![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/87/JeruSynd.png&w=640&q=50)
Երուսաղեմի համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի համախտանիշ, համեմատաբար քիչ հանդիպող հոգեկան հիվանդություն, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը, լինելով Երուսաղեմում, պատկերացնում է, որ տիրապետում է աստվածային, մարգարեական ուժերի և կամ աստվածաշնչյան որոշակի հերոսի մարմնավորումն է, որի ուսերին աշխարհը փրկելու առաքելություն է դրված։ Այս երևույթը փսիխոզ է, որ հանգեցնում է հիվանդին հոգեբուժական հիվանդանոց հոսպիտալացնելուն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/JeruSynd.png/200px-JeruSynd.png)
Համախտանիշի առանձնահատկություններից է այն, որ դրանով տառապող զբոսաշրջիկները կամ ուխտագնացները երկար ճանապարհ են հաղթահարում ամբողջ աշխարհով մինչև Երուսաղեմ հասնելը և երբ հասնում են այնտեղ, քաղաքային փողոցներում իրենց պահում են այնպես, ասես օժտված են գերբնական, աստվածային ուժով։ Նրանց պահվածքին բնորոշ թատերականացումը գրավում է շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Երբեմն նրանց պահվածքը հասնում է ծայրահեղության՝ մարդկանց համար վտանգ ներկայացնելով, ինչով պայմանավորված՝ նրանց բռնի հոսպիտալացնելու անհրաժեշտություն է առաջանում մինչև նրանց պահվածքի վտանգավորության անցումը։ Այս համախտանիշով տառապողների շրջանակում եղել են ինչպես հուդայականներ, այնպես էլ քրիստոնյաներ, որոնց վիճակը նկատելիորեն վատանում է դեպի սրբավայրեր (օրինակ՝ Հիսուս Քրիստոսի եղած վայրերը, Լացի պատ, Սուրբ Հարության տաճար) երկար սպասված այցելություններն իրականացնելուց հետո։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երուսաղեմի համախտանիշով տառապել են հուդայականներ, քրիստոնյաներ և մուսուլմաններ՝ անկախ իրենց հավատադավանանքից։ Հոգեբանների տեսանկյունից համախտանիշը նման է Ֆլորենցիայում և Հռոմում հանդիպող Ստենդալի համախտանիշին կամ փարիզյան համախտանիշին, որով առավելապես տառապում են Ճապոնիայից եկեծ զբոսաշրջիկները։ Համանման հոգեկան խանգարումներ են ունենում Մեքքայում հայտնված ուխտագնացները։
Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1930-ական թվականներին հոգեբույժ Հայնց Հերմանի կողմից։ Համախտանիշի առաջին դրսևորումները նկատվել են դեռևս միջնադարում Ֆելիքս Ֆաբերի ուղեգրության և անգլիացի հոգևոր գրող Մարջերի Քեմփեի կենսագրության մեջ։ Համախտանիշի բազում դրսևորումներ են գրանցվել 19-րդ դարում[1]։
Հիվանդության դրսևորման առավել ծանր դեպքերից է Ավստրալիայից ժամանած քրիստոնյա ուխտագնաց Դենիս Մայքլ Ռոհանի դեպքը (անգլ.՝ Denis Michael Rohan): 1969 թվականի օգոստոսի 21-ին նա փորձել է այրել ալ-Աքսա մզկիթը Տաճարի լեռան վրա, ինչը քաղաքում զանգվածային անկարգությունների տեղիք է տվել Bar-el Y, Durst R, Katz G, Zislin J, Strauss Z, Knobler HY. (2000) Jerusalem syndrome. British Journal of Psychiatry, 176, 86-90. Full text: Ուխտագնացն իրեն հռչակել էր «Աստծո պատվիրակ», որ մզկիթը վերացնելու աստվածային ցուցում է ստացել, որպեսզի ըստ Զաքարիայի մարգարեության՝ օգնի հրեաներին Երրորդ տաճարը կառուցելու և դրանով Քրիստոսի երկրորդ գալուստն արագացնելու։
Ռոհանը այդ քայլին է դիմել հեռուստաքարոզիչ Հերբերտ Ու. Արմսթրոնգի ազդեցությամբ (անգլ.՝ Herbert W. Armstrong): Պատահարից անմիջապես հետո Արմսթրոնգն աշխատել է հեռու մնալ Ռոհանի գործողություններից։ Իսրայելի գլխավոր ռաբբիությունը դատապարտել է Ռոհանի գործողությունները։
1990-ական թվականների վերջերին բրիտանական հոգեբանական մի ամսագիր ենթադրել է, որ հազարամյակի ավարտը Երուսաղեմում զանգվածային հիստերիայի առիթ կհանդիսանա[2]։ 2000 թվականին, իրոք, նկատվել է Երուսաղեմի համախտանիշի դեպքերի աճ, սակայն համաճարակի կանխատեսումները ուռճացված էին[3]։