Էկոլոգիական աղետ
From Wikipedia, the free encyclopedia
Էկոլոգիական աղետ, կենդանի օրգանիզմների ոչնչացման պատճառով բնական համակարգերի անդառնալի փոփոխություն, բնության և հասարակության միջև հանկարծակի կամ ժամանակի ընթացքում առաջացող կտրուկ փոփոխություն, որն առաջացնում է բնական և սոցիալական համակարգերի անկայունություն կամ կայունությանը սպառնացող իրավիճակներ։ Աղետալի իրավիճակներ կարող են առաջանալ բնական (երկրաշարժեր և այլն) և տեխնածին (էներգետիկ և այլն) պայթյունանման աղետների հետևանքով կամ երկարատև էկոլոգիական ճգնաժամի ձևով (շրջակա միջավայրի աղտոտում և բնական ներուժի քայքայում)։ Տարբերում են տեղային (ընդգրկում են առանձին տեղամասեր), տարածաշրջանային (մեծ տարածքներ) և խոշորամասշտաբ (ամբողջ մայրցամաքներ կամ երկրագունդը) էկոլոգիական աղետներ։
Էկոլոգիական աղետ է նաև բնական անկանոնությունը, որը հաճախ առաջանում է բնության վրա մարդահարույց գործոնների ազդեցությամբ և զանգվածաբար ոչնչացնում բույսերն ու կենդանիները, պատճառում տնտեսական և մարդկային զգալի կորուստներ։ Օրինակ՝ հրաբխային ժայթքումները, երաշտները, երկրաշարժերը, արդյունաբերական ձեռնարկությունների (քիմիական գործարաններ, ատոմակայաններ) կամ տեխնիկական սարքերի վթարները հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման, տնտեսական վնասի, կենդանի օրգանիզմների, երբեմն էլ մարդկանց մահացության։