Դրուժբա (նավթատար)
նավթատար / From Wikipedia, the free encyclopedia
Դրուժբա (ռուս.՝ нефтепровод «Дружба»), աշխարհում խոշորագույն[1] մայրուղային նավթամուղերի համակարգ։ Կառուցվել է 1960-ական թվականներին ԽՍՀՄ «Լենգազսպեցստրոյ» ձեռնարկության կողմից Վոլգոուրալյան նավթագազառատ շրջանի նավթը Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՍԵՏՀ) սոցիալիստական երկրներ առաքելու համար, որոնցից էին` Արևելյան Եվրոպայում գտնվող Հունգարիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և ԳԴՀ-ն։
Նավթամուղի երթուղին անցնում է Սամարայից մինչև Բրյանսկ, ապա մինչև Մոզիր, որից հետո ճյուղավորվում է 2 հատվածի` հյուսիսային (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով) և հարավային (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Խորվաթիայի տարածքով)։
Համակարգն ընդգրկում է 8900 կմ խողովակաշար (նրանցից 3900 կմ Ռուսաստանի տարածքում), 46 պոմպակայաններ, 38 միջանկյալ պոմպակայաններ, որոնց ռեզերվուարների ամբարների տարողությունը կազմում է 1,5 մլն մ³ նավթ։ Նավթատարով «հեռավոր արտասահմանյան» երկրներ ամեն տարի արտահանվում է 66,5 մլն տոննա, այդ թվում նաև հյուսիսային ճյուղով` 49,8 մլն տ։
Խողովակաշարի ռուսական հատվածը շահագործվում է «Տրանսնավթ» ընկերության («Դրուժբա» ՄՆ ԲԲԸ ստորաբաժանման) կողմից, սլովակիականը` «Տրանսփետրոլ» ընկերության կողմից։ Նաև «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ իրականացնում է Բալթյան խողովակաշարերի համակարգ II շահագործումը (БТС-II), որը «Դրուժբան» կապում է Բալթիկ ծովի ռուսական ծովային նավահանգիստների հետ[2]։
2012 թվականի փետրվարի 9-ին «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Վալենտինովիչ Բոգոմոլովը[3]։