From Wikipedia, the free encyclopedia
Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիր, կնքվել է Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թ. օգոստոսի 10-ին՝ Թիֆլիսում, ՌԽՖՍՀ (Բորիս Լեգրան և ուրիշներ) և Հայաստանի Հանրապետության (Ա. Ջամալյան և ուրիշներ) կառավարությունների պատվիրակությունների միջև։
Բանակցություններն սկսվել են 1920 թ-ի օգոստոսի 6-ին և տևել մինչև 1920 թ-ի օգոստոսի 10-ը, ու այդ օրն էլ ստորագրվել է համաձայնագիրը։ Այն բաղկացած էր նախաբանից և 6 հոդվածներից։
Նախաբանում ասված էր, որ ՌԽՖՍՀ ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիակատար ինքնուրույնությունը։ 1-ին հոդվածով օգոստոսի 10-ից դադարեցվում էին ռազմական գործողությունները ՌԽՖՍՀ և ՀՀ միջև։ Հայկական զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև՝ հյուսիսից ու Բազարչայից արևմուտք գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը։ ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զորքերի կողմից զբաղեցվող վերը նշած շերտի (հոդված 2)։ Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գրավումով ՌԽՖՍՀ նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար, այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք հաշտության պայմանագրում (հոդված 3)։ Կողմերը պարտավորվում էին նաև զորքեր չկենտրոնացնել ինչպես վիճելի, նույնպես և սահմանակից տարածքներում (հոդված 4)։ Մինչև կողմերի միջև պայմանագրի ստորագրումը Շահթախթի-Ջուլֆա երկաթգծի շահագործումը հանձնվում էր Հայաստանի երկաթուղային վարչությանը, պայմանով, սակայն որ այն չօգտագործվի ռազմական նպատակներով (հոդված 5), ՌԽՖՍՀ երաշխավորում էր հայկական զորքերի ազատ անցումը Հայաստան, որոնք հայտնվել էին խորհրդային զորքերի զբաղեցրած գծից այն կողմ։
Իրենց վերաբերմունքը կնքված համաձայնագրի հանդեպ արտահայտեցին ինչպես Անգլիան և Ֆրանսիան, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը։ Շուտով Երևան ժամանեցին Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները և Հայաստանի կառավարությունից պահանջեցին բացատրություն, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը չի՞ նշանակում, որ նա փոխել է իր քաղաքականությունը Արևմուտքի նկատմամբ։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրեց նրանց, որ նախկինի նման մնում է հակաբոլշևիկյան դիրքերում։ Իսկ Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցները՝ քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։ Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Բեքիր Սամին համառորեն պնդեց և ի վերջո ստացավ խորհրդային կառավարության համաձայնությունը Շահթախթին ու Սարիղամիշը գրավելու համար՝ կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով։ 1920-ի սեպտեմբերին թուրքական զորքերը ներխուժեցին Հայաստան (Հայ-թուրքական պատերազմ (1920))։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.