Ժողովուրդների տեղահանություն Խորհրդային Միությունում
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովուրդների տեղահանություն (ռուս.՝ Депортация народов), Խորհրդային Միությունում ծավալված քաղաքական բռնաճնշումների ձևերից մեկը[1]։ Տեղահանությունների՝ որպես բռնաճնշումների հիմնական առանձնահատկությունները եղել են դրանց՝ արտադատարանային կարգով անցկացման բնույթը, կոնտինգենտային լինելը[2] և մարդկանց մեծ զանգվածների տեղափոխումը աշխարհագրական տեսանկյունից մեկուսացված, նրանց համար անսովոր և հաճախ վտանգավոր բնակության վայր[3]։
Ըստ Պավել Պոլյանի՝ Խորհրդային Միությունում համընդհանուր տեղահանության են ենթարկվել տասնյակ ժողովուրդներ՝ կորեացիներ, գերմանացիներ, ֆիններ-ինգերմանլանդներ, կարաչայներ, կալմիկներ, չեչեններ, ինգուշներ, բալկարցիներ, Ղրիմի թաթարներ և թուրք-մեսխեթինցիներ։ Նրանցից յոթը՝ գերմանացիները, կարաչայները, կալմիկները, ինգուշները, չեչենները, բալկարցիներն ու Ղրիմի թաթարները, դրա հետ միաժամանակ զրկվել են ազգային ինքնավարությունից։
ԽՍՀՄ-ում տեղահանության են ենթարկվել նաև խորհրդային քաղաքացիների բազմաթիվ էթնիկական, ազգային-կրոնական և սոցիալական կատեգորիաներ՝ կազակներ, կուլակներ, ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ թաթարներ, լեհեր, բելառուսներ, ադրբեջանցիներ, քրդեր, ասորիներ, չինացիներ, ռուսներ, իրանցիներ, իրանցի հրեաներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ, լիտվացիներ, լատիշներ, էստոնացիներ, հույներ, իտալացիներ, բուլղարներ, հայեր, համշենցիներ, դաշնակցական հայեր, թուրքեր, տաջիկներ, յակուտներ, աբխազներ և այլն[4]։
Ստալինյան ժամանակաշրջանում տեղահանությունները պաշտոնապես կոչվել են «կամավոր վերաբնակեցում», որովհետև դրանց նախապատրաստմանը մասնակցել են աքսորվող ազգությունների կուսակցական ներկայացուցիչներ[5]։ Հետագայում տեղահանություններն ստացել են այլ գնահատական և հետխորհրդային ժամանակաշրջանում Եվրոպական խորհրդարանի կողմից որակավորվել են որպես ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Խորհրդային Միությունում, համաձայն «Բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին» օրենքի, որն ընդւնվել է 1991 թվականի ապրիլի 26-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից, բռնաճնշումների ենթարկված են ճանաչվել այն ժողովուրդները (ազգեր, ազգություններ կամ էթնիկական խմբեր և պատմականորեն ձևավորված մշակութային-ազգային այլ մարդկանց համայնքներ, օրինակ՝ կազակները), որոնց նկատմամբ ազգային կամ այլ պատկանելության պատճառով պետական մակարդակով իրականացվել է զրպարտության և ցեղասպանության քաղաքականություն, որն ուղեկցվել է նրանց բռնի վերաբնակեցմամբ, ազգային-պետական կազմավորումների լուծարմամբ, ազգային-տարածքային սահմանների վերափոխմամբ, հատուկ բնակավայրերում ահաբեկչության ու բռնությունների ռեժիմի սահմանմանբ[6]։
2010-ական թվականներին մի շարք գիտնական-պատմաբաններ (Նիկոլայ Բուգայ և այլք) քննադատության են ենթարկել «տեղահանություն» (ռուս.՝ «депортация») եզրույթի օգտագործումը Խորհրդային Միության ժողովուրդների՝ ԽՍՀՄ սահմանների ներսում ստիպողական վերաբնակեցման վերաբերյալ։ «Տեղահանություն» հասկացության փոխարեն Նիկոլայ Բուգայն ու մյուսներն առաջարկել են օգտագործել «հարկադրական վերաբնակեցում» տերմինը։