Ռումինիայի նախագահ և կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի կինը From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Չաուշեսկու (ռումիներեն՝ Elena Ceaușescu, հունվարի 7, 1916[1][2], Petrești, Ռումինիայի թագավորություն - դեկտեմբերի 25, 1989[1][2], Տըրգովիշտե, Ռումինիա), Ռումինիայի նախագահ և կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի կինը։ Եղել է Ռումինիայի կառավարության առաջին փոխվարչապետը, Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ էր, գլխավորել է Ռումինիայի գիտությունների ակադեմիան և երկրի խոշոր քիմիական կոմբինատը՝ ICECHIM-ը։ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին ամուսնու հետ փախել են մայրաքաղաքից՝ տապալված հեղափոխության արդյունքում։ Սկզբում ուղղաթիռով, հետո ավտոմեքենայով հասել են մինչև Տըրգովիշտե քաղաք, որտեղ էլ նրանց բռնել են բանակայինները։ Կազմակերպված հեղափոխական արտակարգ դատարանը երկուսին էլ մեղադրանք է առաջադրել պետության դեմ հանցագործություն, սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն, արտասահմանյան բանկերում գաղտնի հաշիվներ բացելու, ազգային տնտեսությանը վնաս հասցնելու մեջ[4][5][6]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին դատարանի վճռից մի քանի ժամ անց երկուսն էլ գնդակահարվել են զինվորների կողմից, իսկ նրանց ողջ ունեցվածքը բռնագրավվել է[7]։
Ելենա Չաուշեսկու ռումիներեն՝ Elena Ceaușescu | |
Կուսակցություն՝ | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բուխարեստի համալսարան |
Մասնագիտություն՝ | Strigoi |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1916[1][2] |
Ծննդավայր | Petrești, Ռումինիայի թագավորություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 25, 1989[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Տըրգովիշտե, Ռումինիա |
Թաղված | Ghencea Cemetery |
Դինաստիա | Ceaușescu family? |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ի ծնե անուն | ռումիներեն՝ Lenuta Petrescu |
Ամուսին | Նիկոլաե Չաուշեսկու |
Զավակներ | Նիկու Չաուշեսկու, Զոյա Չաուշեսկու և Վալենտին Չաուշեսկու |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ելենա Պետրեսկուն ծնվել է Պետրեշտի կոմունայում՝ Դիմբովիցա, Վալախիա շրջանում՝ գյուղացու ընտանիքում։ Ընտանիքի հոգսը նրա հողագործ հոր վրա էր։ Գրառումները ցույց են տալիս, որ նա չի ավարտել գյուղական դպրոցը, նախնական դպրոցից դուրս է եկել միայն մեկ բարձր գնահատականով՝ ձեռագործությունից[8]։ Նախնական կրթություն ստանալուց հետո եղբոր հետ տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ աշխատել է որպես լաբորանտ, որից հետո աշխատել է տեքստիլ գործարանում։
1937 թվականին ընդունվել է Ռումինիայի կոմունիստական կուսակցության շարքերը 1939 թվականին, այդ ժամանակ դեռևս երիտասարդ ընդհատակյա կոմունիստուհին ծանոթացել է ապագա ամուսնու՝ Նիկոլաե Չաուշեսկուի հետ, որը նոր էր ազատ արձակվել Դոֆտանի բանտից[9]։ Չաուշեսկուն վայրկենապես հմայվում է նրանով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք ամուսնանում են։ Նիկոլաեի քաղաքական կյանքի ընթացքում Ելենա Պետրեսկուն, որն այդ տարիներին քիչ կրթված տեքստիլ-աշխատավորուհի էր[10], սկսեց մեծ դեր ունենալ Նիկոլաե Չաուշեսկուի կյանքում և արդյունքում դարձավ նրա քաղաքական որոշումների կայացման գործում ոչ վերջին մարդը։ Երիտասարդ տարիներին Ելենան աշխատել էր նաև քիմիական գործարանում։ Այդ պատճառով նրան նշանակեցին երկրի ամենամեծ քիմիական լաբորատորիայի՝ «ICECHIM» քիմիական հետազոտությունների ազգային ինստիտուտի ղեկավար։ Հետագայում «Կարպատների հանճարի»[11] կնոջը ողողելով բոլոր հնարավոր գիտական աստիճաններով, նրան հայտարարեցին որպես «գիտության լուսատու» և նշանակեցին Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ղեկավար։
Քաղաքականության մեջ նույնպես Ելենա Չաուշեսկուն մնում էր առաջնային դերում։ Նա հաճախ էր ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ։ 1971 թվականի հունիսին ՉԺՀ պետական այցի ժամանակ նա հաշվի էր առել Մաո Ցզե Դունի կնոջ՝ Ցզյան Ցինի երկրում ունեցած իրական իշխանությունը։ Հավանական է, որ Ելենան ոգեշնչվել է դրանով և դրանից հետո Ռումինիայում սկսվել է նրա քաղաքական վերելքը։ 1971 թվականի հուլիսին նա ընտրվել է սոցիալ-տնտեսական կանխատեսման կենտրոնական հանձնաժողովի անդամ, իսկ 1972 թվականի հուլիսին նա դառնում է Ռումինիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական մարմնի լիիրավ անդամ։ 1973 թվականի հունիսին Էմիլ Բոդնարի կողմից առաջադրվել և ընտրվել է կուսակցության գործադիր կոմիտենի անդամ։ 1974 թվականի նոյեմբերին Ռումինիայի կոմունիստական կուսակցության 11-րդ համագումարում նա դառնում է քաղաքական գործկոմի անդամ, իսկ 1977 թվականի հունվարին դառնում է բարձրագույն կուսակցական մարմնի՝ քաղաքական գործկոմի մշտական բյուրոյի անդամ։ 1980 թվականի մարտին նա դարձել է վարչապետի առաջին տեղակալ[8][12][13]։ Ամուսիններին նվիրված ներբողներից մեկում, նրան նվիրել էին այսպիսի տողեր․ «Աստղի նման առկայծելով հավերժական երկրային ամրոցից, նա կանգնած է հզոր ամուսնու մոտ և նայում է Ռումինիայի հաղթական ուղուն»[14]։
Ելենա Չաուշեսկուն դարձավ «նույն հզոր» անձի պաշտամունքի «օբյեկտ», ինչպիսին ամուսինն էր։ Նիկոլաեն այնպես էր մեծարում կնոջը, որ նրան սկսեցին անվանել «ազգի մայր»[14]։ Նա փառամոլությամբ ու պաշտված լինելու մոլուցքով գերազանցում էր Նիկոլաեին։ Ռումինական հեռուստաընկերություններին խիստ հրաման էր տրվել հեռուստաէկրաններին մանրամասն հետևել Ելենա Չաուշեսկու պատկերին։ Օրինակ՝ մեծ քթի պատճառով նրան երբեք չպետք է ցուցադրեին կիսադեմ, չնայած երիտասարդ ժամանակ շատ հմայիչ է եղել[15]։ Ելենան հրապարակայնորեն ասում էր, որ իր համար մեծ պատիվ էր «ընկեր» կոչվելու, բայց ԱՄՆ-ի ռումինական վտարանդիների ներկայացուցիչները հաճախ քամահրանքով նրան անվանում էին «տիկին Չաուշեսկու» (աչքերի համար)[16]
Պաշտոնական տվյալներով՝ հեղափոխության ժամանակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին Չաուշեսկի ամուսինները օգնականների և թիկնապահների հետ փախել են մայրաքաղաքից։ Սկզբում ուղղաթիռով փրկվել են ցուցարարների բազմահազարանոց խմբից, որից հետո Ելենան ամուսնու հետ շարունակել են փախուստ ավտոմեքենայով։ Սակայն արդյունքում նույն օրը նրանք բռնվել են զինվորականների կողմից՝ Տըրգովիշտե քաղաքում[17][18]։ Հենց այնտեղ էլ երկու օր անց ռազմական բազայում արագ ստեղծվել է արտակարգ դատարան, որն էլ Չաուշեսկի զույգին դատապարտել է գնդակահարության՝ բռնագրավելով նրանց ողջ ունեցվածքը[18]։
1989 թվականի դեկտեմբերի 25-ին ձայնագրվել, իսկ հետո ռումինական հեռուստատեսությամբ ցուցադրվել է դատական նիստը[19][20], որից հետո, դատավճռի համաձայն, Տըրգովիշտե քաղաքի զինվորական տեղամասի տարածքում Չաուշեսկի ամուսիններն իսկույն գնդակահարվել են (14։50-ին) երեք դեսանտայինների կողմից, որոնք ընտրվել էին տասնյակ կամավորներից[20][21]։ Այնուհետև նրանց տարել և թողել են «Ստյաուա» մարզադաշտում, որից հետո նրանց հուղարկավորել են Գենչայի զինվորական գերեզմանատանը։ Արագ ցուցադրական գործընթացն ու մահացած Չաուշեսկիներին տեսագրել են և կադրերն անհապաղ ցուցադրել մի շարք արևմտյան երկրներում[22][23]։ 1990 թվականի հունվարի 7-ին Ռումինիայում վերացվեց մահապատիժը և Չաուշեսկի ամուսինները դարձան վերջին մահապատժի ենթարկվածները[24]։
Նրանց երեք երեխաներին (Նիկա (1951-1996), Վալենտին (1948) և Զոյա (1949-2006))[25] ձերբակալել են 1989 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից անմիջապես հետո[26]։ Նիկա Չաուշեսկին մեղադրվում էր ցեղասպանության կազմակերպման, իսկ Զոյան ու Վալենտինը՝ ազգային տնտեսության կործանման համար։ 1990 թվականի սկզբին նրանք ազատվել են բանտից։ 2006 թվականի հոկտեմբերին՝ Չաուշեսկու իշխանության անկումից համարյա 17 տարի անց, Ռումինիայի դատարանը որոշել է նրա երեխաներին վերադարձնել հեղափոխությունից հետո բռնագրավված սեփականությունը։
Նիկան զբաղվել է քաղաքականությամբ, մահացել է 1996 թվականին լյարդի քաղցկեղ և շաքարախտ հիվանդություններից։
Զոյան եղել է մաթեմատիկոս, մահացել է 2006 թվականին, թոքերի քաղցկեղից։
Վալենտինը մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Նա հաճախ էր հրավիրվում ԱՄՆ դասախոսություններ կարդալու՝ բարձր հոնորարի դիմաց[27]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.