քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Դեքսամետազոն, կորտիկոստերոիդների շարքի դեղամիջոց[2]։ Այն կիրառվում է մի շարք հիվանդությունների ու վիճակների բուժման համար՝ ռևմատիկ հիվանդություններ, մաշկային ախտահարումներ, սուր ալերգիա, ասթմա, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), կրուպ (սուր լարինգոտրախեիոբրոնխիտ), գլխուղեղի այտուց, տուբերկուլոզի ժամանակ հակաբիոտիկների հետ զուգահեռ կիրառում[2]։ Մակերիկամային անբավարարության ժամանակ օգտագործվում է միներալոկորտիկոիդ (հանքակորտիկոիդ) ազդեցություն ունեցող պրեպարատների հետ զուգահեռ, օրինակ՝ ֆլուդրոկորտիզոնի[2]։ Կիրառվում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ երեխաների մոտ հետագա հնարավոր բարդությոններից խուսափելու նպատակով[2]։ Այն կիրառվում է ինչպես ներքին ընդունման ձևով (բերանացի, պերօրալ), այնպես էլ միջմկանային (մ/մ) և ներերակային (ն/ե) ներարկումների միջոցով[2]։ Դեքսամետազոնը սկսում է ազդել առաջին օրվա ընթացքում, ազդեցության տևողությունը 3 օր է[2]։ Երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կանդիդոզի (բերանի սնկախտ), օստեոպորոզի (ոսկրերի քայքայում, նոսրացում), կատարակտի, կապտուկների վաղ առաջացման և մկանային թուլության[2]։ ԱՄՆ-ում անհրաժեշտ է հղիության C կատեգորիայի հաստատում, որպեսզի դեքսամետազոնի կիրառման ցուցումները գերազանցեն ռիսկերին[3]։ Իսկ Ավստրալիայում անհրաժեշտ է A կատեգորիայի հաստատում, որի դեպքում հղիության ընթացքում դեքսամետազոնի օգտագործումը գնահատվում է պտղի համար անվտանգ[4]։ Խորհուրդ չի տրվում կիրառել կրծքով կերակրման ժամանակ[2]։ Այն ունի հակաբորբոքային և իմունաճնշիչ (իմունոսուպրեսոր) ազդեցություն։
Դեքսամետազոն | |
---|---|
Դեքսամետազոնի քիմիական բանաձևը | |
Տեսակ | քիմիական երևույթի տեսակ |
Հոմանիշներ | գլյուկոկորտիկոիդներ |
Կիրառում | Հակաբորբոքային, իմունաճնշիչ, հակաքաղցկեղային, փոխարինիչ թերապիա, հակափսխումային |
Գործածության եղանակ | Ներքին ընդունման ձևով(բերանացի, պերօրալ),ներերակային (ն/ե), միջմկանային (մ/մ), ենթամաշկային (ե/մ), ներոսկրային (ն/ո) |
Ազդեցության մեխանիզմ | Կապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալիչների հետ |
Քիմիական դասակարգում | Ստերոիդներ, գլյուկոկորտիկոիդներ |
Զանգված | 6,5E−25 կիլոգրամ |
Քիմիական բանաձև | C₂₂H₂₉FO₅[1] |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Monograph |
Դեքսամետազոնը առաջին անգամ սինթեզվել է 1957 թ․, իսկ 1961 թ․ թույլատրվել է բժշկական կիրառման[5][6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Այն թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 $-ից պակաս է[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 $ է[8]։ Այն բավականին հասանելի դեղամիջոց է[8]։ 2016թ դրությամբ դեքսամետազոնը ԱՄՆ-ի դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքում 259-րդն էր՝ ավելի քան մեկ միլիոն դուրս գրմամբ[9]։
Դեքսամետազոնը կիրառվում է մի շարք բորբոքային վիճակների և աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և բրոնխոսպազմը[10]։ Իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան իրենից ներկայացնում է իմուն խանգարման հետևանքով առաջացած թրոմբոցիտոպենիա, որի ժամանակ օգտագործվում է օրական 40 մգ դեքսամետազոն 14 օր ժամկետով։ Չկան հավաստի տվյալներ, որոնք փաստում են դեքսամետազոնի, ի համեմատ այլ գլյուկոկորտիկոիդների, ավելի էֆեկտիվ լինելը այս վիճակի բուժման հարցում[11]։
Այն փոքր դեղաչափով տրվում է որոշակի ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ[12], մասնավորապես իմաստության ատամների հեռացման և շրջակա հյուսվածքի այտուցով և ուռածությամբ ուղեկցվող վիրաբուժական միջամտությունների ժամանակ։
Կիրառվում է երեխաների շրջանում սուր կրուպի բուժման համար։ Մեկ դեղաչափը զգալիորեն իջեցնում է շնչուղիների այտուցը, բարելավում շնչառությունը և նվազեցնում շնչարգելությունը[13]։
Ներբանային (պլանտար) ֆասցիտի բուժման համար այն ներարկվում է կրնկի շրջանում, հաճախ տրիամցինոլոն ացետոնիդի հետ միասին։
Բարձր դեղաչափերով դեքսամետազոնը էֆեկտիվ է անաֆիլակտիկ շոկի դեմ։
Այն հասանելի է աչքի կաթիլների (կիրառվում է աչքի վրա կատարվող վիրաբուժական միջամտություններից հետո), քթային սպրեյների, ինչպես նաև ականջի կաթիլների տեսքով (հաճախ՝ զուգակցված հակաբիոտիկների և հակասնկային պրեպարատների հետ)։ Դեքսամետազոնի ապակենման մարմնում տեղադրվող ստերոիդ իմպլանտները (ինտրավիտրեալ իմպլանտներ) հաստատված են FDA-ի կողմից (ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիա) հետևյալ ակնային ախտահարումների բուժման համար՝ դիաբետիկ մակուլյար այտուց, ցանցենու կենտրոնական երակի խցանում և ուվեիտ[14]։ Այն անտիբիոտիկների հետ համակցված կիրառվում է սուր էնդոֆթալմիտի բուժման համար[15]։
Դեքսամետազոնը կիրառվում է միջերակային (տրանսվենոզ) ճանապարհով տեղադրվող ռիթմավարներում սրտամկանի կողմից բորբոքային պատասխանը թուլացնելու նպատակով։ Ստերոիդը անցնում է սրտամկանի մեջ ռիթմավարի ներդրման ժամանակ և նվազեցնում է բորբոքային պատասխանը՝ կանխելով սուր գործընթացի զարգացումը։ Սովորական դեղաչափը կազմում է 1,0 մգ-ից պակաս։
Բակտերիալ մենինգիտի ժամանակ անտիբիոտիկներից առաջ կարելի է նշանակել դեքսամետազոն։ Այն նվազեցնում է հակաբիոտիկներով բակտերիաների ոչնչանալուց հետո օրգանիզմի բորբոքային պատասխանը, քանի որ բակտերիաների ոչնչացումը բերում է բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, որոնք պայմանավորում են ուժեղ բորբոքային պատասխան։ Սա կարող է հանգեցնել ականջի ախտահարումների և նյարդաբանական խնդիրների, որոնք կանխվում են դեքսամետազոնի միջոցով[16]։
Քաղցկեղով պացիենտներին, ովքեր ստանում են քիմիոթերապիա, հաճախ տրվում է դեքսամետազոն, քանի որ վերջինս նվազեցնում է հակաուռուցքային դեղերի կողմնակի էֆեկտները։ Այն պոտենցում է 5-HT3 ընկալիչների անտագոնիստների շարքի հակափսխումային դեղերի էֆեկտը, օրինակ՝ օնդանսետրոնի[17]։ Դրա հստակ մեխանիզմը դեռ վերջնականորեն ուսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ այն պրոստագլանդինների սինթեզի ընկճման, հակաբորբոքային, իմունաճնշիչ ազդեցության, էնդոգեն օփիոիդների սինթեզի ընկճման կամ այս բոլորի համադրության հետևանք է[18]։
Գլխուղեղի ուռուցքների դեպքում (հիմնականում մետաստատիկ) դեքսամետազոնը կիրառվում է այտուցի զարգացումը կանխելու նպատակով, քանի որ զարգացող այտուցը կարող է ճնշել ուղեղի կենսական կարևոր կառույցները։ Այն ցուցված է նաև ուռուցքի կողմից ողնուղեղի ճնշման դեպքում։
Դեքսամետազոնը որպես ուղղակի քիմիոթերապևտիկ պրեպարատ ցուցված է արյան որոշ չարորակ հիվանդությունների բուժման համար, մասնավորապես՝ բազմակի միելոմայի։ Այն կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ այլ քիմիոթերապևտիկ դեղերի հետ համակցված տեսքով, հաճախ՝ թալիդոմիդի (Thal-dex), լենալիդոմիդ, բորտեզոմիբ (Velcade, Vel-dex)[19]։ Այն նաև կարող է կիրառվել դոքսոռուբիցինի (Adryamycin) և վինկրիստինի հետ կոմբինացված կամ բորտեզոմիբ/լենալիդոմիդ/դեքսամետազոն համակցման տեսքով։
Դեքսամետազոնը կիրառվում է գլյուկոկորտիկոդների նկատմամբ շատ հազվադեպ հանդիպվող ռեզիստենտականության ժամանակ[20][21]։
Մակերիկամային անբավարարության և Ադիսոնի հիվանդության ժամանակ դեքսամետազոն ցուցված է այն դեպքերում, երբ պրեդնիզոնն ու մեթիլպրեդնիզոլոնը ոչ էֆեկտիվ են։
Այն ցուցված է դեռահասների ու մեծահասակների մոտ մակերիկամների բնածին հիպերպլազիայի (գերաճ) ժամանակ ԱԿՏՀ-ի (մակուղեղի ադրենոկոտրիկոտրոպ հորմոն) արտադրությունը ընկճելու նպատակով։ Այն տրվում է գիշերը[22]։
Դեքսամետազոն ցուցված է վաղաժամ ծննդաբերության ռիսկով կանանց, պտղի թոքերի հասունացումը խթանելու նպատակով։ Այն կարող է բերել նորածնի փոքր քաշի առաջացման, բայց չի բարձրացնում նորածնային մահացության աստիճանը[23]։
Դեքսամետազոնը, չնայած որպես չհաստատված դեղամիջոց (off-label), բայց կարող է օգտագործվել հղի կանանց շրջանում աղջիկ երեխաների բնածին մակերիկամային հիպերպլազիան (ԲՄՀ) բուժելու համար։ ԲՄՀ-ն մի շարք ֆիզիկական արատների պատճառ է հանդիսանում, մասնավորապես խանգարվում է սեռական օրգանների բնականոն զարգացումը (ինտերսեքս)։ Վաղ նախածննդյան ԲՄՀ-ի բուժման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել մի շարք ախտանիշներից, սակայն հիմքում ընկած բնածին խանգարումը բուժել չի հաջողվում։ Այնուամենայնիվ, այս դեպքում դեքսամետազոնի կիրառումը վիճահարույց է՝ այն չունի բավարար ապացուցաողական հիմք, բուժում ստացող 10 կանանց հաշվարկով միայն մեկի մոտ է նկատվում այս վիճակի առաջացման բարձր ռիսկ, իսկ կիրառման պարագայում արձանագրվել են բավականին վտանգավոր կողմնակի էֆեկտներ[24]։ Շվեդիայում դադարեցվել է դեքսամետազոնի փորձնական կիրառումը պտղի ԲՄՀ-ի բուժման համար, երբ յուրաքանչյուր 5 դեպքի հաշվարկով 1-ի մոտ արձանագրվել են ծանր կողմնակի էֆեկտներ[25]։
Համաձայն մեկ փոքր կլինիկական հետազոտության նախածննդյան շրջանում դեքսամետազոնով բուժում ստացած երեխաների մոտ հետագայում արձանագրվել է վերբալ հիշողության վրա դրական ազդեցություն, սակայն ելնելով հետազոտության ոչ մեծ խումբ ներառելու հանգամանքից, այն չի կարող հանդիսանալ որպես հավաստի հիմք[26][27]։
Դեքսամետազոնը կիրառվում է գլխուղեղի և թոքերի բարձրալեռնային այտուցի բուժման։ Այն ընդգրկված է լեռնագնացների առաջին բուժօգնության հավաքածուի կազմում բարձրալեռնային հիվանդության ծանր բարդությունները կանխարգելելու և բուժելու համար[28][29]։
Ն/ե դեքսամետազոնը էֆեկտիվ է վիրահատություն տարած այն պացիենտների շրջանում, ովքեր հետվիրահատական շրջանում ծանր ցավը մեղմելու համար ստացել են երկարատև ողնուղեղային կամ էպիդուրալ թմրաբեր (ափիոնային) ցավազրկողներ[30]։
Հետվիրահատական սրտխառնոցն ու փսխումը կանխարգելելու համար դեքսամետազոնի և 5-HT3 ընկալիչների անտագոնիստների համակցումը (օր․՝ օնդանսետրոն) ավելի արդյունավետ է, քան միայն 5-HT3 ընկալիչների անտագոնիստների կիրառումը[31]։
Վիրահատությունների ժամանակ դեքսամետազոնի՝ որպես հակափսխումային միջոց, կիրառման ժամանակ չի նկատվել վերքերի ինֆեկցում կամ ուշ լավացում, և դեռևս վերջնականորեն պարզ չէ, արդյոք նրա ընդունումը ունի որևէ ազդեցություն վերքերի լավացման վրա[32]։
Դեքսամետազոնի (կամ մեկ այլ ստերոիդի) մեկ դեղաչափը արագացնում է կոկորդի ցավի լավացման գործընթացը[33]։
Դեքսամետազոնի կիրառման հակացուցումներն են[34][35]․
Կոնկրետ դեքսամետազոնի ունեցած կողմնակի էֆեկտները հայտնի չեն, սակայն դրանք համընկնում են այլ կորտիկոստերոիդների կողմնակի էֆեկտների հետ[34][35][36][37][38][39]․
Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործելուց հետո նրանց կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել[35].
Հայտնի դեղային փոխազդեցություններն են[35]․
Որպես գլյուկոկորտիկոիդ, դեքսամետազոնը կապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալչի հետ[40][41]։ Այն չունի միներալոկորտիկոիդներին բնորոշ ազդեցություն։
Դեքսամետազոնը սինթետիկ պրեգնան կորտիկոստերոիդ է, որի նախանյութը կորտիզոլն է (հիդրոկորտիզոն), այն հայտնի է նաև որպես 1-դեհիդրո-9α-ֆլյուրո-16α-մեթիլհիդրոկորտիզոն կամ 9α-ֆլյուրո-11β,17α,21-տրիհիդրոքսի16α-մեթիլպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[42][43]։
16β-մեթիլպրեդնիզոլոնի ացետատը դեհիդրատացվում է և վերածվում 9,11-դեհիդրո ածանցյալի[44][45]։ Ապա այն փոխազդում է հիպոբրոմիտի աղբյուրի հետ (հիմնականում՝ N-բրոմոսուկցինատի) և վերածվում 9α-բրոմո-11β-հիդրին ածանցյալի, որը իր հերթին, շղթան փակվելով, վերածվում է էպօքսիդի։ Հետո ջրածնի ֆտորիդի (տետրահիդրոֆուրան) մասնակցությամբ տեղի է ունենում շղթայի բացում, որի արդյունքում ստացվում է դեքսամետազոն։
Առաջին անգամ դեքսամետազոնը սինթեզվել է 1957 թվականին[5]։ Այն ներկայացվել է բժշկական կիրառման 1958 թվականին[41]։
Դեքսամետազոնը թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 ԱՄՆ $-ից պակաս է կազմում[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 ԱՄՆ $ է[8]։ Այն աշխարհի գրեթե ցանկացած երկրի համար բավականին հասանելի դեղամիջոց է[8]։
Այն կարող է ընդունվել ներքին ընդունման ձևով, դեղահաբի կամ հեղուկի, ինչպես նաև միջմկանային (մ/մ) կամ ներերակային (ն/ե) ներարկման տեսքով։ Կարող է օգտագործվել նաև աչքի կաթիլների տեսքով[2]։
Բանգլադեշում հասարակաց տներում թույլատրված է դեքսամետազոնի կիրառումը մարմնավաճառների շրջանում՝ հաճախորդների և ոստիկանության աչքերում նրանց քաշը ավելացնելու և տարիքից մեծ երևալու համար[46]։
Դեքսամետազոնը մի շարք այլ գլյուկոկորտիկոիդների հետ միասին արգելվել է մի շարք սպորտային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Աշխարհի հակադոպինգային գործակալության[47]։
2020 թվականի հունիսին, Օքսֆորդի համալսարանի RECOVERY Trial-ը հայտարարել, ապա հրապարարկել է հետազոտության նախնական արդյունքներ, համաձայն որի դեքսամետազոնը կարող է նվազեցնել COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների մահացությունը, հատկապես նրանց, ովքեր ստանում են թթվածին (մոտ 20%-ով) կամ միացված են արհեստական օդափոխության սարքին (մոտ 30%-ով)։ Ռանդոմիզացված հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից շուրջ 2,104 մասնակից, որոնք օրական ստանում էին դեղամիջոցի միանվագ 6 մգ դեղաչափ, 10 օր շարունակ, իսկ ստուգիչ խումբը բաղկացած էր 4,321 պացիենտից, ովքեր ստանում էին սովորական բուժում, առանց դեքսամետազոնի[48][49]։ Դրական տեղաշարժեր են արձանագրվել մեծամասամբ շնչառական օժանդակության կարիք ունեցող պացիենտների շրջանում[50]։ Մի շարք մասնագետներ հանդես են եկել կոչով, պահանջելով հնարավորինս կարճ ժամկետներում հրապարակել առկա բոլոր տվյալները, որպեսզի ապահովվի արդյունքների վերլուծության համար բավարար հիմք[51][52]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ դեքասամետազոն պետք է ստանան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, ովքեր գտնվում են ստացիոնարում և ստանում են COVID-19-ի կապակցությամբ բուժում[53]։
Մարբոֆլոքսացինի և կլոտրիմազոլի հետ զուգակցված, դեքսամետազոնը (վաճառքային անուն՝ Aurizon) կիրառվում է ականջի սուր ինֆեկցիան, մասնավորապես շների մոտ, բուժելու համար։ Այն տրիքլորմեթիազիդի հետ կոմբինացված կիրառվում է ձիերի վերջույթների այտուցը և գեներալիզացված կապտուկները բուժելու համար[54]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.