![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/POL_Jelenia_G%25C3%25B3ra_flag.svg/langhy-640px-POL_Jelenia_G%25C3%25B3ra_flag.svg.png&w=640&q=50)
Ելենյա Գուռա
From Wikipedia, the free encyclopedia
Ելենյա Գուռա (լեհ.՝ Jelenia Góra, pron. Yeh-lenia-Goorah, գերմ.՝ Hirschberg im Riesengebirge, Exonym: Deer Mountain)[2], քաղաք Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում, Լեհաստանի և Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնաշյան լեռնաշղթայի մերձակայքում, լեռնադահուկային հայտնի առողջարաններ Կարպաչից ու Շկլյարսկա Պորեմբայից մոտավորապես 10-15 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև 1945 թվականը մտել է Գերմանիայի Սիլեզիա մարզի կազմի մեջ, կոչվել Հիրշբերգ (գերմ.՝ Hirschberg), որը, ինչպես և լեհերեն Ելենյա Գուռան, նշանակում է «Եղնկասար», «Եղնասար»։ Լեհաստանին է տրվել Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ելենյա Գուռա | |||||
լեհ.՝ Jelenia Góra բելառուս․՝ Гіршберг գերմ.՝ Hirschberg անգլ.՝ Hirschberg ֆր.՝ Hirschberg իսպ.՝ Hirschberg չեխ․՝ Jelení Hora | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 109,2 կմ² | ||||
ԲԾՄ | 352,74 մետր | ||||
Բնակչություն | ▼77 305 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 58-500, 58-501, 58-504, 58-505, 58-506, 58-507, 58-508, 58-560, 58-570 և 58-588 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DJ | ||||
Պաշտոնական կայք | jeleniagora.pl(լեհ.) | ||||
| |||||
Ունի քաղաքային պովյատի (շրջանի) և առանձին համայնքի (գմինայի) կարգավիճակ[3]։ Կարկոնաշեի շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 108,4 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 87 017, 2021 թվականի տվյալներով՝ 77.366[4][4]: Տարածքը, որը ներառում է Ցեպլիցե Շլյանսկե-Զդրոյ առողջարանային հնագույն շրջանը, կազդուրման ու հանգստի սիրված վայրերից մեկն է Լեհաստանում[5]։
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարի սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել լեհերի իշխանության օրոք՝ 1288 թվականին[6]։ Ընկած լինելով Հռոմեական սրբազան կայսրությունն ու Բոհեմիան Արևելյան Եվրոպային կապող առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում[7]՝, ծաղկում է ապրել իրեն շնորհված արտոնությունների շնորհիվ, արտոնություններ, որոնք հիմք են հանդիսացել ուշ միջնադարում ու վաղ Վերածննդի դարաշրջանում ջուլհակության ու հանքագործության բուռն զարգացման համար[7]։ Ելենյա Գուռան վկա է դարձել պատմական մի շարք արյունալի բախումների, այդ թվում՝ Երեսնամյա պատերազմի և Սիլեզյան պատերազմի վճռորոշ ճակատամարտերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը հրաշքով փրկվել է ավերումից։
Ելենյա Գուռայի կենտրոնական հատվածում տեղ են գտել պատմա-ճարտարապետական բազում մեծարժեք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարում կառուցված քաղաքապետարանը, բարոկկո ոճով կառուցված եկեղեցիները, վերակառուցված շուկայական հրապարակը, զբոսայգիները, պարտեզները։ Ելենյա Գուռայում է գտնվում քաղաքի հարևանությամբ տարածվող Կարկոնոշյան ազգային պարկի գրասենյակը (տարեկան շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ պարկը)։