![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Jaundice08.jpg/640px-Jaundice08.jpg&w=640&q=50)
Դեղնուկ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Դեղնուկ, մաշկի և սկլերաների (աչքի սպիտակուցաթաղանթ) դեղնավուն կամ դեղնականաչավուն պիգմենտացիա, պայմանավորված արյան մեջ բիլիռուբինի բարձր մակարդակով[2][5]։ Այն հաճախ զուգակցվում է քորով[1]։ Կղանքը կարող է լինել անգույն (ախոլիկ), իսկ մեզը՝ մգանալ[3]։ Երեխաների մոտ դեղնուկը տարածված երևույթ է հետծննդյան առաջին շաբաթվա ընթացքում, և դեպքերի մեծ մասում կարիք չունի որևէ բուժական միջամտության[2][5]։ Եթե երեխաների մոտ երկար ժամանակ պահպանվում է բիլիռուբինի բարձր մակարդակ, ապա կարող է զարգանալ գլխուղեղի սպեցիֆիկ վնասում, որը հայտնի է որպես կորիզային դեղնուկ (կերնիկտերուս)[6]։
Դեղնուկ | |
---|---|
![]() Ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղի հետևանքով առաջացած մաշկի դեղնուկ | |
Տեսակ | կլինիկական նշան և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Հիպերբիլիռուբինեմիա |
Հիվանդության ախտանշաններ | Մաշկի և սկլերաների դեղնություն, քոր[1][2] |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն(հեպատոլոգիա), ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 782.4 |
Ախտորոշում | Արյան բիլիռուբինի մակարդակ, լյարդային պրոֆիլ[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Կարոտինեմիա, ռիֆամպինի ընդունում[3] |
Բուժում | Կախված է առաջացնող պատճառից[4] |
![]() |
Դեղնուկի առաջացման պատճառները տատանվում են լայն սահմաններում՝ ոչ այդքան լուրջ պատճառներից մինչև պոտենցիալ մահացու[7]։ Արյան մեջ բիլիռուբինի նորմալ մակարդակը կազմում է 1,0 մգ/դլ-ից (17 մկմոլ/լ) ցածր, և վերջինիս բարձրացումը 2-3 մգ/դլ-ից (34-51 մկմոլ) բարձր առաջացնում է դեղնուկ[3][8]։ Բիլիռուբինը արյան մեջ հանդես է գալիս երկու ֆրակցիաներով՝ ոչ կոնյուգացված (անուղղակի) և կոնյուգացված (ուղղակի)[7]։ Կոնյուգացված բիլիռուբինի առկայությունը հաստատվում է մեզի անալիզով[9]։ Այլ վիճակներից, որոնք կարող են առաջացնել մաշկի դեղնություն, բայց ոչ դեղնուկ, կարոտինեմիան է (առաջանում է կարոտինոիդներով հարուստ (օր․՝ գազար) սնունդ չարաշահելիս) և դեղորայքը, օրինակ՝ ռիֆամպին[3]։
Ոչ կոնյուգացված բիլիռուբինի բարձր մակարդակը կարող է լինել էրիթրոցիտների ավելցուկային քայքայման, խոշոր արյունազեղումների, գենետիկ խանգարումների, օրինակ ՝ Ժիլբերի համախտանիշ, երկարատև քաղցի, նորածնային դեղնուկի կամ վահանագեղձի ախտահարման հետևանք[3][7]։ Կոնյուգացված բիլիռուբինի բարձր մակարդակը կարող է լինել լյարդի ցիռոզի կամ հեպատիտի, վարակների, դեղորայքի կամ լեղածորանի խցանման հետևանք[3]։ Զարգացող երկրներում ավելի հաճախակի հանդիպվող պատճառներն են լեղածորանի խցանումը և դեղերը, իսկ տարածված վարակներն են վիրուսային հեպատիտները, լեպտոսպիրոզը, շիստոսոմոզը և մալարիան[3]։ Լեղուղիների խցանումը կարող է առաջանալ լեղաքարերի, քաղցկեղի կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքման հետևանքով[3]։ Բժշկական պատկերավորմամբ, մասնավորապես՝ ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ), կարելի է հեշտությամբ արձանագրել լեղուղիների խցանումը[9]։
Դեղնուկի բուժումը կախված է այն առաջացնող պատճառից[4]։ Եթե առկա է լեղուղիների խցանում, ապա ցուցված է վիրահատական միջամտություն, մնացած դեպքերում բուժումը հիմնականում թերապևտիկ է[4]։ Թերապևտիկ միջոցառումները ներառում են վարակների բուժումը և դեղնուկ առաջացնող դեղորայքի ընդունման դադարեցումը[4]։ Նորածինների շրջանում, կախված տարիքից և անհասության աստիճանից, 4-21 մգ/դլ-ից (68-360 մկմոլ/լ) բարձր բիլիռուբինի մակարդակը կարող է շտկվել ֆոտոթերապիայի կամ արյան փոխներարկման միջոցով[8]։ Քորը կարելի է վերացնել լեղապարկի դրենավորման միջոցով կամ ուրսոդեօքսիխոլաթթվի դուրս բերմամբ[1]։ Անգլերենում «jaundice» ՝ դեղնուկ, տերմինը ծագում է ֆրանսերեն «jaunisse» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դեղին հիվանդություն»[10]։