Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություններ, օտաերկրյա պետությունների դեսպանություններ և հյուպատոսություններ, որոնք տեղակայված են Իսրայելում։ Ներկայումս այդ երկրում տեղակայված է 94 դեսպանություն, որից 90-ը գտնվում են Թել Ավիվում ու Թել Ավիվի մարզում[1], իսկ չորսը՝ Երուսաղեմում։ Բացի դեսպանություններից, որոշ երկրներ Իսրայելում նաև ունեն հյուպատոսություններ, որոնք հիմնականում տեղակայված են Էյլաթում, Հայֆայում և Երուսաղեմում։
2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ[2]։ Դեսպանության տեղափոխումը կայացավ 2018 թվականի մայիսի 14-ին[3]։ 2018 թվականի ապրիլին Գվատեմալան ազդարարեց, որ իր դեսպանությունը ևս կտեղափոխվի Երուսաղեմ[4], որի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ նույն տարվա մարտ ամսին։ 2021 թվականի հունիսին նույնն արեց նաև Հոնդուրասը։ Բրազիլիան ևս հայտարարել էր, որ մտադիր է իր դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ[5]՝ Հունգարիայի, Մոլդովայի և Ռումինիայի հետ միասին[6]։ 2018 թվականին Պարագվայի դեսպանությունը ևս կարճ ժամանակով տեղակայվել էր Երուսաղեմում, սակայն մի քանի ամիս անց այն վերադարձավ Թել Ավիվ[7]։ Սուրինամը հրաժարվել է տեղափոխել իր դեսպանությունը։ Մի շարք երկրներ էլ, ինչպես Հունգարիան և Ավստրալիան, Երուսաղեմում բացել են իրեց առևտրային ու պաշտպանական գրասենյակները կամ դեսպանությունների մասնաճյուղերը։
12 երկրներ պատվավոր հյուպատոսություններ ունեն Երուսաղեմում, իսկ 9 երկրների Երուսաղեմում տեղակայված հյուպատոսությունները սպասարկում են Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչներին։ Վերջիններս չեն համարվում Իսրայելում գործող դիվանագիտական առաքելություններ, չնայած տեղակայված են Երուսաղեմի համայնքային տարածքում։