From Wikipedia, the free encyclopedia
II (երկրորդ) Պունիկյան պատերազմ, պատկանում էր Հռոմեա–կարթագենյան կամ Պունիկյան պատերազմների շարքին և մղվել է մ․ թ․ ա․ 218–201 թվականներին։
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Երկրորդ Պունիկյան պատերազմը (հռոմեացիները կոչում էին «Պատերազմ ընդդեմ Հաննիբալի» կամ հաննիբալյան պատերազմ[1], մ.թ.ա. 218 թվական-մ.թ.ա. 201 թվական)՝ ռազմական բախում երկու դաշնախմբերի միջև, որոնց գլխավորում էին Հին Հռոմը և Կարթագենը։ Պատերազմի նպատակն էր գերիշխանություն ձեռք բերել Միջերկրական ծովում։ Տարբեր ժամանակներում Հռոմի կողմից պատերազմին մասնակցել են Սիրակուսեն, Նումիդիան, Էտոլիական միությունը և Պերգամոսի թագավորությունը, այնինչ՝ Կարթագենի կողից՝ Մակեդոնիան, Նումիդիան, Սիրակուսեն և Աքայական միությունը։
Երկրորդ պունիկյան պատերազմի մասին հիմնական պատմական աղբյուրը հռոմեացի հեղինակ Տիտոս Լիվիոսի «Պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր» աշխատությունն է, մասնավորապես՝ 21-ից մինչև 30–րդ գրքերը։ Մեկ այլ հռոմեացի հեղինակ՝ Դիոն Կասիոսը գրել է «Հռոմեական պատմություն» երկը, որում նկարագրվում են Երկրորդ պունիկյան պատերազմի իրադարձությունները։
Մեզ համար կարևոր են նաև հունական աղբյուրները։ Մասնավորապես, հին աշխարհի խոշորագույն պատմագիրներից մեկը՝ Պոլիբիոսը մ․թ․ա․ II դարում հեղինակել է մի պատմական երկ, որը վերնագրված է «Համընդհանուր պատմություն»։ Այդ պատմագրական աշխատությունը ներառում է մ․թ․ա․ 264 թվական—ից մինչև մ․թ․ա․ 146 թվականների իրադարձությունները։ Մեկ այլ նշանավոր հույն պատմագիր՝ Պլուտարքոսը II դարի սկզբին հեղինակել է «Զուգակշիռք» կամ «Համեմատական կենսագրություններ» աշխատությունը, որում պատմվում են նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Երկրորդ պունիկյան պատերազմի մասին պատնվում է Պլուտարքոսի վերոհիշյալ աշխատության Փաբիոս Մաքսիմոսի և Մարկելոսի կենսագրություններում․ այդ անձինք հռոմեական բանակի զորավարներ էին Երկրորդ պունիկյան պատերազմում։ Մեկ այլ հույն պատմագիր՝ Ապիանոս Ալեքսանդրիացին մ․թ․ 160-ական թվականներին հեղինակել է[2] մի աշխատություն, որը վերնագրված էր «Հռոմեական պատմություն»։ Դրանում նկարագրվում է Հռոմի պատմությունը՝ նրա հիմնադրումից (մ․թ․ա․ 753 թվական) մինչև Տրայանոս կայսեր կառավարման ժամանակաշրջանը (98-117 թվականներ)։ Երկրորդ պունիկյան պատերազմը նա նկարագրել է այդ աշխատության VII գրքում, որը կոչվում է «Հաննիբալական»։ Նաև հնարավոր է, որ Դիոդորոս Սիկիլիացին նույնպես նկարագրել էայդ պատերազմն իր «Պատմական գրադարան» հսկայածավալ աշխատությունում, բայց, ցավոք, այդ գրքերը չեն պահպանվել։
Հռոմի հետ Կարթագենի մ․թ․ա․ 242 թվականին կնքված հաշտությունը ձեռք բերվեց թանկ գնով։ Հռոմեական հանրապետությանն անցան ո՛չ միայն բոլոր այն եկամուտները, որոնք կարթագենացիները ստանում էին Սիցիլիայից, այլև էականորեն թուլացավ Կարթագենի գրեթե մենաշնորհային առևտրական տիրապետությունը Արևմուտքում։ Հռոմի վարքը Կարթագենում վարձկանների ապստամբության ժամանակ հստակ ցույց տվեց Հռոմի դիրքորոշման թշնամականությունը, դրանով իսկ պարզ դարձնելով, որ Հռոմի և Կարթագենի միջև խաղաղ գոյակցությունն անհնարին է։
Կարթագենում վարձկանների ապստամբության ճնշումից հետո դարձյալ ստանալով գլխավոր հրամանատարի պաշտոնը, Համիլկար Բարկան պատերազմ սկսեց Իսպանիայում։ Դեռ շատ հին ժամանակներում` մ․թ․ա․ II հազարամյակի վերջին, այդ երկիրը փյունիկացիների ինտենսիվ գաղութարարական և առևտրական գործունեության օբյեկտ էր։ Մ․թ․ա․ II հազարամյակի վերջին — մ․թ․ա I հազարամյակի սկզբին փյունիկացիները Պիրենեյան թերակղզու հարավում հիմնադրեցին մի շարք խոշոր քաղաքներ և դրանց թվում՝ այնպիսի խոշոր առևտրա–արհեստավորական կենտրոններ, ինչպիսիք էին Կադիսը կամ Գադեսը, Մալագան կամ Մալական, Սեկսին և որոշ այլ քաղաքներ։ Տարտեսի և Պիրենեյան թերակղզու հունական գաղութացման դեմ կատաղի պայքարում միավորվելով, նրանք համեմատաբար վաղ ստիպված եղան ճանաչելու Կարթագենի գերիշխանությունը։ Հասկանալի է, որ այդպիսի կապերի պայմաններում, որոնք արմատներով խորանում էին վաղ անցյալի մեջ, հենց Պիրենեյան թերակղզին կամ Իսպանիան էր այն առավել հարմար հենակետը, որտեղից կարելի էր կազմակերպել ռազմարշավ ընդդեմ Հռոմի։ Համիլկարը և նրա փեսա Հասդրուբալ Գեղեցիկը 9 տարի շարունակ ընդլայնում էին Կարթագենի տիրույթները, այնքան ժամանակ, մինչև որ Համիլկարը ընկավ Գելիկա քաղաքի պաշարման ժամանակ մղվող ճակատամարտում, իսկ Հասդրուբալ Գեղեցիկին Նոր Կարթագենում սպանեց իբեր-բարբարոսը[3]։
Սկզբնապես պաշարումը բարենպաստ էր պունիկների, այսինքն՝ փյունիկացիների, նույնինքն՝ կարթագենացիների համար, և նրանց զորահրամանատարը որոշեց իր բանակի մեծ մասն ու փղերին ուղարկել ձմեռելու պունիկների հիմնական ռազմաբազայում՝ Ակրա Լյովկեում։ Բայց այդ պահին օրիսների ցեղի առաջնորդը, ով, թվում էր, թե բարեկամական կապերով կապված է Համլիկարի հետ, հանկարծակի օգնության եկավ Գելիկային, և պունիկները, չդիմանալով նրա հարվածին, փախուստի դիմեցին։ Անմիջական վտանգ ծագեց Համիլկարի որդիների համար, որոնք գտնվում էին կարթագենյան զորքի մարտակարգերում, և այդ վտանգը վերացնելու համար, Համիլկարը հիմնական հարվածը վերցրեց իր վրա․ հակառակորդների կողմից հետապնդվելով, նա ջրասույզ եղավ գետում, իսկ իր զավակները միևնույն ժամանակ հասցվեցին Ակրա Լյովկե։
Համիլկարի քաղաքականությունը շարունակում էր նրա փեսա Հասդրուբալը։ Նա կարթագենյան զորքի կողմից նոր գլխավոր հրամանատար էր ընտրվել։ Հասդրուբալի կարևորագույն քաղաքական ակտը, որով նա առավել, քան իր մյուս գործողություններով, շարունակեց Համիլկարի գործունեությունը, Միջերկրական ծովի ափին Նոր Կարթագեն քաղաքի հիմնադրումն էր։
Այդ քաղաքը տեղակայված էր հարմար ծովածոցի ափին և շրջապատված անառիկ բլուրների շղթայով։ Նոր Կարթագենի բախտն առավել բերեց, քան Ակրա Լյովայինը։ Եթե վերջինս, որքան կարելի է այդ մասին դատել, մշտապես մնաց պաշտպանական քաղաք, և Գադեսի հետ մրցակցել ի վիճակի չէր, ապա Նոր Կարթագենը անմիջապես վերածվեց Իսպանիայում պունիկյան տիրույթների վարչական կենտրոնի և միաժամանակ՝ Արևմտյան Միջերկրածովում կարևորագույն առևտրական կենտրոններից մեկի։ Համիլկարի և Հասդրուբալի ջանքերով իրենց հայրենի պետությունը՝ Կարթագենը ո՛չ միայն լրիվ փոխհատուցեց I Պունիկյան պատերազմի ընթացքում կրած կորուստները, այլև ձեռք բերեց վաճառահանման նոր շուկաներ, իսկ իսպանական արծաթահանքերն այնպիսի եկամուտներ էին բերում, որ Համիլկարի ու Հասդրուբալի քաղաքական հակառակորդները պարզապես զրկվել էին նրանց դիմակայելու հնարավորությունից։ Բարկայի գործողությունները առաջացրին Պիրենեյան թերակղզում հունական գաղութների բնական անհանգստությունը։ Նրանք սպառնալիք զգացին իրենց ինքնուրույնության նկատմամբ, և պաշտպանության համար դիմեցին Հռոմեական հանրապետությանը, որն էլ, դրանով իսկ, ցանկալի առիթ ստացավ միջամտելու իսպանական գործերին։ Դեռևս Համիլկարի կյանքի օրոք Հռոմի և Կարթագենի միջև բանակցություններ կայացան, և նրանց միջև Իսպանիայում կատարվեց ազդեցության ոլորտների բաժանում՝ հարավը՝ պունիկյան, հյուսիսը՝ հռոմեական, իսկ նրանց միջև սահմանագիծ ճանաչվեց Իբերոս՝ ներկայիս Էբրո գետը։
Հոր զոհվելու պահին Հաննիբալը դարձավ տասնյոթ տարեկան։ Դատելով հետագա իրադարձություններից, նա իր եղբայրների՝ Մագոնի և Հասդրուբալի հետ թողեց Իսպանիան և վերադարձավ Կարթագեն։ Ռազմական ճամբարի իրադրությունը, ռազմերթերին մասնակցությունը, հոր փեսայի դիվանագիտական գործունեության դիտարկումը, անտարակույս, վճռական ազդեցություն էին գործել երիտասարդ Հաննիբալ Բարկայի, որպես զորավար և պետական գործիչ ձևավորվելու վրա։
Հաննիբալը հենց իր հորը՝ Հաննիբալ Բարկային էր պարտական նաև իր արտակարգ կրթությամբ, այդ թվում՝ հունարենի և հունական գրականության իմացությամբ, ինչպես նաև հունարեն գրելու կարողությամբ։ Թե որքան սկզբունքային էր Համիլկա Բարկայի այդ քայլը, այսինքն՝ իր զավակներին հունական մշակույթին հաղորդակից դարձնելը, երևում է նրանից, որ այդ քայլն արվել էր ի հակառակ կարթագենյան հին օրենքի, որն արգելում էր հունարենի ուսումնասիրումը։ Խախտելով վաղնջական կարգերը, որոնք պետք է պուիկացիներին սահմանազատեին իսկական թշնամուց՝ Սիրակուզայից, իսկ փաստորեն մեկուսացնում էր նրանց նրանց շրջակա աշխարհից, Համիլկարը ո՛չ միայն ձգտում էր պատրաստել իր զավակներին, նախ և առաջ՝ Հաննիբալին, ապագա ակտիվ քաղաքական գործունեության համար, այլև ցանկանում էր ընդգծել իր ձգտումը՝ Կարթագենը մտցնել հելենիստական աշխարհի մեջ, ընդ որում՝ ո՛չ թե որպես օտար մարմին, այլ որպես օրգանական մաս և, դրանով իսկ, Կարթագենի համար ապահովել հույների համականքն ու աջակցությունը հռոմեացի «բարբարոսների» դեմ ապագա պայքարում։
Այնինչ այդ ժամանակ Հռոմը սկսեց հետաքրքրվել Արևմտյան Միջերկրածովյան ավազանի գործերով և դաշինք կնքեց Սագունքաղաքի հետ, որն ուղղված էր Կարթագենի դեմ և նպատակ ուներ կանգնեցնելու վերջինիս առաջխաղացումը դեպի հյուսիս։
Իսկ ահա Հաննիբալը վերադառնում է Իսպանիա, որտեղ շնորհիվ իր անձնական հատկանիշների, շատ հանրահայտ դարձավ կարթագենական բանակում։ Ուստի իր փեսայի՝ Հասդրուբալի մահվանից հետո Հաննիբալը կարթագենցի ռազմիկների կողմից ընտրվեց Իսպանիայում գտնվող կարթագենական զորաբանակի գլխավոր զորահրամանատար[4]։
Երբ Հաննիբալն իշխանության եկավ, նա դեռ քսանհինգ տարեկան երիտասարդ էր։ Այդ ժամանակ կարթագենացիների գերիշխանությունը Իսպանիայում ամուր հաստատված էր և Պիրենեյան թերակղզում հարավային մասը հուսալի պլացդարմ՝ հենակայան էր թվում, ընդդեմ Հռոմի։ Ինքը Հաննիբալն ուներ Բարկիդների կամ Բարկյանների տոհմի համար արդեն ավանդական դարձած ամուր կապեր իբերական աշխարհի հետ։ Ի դեպ, Հաննիբալն ամուսնացած էր Կաստուլոն քաղաքի բնակչուհի մի իբերուհու հետ։ Կաստուլոնը Կարթագենին դաշնակից իբերական քաղաք էր։ Հաննիբալն անմիջապես սկսեց իրեն պահել այնպես, կարծես թե Հռոմի հետ պատերազմն արդեն որոշված հարց էր և դրա վարումը հանձնարարված էր իրեն՝ Հաննիբալին, իսկ իր գործունեության ոլորտն է նշանակված Իտալիան։ Հաննիբալն, ակներևաբար, չէր էլ թաքցնում իր մտադրությունը՝ հարձակվելու հռոմեացիների դաշնակից Սագունտում քաղաքի վրա, և դրանով իսկ, Հռոմին ներքաշելու ուղղակի զինաբախման մեջ, սակայն ընդ որում, Իսպանիայում կարթագենցական բանակի երիտասարդ գլխավոր զորահրամանատարը այնխիսի տեսք էր ընդունել, թե իբր, Սագունտի վրա հարձակումը ինքնաբերաբար տեղի կունենա, իրադարձությունների բնական զարգացման արդյունքում։ Այդ նպատակով նա մի շարք հաղթանակներ տարավ այն իսպանական ցեղերի նկատմամբ, որոնք ապրում էին Կարթագենի հյուսիսային տիրույթների սահմանին և դրանով իսկ հայտնվեց անմիջականորեն Սագունտի մարզի սահմանների մոտ։ Չնայած նրան որ Սագունտը Հռոմեական հանրապետության դաշնակիցն էր, Հաննիբալը կարող էր վստահ լինել Հռոմի չմիջամտությանը, քանզի վերջինս այդ միևնույն ժամանակ պատերազմում էր գալլերի և իլլիրիական ծովահենների դեմ։ Հաննիբալը կարողացավ բախումներ սադրել Սագունտի և պւոնիկյան իշխանության ներքո գտնվող ցեղերի միջև, ապա՝ միջամտեց այդ հակամարտությանը և աննշան մի առիթով պատերազմ հայտարարեց Սագունտին։ Բավական ծանր 7-ամսյա պաշարումից հետո, Սագունտը վերցվեց, իսկ Հռոմմ այդպես էլ չհամարձակվեց ռազմական օգնություն ցուցաբերել Սագունտին։ Սոսկ Սագունտ քաղաքի՝ կարթագենացիների կողմից վերցվելուց հետո էր, որ Կարթագեն ուղարկված դեսպանությունը քաղաքի գրավումից հետո միայն ուղղակի հայտարարեց Կարթագենի դեմ պատերազմ սկսելու մասին։
Իտալիա արշավելուց առաջ Հաննիբալը իր բանակին ամբողջ ձմեռը հանգիստ տվեց։ Միևնույն ժամանակ, Հաննիբաը լուրջ ուշադրություն էր հատկացնում Աֆրիկայի և Իսպանիայի պաշտպանությանը։ Աֆրիկայում Հաննիբալը թողեց 13 750 հետևակազորային և 1200 հեծելազորային[5]։ Ի դեպ, Աֆրիկան պաշտպանող այդ զորքերը հավաքագրված էին Իսպանիայում։ Հավելումն դրանց՝ Հաննիբալը Աֆրիկայի պաշտպանության համար ուղարկեց նաև 870 բալեարյան պարսատիկավորներ։ Բուն Կարթագենը՝ պետության մայրաքաղաքը ուժեաղցրեցին լրացուցիչ 4000–անոց կայազորով։ Իսպանիայում պունիկյան զորքերի զորահարմանատարի պաշտոնին Հաննիբալը նշանակեց իր եղբորը՝ Հասդրուբալին նրա տրամադրության ներքո թողեց զգալի ռազմական ուժեր․ հետևակազորայիններ՝ 11 850 լիբիացիներ, 300 լիգուրներ, 500 բալեարներ, և հեծելազորայիններ՝ 450 լիբիո–փիյունիկացի և լիբիացի, 300 իլերգետ, 800 նումիդիացի[6]։ Բացի այդ, Հասդրուբալն ուներ 21 փիղ և զգալի թվով նավատորմ՝ Իսպանական ծովափը հռոմեական ներխուժումից պաշտպանելու համար, այդ թվում՝ 50 քվինքվերեմա կամ պենտերա, 2 տետրերա և 5 տրիերա[6]։
Հաննիբալի «ներխուժման բանակը» կազմված էր մոտ 50 000 հետևակազորայիններից, 9000 հեծելազորայիններից և 37 փղերից։
Ընդ որում նույն ժամանակ հռոմեացիները ևս պատրաստվում էին պատերազմի։ Կոնսուլ Տիբերիոս Սեմպրոնիոս Լոնգոսը, որը մ․թ․ա․ 218 թվականի համար ընտրված երկու հռոմեական կոնսուլներից մեկն էր, իր հրամանատարության ներքո ուներ 24 000 հետևակազորային, 2400 հեծելազորային և 160 նավ։ Երկրորդ կոնսուլը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը, որը նույնպես կոնսուլ էր ընտրվել մ․թ․ա․ 218 թվականին, իր հրամանատարության ներքո ուներ 22 000 հետևակազորային և 2200 հեծելազորային։ Գալլիայում կամ Գալիայում (Գաղիա) հռոմեական բանակը՝ պրետոր Լուկիոս Մանլիոսի գլխավորությամբ, ուներ 18 000 հետևակազորային և 1600 հեծելազորային։ Ամբողջությամբ՝ հռոմական բանակն իր կազմում ուներ 64 000 հետևակազորային և 6200 հեծելազորային, ինչը քանակապես մի փոքր գերազանցում էր Հաննիբալի զորքերին։ Ընդ որում, հռոմեական բանակն ուներ մի էական գերազանցություն՝ նրանք պետք է պատերազմեին իրենց հայրենիքի տարածքում՝ Իտալիայում և նրանց համար լրացուցիչ ռազմական զորակազմերի զորահավաքը ավելի դյուրին գործ էր, քան պունիկյան զորահրամանատարի համար՝ համալրումներ ստանալը։ Ընդսմին, չի կարելի չտեսնել նաև այլ՝ Կարթագենի համար բարենպաստ երևույթ։ Դա հռոմեական բանակի ցրվածությունը և փոշիացվածությունը, ինչպես նաև ընդհանուր միասնական հրամանատարության բացակայությունը։Անշուտ, դա դժվարացնում էր հռոմեացիների կողմից մարտական գործողություների անցկացումը։ Կարթագենի բախտից՝ Հաննիբալը ռազմական գործի հանճար էր․․․
Կողմերի ռազմական ուժերի հարաբերակցությունը և կորուստները ներկայացված են հետևյալ կերպ․
Սիցիլիայի համար մղված պատերազմից հետո, մի քանի տարի անց Կարթագենը կրկին հզորացավ։ Նույն դարավերջին Կարթագենի բանակը՝ Հաննիբալի առաջնորդությամբ կարողացավ գրավել Իսպանիան։ Այնտեղ կային արծաթի հարուստ հանքավայրեր։ Պիրենեյան թերակղզում ապրող ցեղերից կարթագենցիները կազմեցին հզոր բանակ։ Հաննիբալը հռոմեացիների ոխերիմ թշնամին էր։ Հաննիբալի գահակալությամբ սկսվեց կարթագենա-հռոմեական մի նոր հակամարտություն։ Երկար սպասելով հռոմեացիների հարձակմանը` Հաննիբալը հենց ինքը նախահարձակ եղավ։ Հաննիբալի զորքը ցամաքով անցավ Իտալիա։ Ալպյան լեռները անցնելով` Հաննիբալը հանգրվանեց Պադան (ներկայիս՝ Պո) գետի ափին։ Այստեղ ապրող գալլերը, որոնք թշնամանքով էին վերաբերվում հռոմեացիներին, միացան կարթագենցիներին։ Այսպես սկսվեց II (երկրորդ) Պունիկյան պատերազմը։
237–219-ի ընթացքում Կարթագենին հաջողվել էր ո՛չ միայն վերականգնել իր տնտեսական և ռազմական պոտենցիալը՝ ներուժը, այլև՝ ընդլայնել իր տիրույթներն Իսպանիայում։
Հայտնի է, որ II (երկրորդ) Պունիկյան պատերազմի առիթն էր մ․ թ․ ա․ 219 թվականին Հաննիբալի հարձակումը Հռոմի դաշնակից իսպանական Սագունտում քաղաքի վրա։ Մինչ հռոմեացիները նախատեսում էին ռազմագործողությունները վարել Աֆրիկայում և Իսպանիայում, Հաննիբալը, կանխելով նրանց, աննախադեպ անցում է կատարել Ալպյան լեռներով (Ալպեր) և ներխուժել Իտալիա։ 218 թվականին Տիկինոս (Տիչինա) և Տրեբիա գետերի, 217 թվականին Տրազիմենուս լճի, 216 թվականին Կաննեի մոտ Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին, բայց մ․ թ․ ա․ 212 թվականից նախաձեռնությունն անցել է հռոմեացիներին։ Մ․ թ․ ա․ 212–211 թվականներին նրանք գրավել են Սիրակուսեն Սիկիլիայում (այդ ժամանակ էլ սպանվել է Արքիմեդը), Կապուան՝ Իտալիայում։ Իսպանիայում գործող հռոմեական բանակը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի (տե՛ս Սկիպիոններ) գլխավորությամբ գրավել է Կարթագենի գլխավոր ամրությունը՝ Նոր Կարթագենը (մ․ թ․ ա․ 209 թվական)։ Մ․ թ․ ա․ 207 թվականին Իտալիայի հյուսիսում, հռոմեական զորքը պարտության է մատնել Հաննիբալին օգնության եկած կարթագենական զորքին, մ․ թ․ ա․ 204 թվականին Սկիպիոնի գլխավորությամբ ափ է իջել Աֆրիկա՝ Կարթագեն քաղաքի մոտ։ Մ․ թ․ ա․ 203 թվականին Հաննիբալը ետ է կանչվել Աֆրիկա և մ․ թ․ ա․ 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվել։ Մ․ թ․ ա․ 201 թվականին կնքվել է հաշտություն, Կարթագենը հրաժարվել է Իսպանիայից, զրկվել Աֆրիկայում պատերազմ վարելու իրավունքից, ոչնչացրել իր նավատորմը, վճարել մեծ ռազմատուգանք[7]։
Հաշտության պայանագրով Կարթագենը Հռոմին հսկայական գումար էր մուծում՝ որպես ռազմատուգանք՝ կոնտրիբուցիա (10 000 տաղանդ), որը պետք է կատարվեր 50 տարում։ Ապա Կարթագենը կորցրեց իր անդրծովյան տիրույթներն ու ամբողջ նավատորմը (բացի տասը նավից), ինչպես նաև իրավունք չուներ որևէ պատերազմ վարելու՝ առանց Հռոմի թույլտվության։
Երկրորդ պունիկյան պատերազմը տևեց 17 տարի և ավարտվեց Հռոմի հաղթանակով, որը դարձավ Արևմտյան Միջերկրածովի հզորագույն պետությունը։
Տարին
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.