեքսեյին Պետերհոֆում» կտավի հեղինակային կրկնօրինակումը[23]։
Խորհրդավոր ընթրիքը, որի մասին հիշատակվում է Նոր Կտակարանում, Հիսուսի վերջին հանդիպում է իր 12 աշակերտների հետ։ Այդ ժամանակ էլ նա կանխագուշակել է, որ իր աշակերտներից մեկը կմատնի իրեն։ Համարվում է, որ Գեն ամենաշատը սիրում էր Հովհաննեսի ավետարանն[24], որում Խորհրդավոր ընթրիքի հետ կապված իրադարձությունների մասին գրված է[4].
21 Ասելով այս՝ Հիսուսը վրդովվեց, և հավաստեց, և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ձեզ ասում, որ ձեզանից մեկը կդավաճանի ինձ»։ 22 Այդ ժամանակ աշակերտները մեկը մյուսին նայեցին՝ չիմանալով, թե ում մասին է Նա խոսում։ 23 Հիսուսի աշակերտներից մեկը, ում սիրում էր Նա, կողքի պառկած էր Հիսուսի մոտ։ 24 Եվ Սիմոն Պետրոսը գլխով նշան արեց՝ հարցնելու համար, թե ով է նա, ում մասին ասում է։ 25 Նա, փարվելով Հիսուսի կրծքին, հարցրեց. «Տե՛ր։ Ո՞վ է նա»։ 26 Հիսուսը ցածրաձայն պատասխանեց. «Նա ում Ես, աղի մեջ թաթախված հացը կտամ»։ Եվ հացի կտորը աղի մեջ թաթախելով՝ Հուդա Իսկարիովտացուն տվեց»։ 27 Եվ այդ կտորի հետ նրա մեջ մտավ սատանան։ Այդ ժամանակ նրան Հիսուսն ասաց. «Ինչ անում ես, շուտ արա»։ 28 Մոտիկ նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի համար է Նա նրան այդպես ասում։ 29 Քանի որ Հուդայի մոտ էր գանձարկղը, ապա ոմանք մտածեցին, որ Հիսուսը նրան ասում է, որ գնի այն, ինչ պետք է տոնի համար, կամ էլ բաժանի աղքատներին։ 30 Իսկ նա, ընդունելով հաղորդությունը, արագ դուրս եկավ։ Եվ գիշեր էր…
Բնօրինակ տեքստ (ռուս.)21 Сказав это, Иисус возмутился духом, и засвидетельствовал, и сказал: истинно, истинно говорю вам, что один из вас предаст Меня. 22 Тогда ученики озирались друг на друга, недоумевая, о ком Он говорит. 23 Один же из учеников Его, которого любил Иисус, возлежал у груди Иисуса. 24 Ему Симон Петр сделал знак, чтобы спросил, кто это, о котором говорит. 25 Он, припав к груди Иисуса, сказал Ему: Господи! кто это? 26 Иисус отвечал: тот, кому Я, обмакнув кусок хлеба, подам. И, обмакнув кусок, подал Иуде Симонову Искариоту. 27 И после сего куска вошел в него сатана. Тогда Иисус сказал ему: что делаешь, делай скорее. 28 Но никто из возлежавших не понял, к чему Он это сказал ему. 29 А как у Иуды был ящик, то некоторые думали, что Иисус говорит ему: купи, что нам нужно к празднику, или чтобы дал что-нибудь нищим. 30 Он, приняв кусок, тотчас вышел; а была ночь.
Խորհրդավոր ընթրիքին իրենց նկարներում անդրադարձել են բազմաթիվ հայտնի նկարիչներ։ Գտնվելով Իտալիայում՝ Գեն կարող էր տեսնել այդ ստեղծագործություններից մի քանիսի բնօրինակները, մասնավորապես Միլանում էր գտնվում Լեոնարդո դա Վինչիի հայտնի որմնանկարը, իսկ Վենետիկում կարելի էր տեսնել Տինտորետտոյի կտավը։ Գեն իրադարձությունները ներկայացրել է ոչ այնպես, ինչպես դրանք տրվում են կանոնիկ մեկնաբանությամբ։ Արվեստագետ Ալլա Վերեշչագինան գրել է. «Գեն գտել է իր ուղին. հիմնական է դարձել նախկին համախոհների միջև ծագած պառակտման թեման»[25]։ Ըստ Տատյանա Կարպովայի՝ «Հուդայի մատնության մեջ նկարիչը տեսել է ոչ թե դավաճանի ստոր արարք, այլ բողոք Քրիստոսի ուսմունքի դեմ»[26]։
Նկարիչն ինքը այսպես է պատմում այն մասին, թե ինչպես է ծագել այս նկարի ստեղծման միտքը[16][27].
Ես այնտեղ տեսա ցավը Փրկչի, ով ընդմիշտ կորցնում էր իր աշակերտին՝ մարդուն։ Նրա մոտ պառկած էր Հովհաննեսը, ես տեսա Պետրոսին վեր թռչելիս, որովհետև նա նույնպես հասկացել էր ամեն ինչ և զայրացել. նա շուտ բռնկվող մարդ է, ես տեսա, վերջապես, և Հուդային. նա անկասկած կգնա։ Ահա, ես հասկացա, թե ինչն է իմ կյանքից էլ թանկ, ահա նա, ում խոսքով ոչ թե ես, այլ բոլոր ժողովուրդները կտարվեն։ Դե ինչ։ Ահա՛ նկարը։ Մի շաբաթ անց կտավն արդեն նախանկարված էր իսկական չափերով, առանց էսքիզի։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Я увидел там горе Спасителя, теряющего навсегда ученика — человека. Близ него лежал Иоанн: он всё понял, но не верит возможности такого разрыва; я увидел Петра, вскочившего, потому что он тоже понял всё и пришёл в негодование — он горячий человек; увидел я, наконец, и Иуду: он непременно уйдёт. Вот, понял я, что мне дороже моей жизни, вот тот, в слове которого не я, а все народы потонут. Что же! Вот она картина! Через неделю была подмалёвана картина, в настоящую величину, без эскиза.
Կտավի աջ մասում հեռացող Հուդայի սև կերպարանքն է։ Նկարված լինելով լույսին հակառակ՝ նա կարծես հակադրվում է նրանց, ովքեր մնում են լուսավոր սրահում։ Ալլա Վերեշչագինայի խոսքերով՝ դա ունի սիմվոլիկ նշանակություն. «Դավաճանության սև գործը մարմնավորում է Հուդայի՝ մեջքից լուսավորված մութ կերպարանքը։ Իսկ լույսի միավորում է համախոհների խումբը»[28]։ Մնացած առաքյալներից ձախ կողմում կանգնած է Հովհաննեսը, աջ կողմում՝ Պետրոսը, ովքեր «փոքր-ինչ խոնարհված լինելով դեպի կենտրոն՝ ինքնատիպ «կամար» են կազմում կիսապառկած Քրիստոսի գլխավերևում»։ Նրանց հետևում՝ սրահի խորքում, նստած են մյուս առաքյալները[29]։
Հիսուս Քրիստոսի կերպարն ընդգծված է ոչ միայն կոմպոզիցիոն կերպով, այլև իր մտախոհությամբ, որ «հակադրվում է շրջապատողների անհանգստությանը՝ ցուցադրաբար հեռացող Հուդային, վեր կացող Պետրոսին, վախեցած Հովհաննեսին և անհանգիստ զրուցող աշակերտներին»[29]։ Նա ծանր է տանում գաղափարների կործանումը և հիասթափության դառնությունը՝ հասկանալով, որ իր աշակերտն անվերադարձ հրաժարվում է իր պատգամներից[30]։ Քրիստոսի անգործությունը ոչ միայն խոր թախծի ու ճակատագրին հնազանդության նշան է, այլև «գիտակցված զոհողության»[29]։
Կարծիք կա, որ Քրիստոսի կերպարը նկարելիս Նիկոլայ Գեն օգտագործել է Ալեքսանդր Գերցենի լուսանկարը, որ արել էր հայտնի լուսանկարիչ Սերգեյ Լևիցկին։ Գրող Վլադիմիր Պորուդոմինսկին նույնիսկ առաջ է քաշել այն վարկածը, թե հենց այդ լուսանկարի շնորհիվ է ծագել «Խորհրդավոր ընթրիք» կտավի մտահղացումը[31]։ Արվեստագետ Նատալյա Զոգրաֆն ապացուցում է, որ դա այդպես չէ. թեև լուսանկարն արվել է Փարիզում 1861 թվականին, այն Լոնդոնից Ֆլորենցիա է տարվել (հավանաբար Ա. Բակունինի՝ անարխիստ Միխայիլ Բակունինի եղբոր կողմից) միայն 1862 թվականի փետրվարին, այսինքն՝ այն բանից հետո, երբ Գեն սկսել էր աշխատել կտավի վրա[32]։
Բացի դրանից՝ Քրիստոսին նկարելիս Գեն օգտագործել է օպերային երգիչ Գենադի Կոնդրատևի[33][34], ինչպես նաև սիմբիրսկցի կալվածատեր Պյոտր Գրիբովսկու դիմանկարները[33][35], որ ինքն էր արել մատիտով։
Արվեստագետ Տատյանա Գորինան Գեին նվիրված իր գրքում հիշատակում է միայն Գերցենի ու Կոնդրատևի նկարները։ Նա գրում է, թե Գեն «օգտագործել է Գերցենի լուսանկարը, ով իր համար եղել է գրող-քաղաքացու իդեալ», սակայն «ինչ-որ չափով Քրիստոսի կերպարի համար նախատիպ է ծառայել նաև երգիչ Կոնդրատևի լուսանկարը»։ Ընդ որում՝ նա նշում է, որ «Գերցենի ու Կոնդրատևի իրական դիմագծերը զգալիորեն մշակվել են նկարում, ենթարկվել են ընդհանրացման ու հերոսականացման»[36]։ Ավելի ուշ կատարված իր ուսումնասիրության մեջ Նատալյա Զոգրաֆը Գերցենի լուսանկարից բացի հիշատակում է նաև Գրիբովսկու և Կոնդրատևի՝ մատիտով արված դիմանկարները, «որ արվել են Քրիստոսի կերպարի վրա կատարված աշխատանքի հետ կապված»[37]։
Պետրոս առաքյալին Նիկոլայ Գեն նկարել է իր արտաքինով[36][38][39], իսկ Հովհաննեսի գլուխը՝ իր կնոջ՝ Աննա Պետրովնայի նմանությամբ[36]։
Ռուսական պետական թանգարանում է պահվում «Խորհրդավոր ընթրիք» նկարի էտյուդը՝ «Հովհաննես Աստվածաբանի գլուխը» (կտավ, յուղաներկ, 36 × 31 սմ, ինվ.՝ Ж-4148), որ թանգարանին է փոխանցվել 1920 թվականին Ալեքսանդր Կորովինի հավաքածուից[1]։
Տրետյակովյան պատկերասրահում են գտնվում նկարի ևս երկու էտյուդներ՝ «Հուդայի գլուխը» (կտավ, յուղաներկ, 48.5 × 38.2 սմ, 1860-ական թվականների սկիզբ, ինվ.՝ 10350) և «Անդրեաս առաքյալի գլուխը» (թուղթ կտավի վրա, յուղաներկ, 49 × 38 սմ, 1860-ական թվականների սկիզբ, ինվ.՝ 11062)։ Դրանցից առաջինը թանգարանը ձեռք է բերել 1928 թվականին Վլադիմիր Ֆրանկետիից, իսկ երկրորդը թանգարանին է փոխանցվել 1929 թվականին Օստրաուխովի թանգարանից. դրանից առաջ այն եղել էր Ա. Պետրովի (մինչ 1903 թվականը) և Իլյա Օստրաուխովի հավաքածուներում[40].:
Հայտնի են եղել «Խորհրդավոր ընթրիք» կտավի ևս երկու էտյուդներ՝ «Հուդայի գլուխը» և «Գլխի էտյուդ», որոնց սև-սպիտակ նկարները ներառված են եղել Գեի ստեղծագործությունների ալբամում, որ նրա որդի Նիկոլայը հրատարակել է 1904 թվականին։ Ներկայումս այդ էտյուդների գտնվելու վայրն անհայտ է[41][42][43]։
Գոյություն ունեն կտավի մի քանի հեղինակային պատճեններ, որոնք ավելի փոքր չափերի են[1][44]։ Դրանցից մեկը, որ ստեղծվել է 1864 թվականին, պահվում է Սարատովի Ա. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարանում[1] (կտավ, յուղաներկ, 67 × 90 սմ, ինվ.՝ Ж-849)[45][46]: Այն սկզբում եղել է Անիչկով պալատում, ապա տեղափոխվել է Ռուսական պետական թանգարան, իսկ 1928 թվականին փոխանցվել է Սարատովի գեղարվեստի թանգարանին[47]։ Մյուս կրկնօրինակը, որ ստեղծվել է 1866 թվականին, պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (կտավ, յուղաներկ, 66.5 × 89.6 սմ, ինվ.՝ 5228)[44][48]: Այն նկարվել է հայտնի գործարար և հավաքորդ Կոզմա Սոլդատյոնկովի պատվերով։ Վերջինիս մահից հետո՝ 1901 թվականի, նրա հավաքածուն իր կտակի համաձայն փոխանցվել է Ռումյանցևի թանգարանին, իսկ 1925 թվականին թանգարանի կազմացրումից հետո կտավը տարվել է Տրետյակովյան պատկերասրահ[44]։
Գրող և քննադատ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը Գեի կտավին նվիրված հոդվածում գրում է, որ «դիտողը ոչ մի րոպե չի կարող կասկածել, որ այստեղ տեղի է ունեցել ինչ-որ արտակարգ մի բան, որ իր աչքերի առաջ տեղի է ունենում վերջին ակտն այն դրամաներից մեկի, որ նախապատրաստվում են ու հասունանում և վերջապես ի հայտ են գալի իրենց դառնության, կշտամբանքի ու անսասան ատելության ողջ պաշարով հանդերձ»[49]։
Գրաքննադատ և գրող Նիկոլայ Ախշարումովը նշել է, որ «ողջ նկարում չկա թատերականության ոչ մի նշան... կամ չոր, ակադեմիական խստաբարոյություն ու շինծուություն», այնպես որ, իր կարծիքով, նկարից ստացած առաջին տպավորությունը այն է, որ այն իրական է, ապա՝ խոր դրամատիկական[50]։
Մյուս կողմից՝ արվեստի քննադատ Վլադիմիր Ստասովը գրում է, որ «ընտրված խնդրի հիմնական մոտիվները նրա (Գեի) մոտ ըմբռնված են թույլ կերպով կամ սխալ»։ Մասնավորապես Ստասովը նշում է Քրիստոսի կերպարի ոչ բավականաչափ համոզիչ լինելը[51][52]։
Նրա Քրիստոսը չի կրում ոչ մեկն այն բարձր որակներից, որոնց ազդեցությամբ աշխարհում կատարվեց անօրինակ, չլսված մի հեղաշրջում. մեր առջև ներկայացված է միայն թույլ, կամազուրկ մի մարդ, որ գրեթե մոլորվել է ինչ-որ մտացածին, աստված գիտի թե որտեղից վերցված մի վիճաբանության մեջ. ինչի՞ց կարող էր այդ աստիճան հուսահատվել Նա, ով հայտնվել էր համաշխարհային հեղաշրջում կատարելու համար։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Его Христос не заключил в себе ни одного из тех высоких качеств, под влиянием которых в мире совершился переворот беспримерный, неслыханный: перед нами представлен лишь слабый, бесхарактерный человек, почти растерявшийся в каком-то выдуманном, бог знает откуда взятом споре; перед чем же мог до такой степени упасть духом и уныть Тот, Кто явился для всемирного переворота?
Նկարի մասին քննադատական կարծիք է հայտնել նաև Ֆյոդոր Դոստոևսկին։ 1873 թվականին գրված «Ցուցահանդեսի առիթով» (ռուս.՝ «По поводу выставки») իր հոդվածում նա գրել է.[53]:
Իր «Խորհրդավոր ընթրիքից», օրինակ, որ այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, նա (Գեն) կերտել է կատարյալ ժանր։ Ուշադիր նայեք. դա միանգամայն սովորական մարդկանց սովորական վեճ է։ .... Այստեղ բացարձակ ոչինչ բացատրված չէ, այստեղ չկա պատմական ճշմարտություն, այստեղ նույնիսկ ժանրի ճշմարտությունը չկա, այստեղ ամեն ինչ կեղծ է։ Ինչ տեսանկյունից էլ որ ցանկանաք դատել, այս դեպքը չէր կարող նման ընթացք չունենալ. այստեղ ամեն ինչ տեղի է ունենում ապագայի հետ ոչ համապատասխան։ .... Պարոն Գեի նկարում պարզապես վիճել են ինչ-որ բարի մարդիկ, դուրս է եկել կեղծիք և կանխակալ գաղափար, իսկ ամեն կեղծիք սուտ է և արդեն բնավ ռեալիզմ չէ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Из своей «Тайной вечери», например, наделавшей когда-то столько шуму, он [Ге] сделал совершенный жанр. Всмотритесь внимательнее: это обыкновенная ссора весьма обыкновенных людей. <…> Тут совсем ничего не объяснено, тут нет исторической правды; тут даже и правды жанра нет, тут всё фальшивое. С какой бы вы ни захотели судить точки зрения, событие это не могло так произойти: тут же всё происходит совсем несоразмерно и непропорционально будущему. <…> В картине же г-на Ге просто перессорились какие-то добрые люди; вышла фальшь и предвзятая идея, а всякая фальшь есть ложь и уже вовсе не реализм.
Ռուս գրող Լև Տոլստոյը «Խորհրդավոր ընթրիք» կտավը համարել է Նիկոլայ Գեի «ամենահիանալի» նկարը՝ նշելով, որ «տեղի է ունեցել տարօրինակ մի բան. Քրիստոսի՝ իր աշակերտների հետ անցկացրած վերջին ընթրիքի մասին իր սեփական պատկերացումները համընկել են նրան, ինչ իր նկարում պատկերել է Գեն»[54]։
Հավաքորդ և մեկենաս Պավել Տրետյակովը ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել ձեռք բերել «Խորհրդավոր ընթրիք» կտավն իր հավաքածուի համար։ Նկարիչ Իվան Կրամսկոյին ուղղված իր նամակում (1881 թվականի փետրվարի 5) նա գրում է. «Ակադեմիայում ցուցադրվող բոլոր նկարների մեջ ցայտուն կերպով առանձնանում է և թագավորում (Իվանովի էտյուսների կողքին) Գեի նկարը։ Ափսոս, որ այն Ակադեմիայում է. այնտեղ չէ նրա տեղը։ Հրաշալի նկար է։»[55]։
Գեի կտավը բարձր է գնահատել նաև նկարիչ Իլյա Ռեպինը։ Իր ինքնակենսագրական գրքում՝ «Հեռու մոտիկը», նա գրում է. «Վաթսունական թվականների մարդիկ հիշում են Գեի մեծ փառքը և այն տպավորությունը, որ թողնում էր նրա «Քրիստոսի վերջին ընթրիքն իր աշակերտների հետ» նկարը»։ Այնուհետև նա շարունակում է. «Ոչ միայն մեզ մոտ՝ Ռուսաստանում, այլև, կարելի է համարձակորեն ասել, ողջ Եվրոպայում քրիստոնեական արվեստի ոչ մի փուլում չի եղել այս թեմայով մի նկար՝ հավասար այս նկարին»[56]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.