![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/MaoriChief1784.jpg/640px-MaoriChief1784.jpg&w=640&q=50)
Դաջվածք
From Wikipedia, the free encyclopedia
Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։
Մարմնի հետ կապված մանիպուլիացիաներն իրենց մեջ մեծ տեղեկատվություն էին պարունակում և հոգեբանական կարևոր նշանակություն ունեին ավանդական հասարակությունների ներկայացուցիչների առօրյա կենսընթացում։ Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է սպիների, կտրվածքների և պատկերազարդելու միջոցներ։ Դաջվածքի մշակույթը, ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները, հատուկ են աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին։ Ի սկզբանե մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/MaoriChief1784.jpg/640px-MaoriChief1784.jpg)
Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը` այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Ինչպես նշում է Հենրիխ Վուտտկեն, դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Ցեղային միություններում տարածված դաջվածքների բնորոշ հատկանիշները տարրական նշանների՝ գծերի, կետերի, աստղերի, շրջանների առկայությունն էր, ինչը բացատրվում էր պրիմիտիվ միջոցների առկայությամբ, որոնք հնարավորություն չէին տալիս բարդ զարդանախշեր կիրառել։ Նման դաջվածքները սերտ կապված էին ավանդույթների հետ և արտահայտում էին շրջապատի արժեքային համակարգը։ Վարպետը իրավունք չուներ պատկերում որևէ բան ավելացնել կամ պակասեցնել, քանի որ այն ի սկզբանե հաստատված էր ցեղի առասպելաբանության մեջ։ Ներկայումս դաջվածք անող մասնագետն ազատ է դաջվածքի ընտրության թեմատիկայում և սյուժեում, բացառությամբ այն դեպքերի, երբ դաջվածքը կատարվում է հանցագործների մարմնին։ Պատկերային մոտիվներն այդ դեպքում համընդհանուր ստանդարտ տարբերակներ են[2]։