From Wikipedia, the free encyclopedia
Դամիանո Դավիդ (իտալ.՝ Damiano David)[4], իտալացի երաժիշտ և իտալական Måneskin ռոք խմբի մենակատար։ Խումբը հաղթել է Sanremo Music Festival 2021 և Եվրատեսիլ 2021 երգի մրցույթներում։ Եվրատեսիլում ներկայացրել է Իտալիան Zitti e buoni երգով։
Դամիանոն ծնվել է 1999 թվականի հունվարի 8-ին Իտալիայի Հռոմ քաղաքում՝ Դանիել Դեյվիդի և Ռոզա Սկոգնամիլիոյի ընտանիքում։ Նրա ծնողները բորտուղեկցորդներ են[5]։ Ծնողների աշխատանքի բնույթից ելնելով՝ Դամիանոն իր ավագ եղբոր՝ Ջակոպոյի հետ վաղ տարիքից ճանապարհորդել է աշխարհով մեկ և ծանոթացել տարբեր երկրների մշակույթներին[6]։ Մինչև 17 տարեկանը Դամիանոն բասկետբոլ էր խաղում՝ որպես խաղարկող տեղական «Եվրոբասկետ Ռոմա» ակումբում։ Մի անգամ նա նշել է, որ բասկետբոլի փորձն իրեն հիմնարար կարգապահություն է տվել կյանքում հաջողության հասնելու համար[7][8][9]։
Դամիանոն սկսել է երգել 6 տարեկանից[10]։ Նա հանդիպել է Վիկտորյա Դե Անջելիսին և Թոմաս Ռաջիին, որոնց հետ ավագ դպրոցի տարիներին ստեղծել է Måneskin-ը։ Դամիանոն սովորել է Հռոմի Eugenio Montale liceo linguistico-ում, սակայն չի ավարտել միջնակարգ դպրոցը, փոխարենը իրեն նվիրել է երաժշտական գործունեությանը[11], ինչի համար ուներ ծնողների աջակցությունը[6]։ Երբ Դամիանոյին ներկայացրել են իրենց տեղական խմբի վոկալիստի պաշտոնում, սկզբում մերժել են նրան, քանի որ նրա ոճը համարվում էր «չափազանց փոփ», բայց խմբում լինելու նրա համառությունն ի վերջո արդյունք է տվել[6][12]։ Շուտով Դամիանոն փոխել է իր կեցվածքն ու ոճը, հատկապես բեմական կերպարը[13], քանի որ սովորել է ազատ արտահայտվել[6]։
Խումբը ձևավորվել է 2016 թվականին։ Սկզբում նրանք նվագում էին Հռոմի փողոցներում[6][14], բայց արդեն 2017 թվականին հայտնի դարձան՝ հաղթելով իտալական X Factor տաղանդների շոուի տասնմեկերորդ եթերաշրջանում։ Խումբը բեկումնային դեբյուտ ունեցավ «Il ballo della vita» ալբոմով և 2018, 2019 թվականների հյուրախաղերով[12]։ 2021 թվականին թողարկվել է նրանց երկրորդ՝ Teatro d'ira: Vol. I ալբոմը[6][15]։
Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում նրանց հաղթանակից հետո Դամիանոյին կեղծ մեղադրանք է առաջադրվել եզրափակչի ժամանակ թմրանյութ օգտագործելու մեջ[16][17][18]։ Դամիանոն երբեք թմրանյութ չի օգտագործել[6][19] և իր խմբի ընկերների հետ եղել է թմրանյութերի դեմ պայքարի ջատագով[20]։ Ինքը՝ Դամիանոն, Vogue Italia-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք չենք համապատասխանում ալկոհոլային և թմրամոլ ռոք աստղի կարծրատիպին»։ Նա կարծում է, որ ստեղծագործական միտքը գալիս է «առողջ, պատրաստված և պարզ» մտքից[6]։
Դամիանոն կատարել է The Stooges-ի I Wanna Be Your Dog երգի քավեր տարբերակը, հնչյունավորել է նաև գլխավոր հակառակորդի օգնական Ջեֆրիի կերպարը 2021 թվականի Cruella ֆիլմի իտալական կրկնօրինակի համար[21]։
Խմբի հաջողության մի մասը կապված է Դամիանոյի վոկալի կատարման, բեմական տեսքի և անհատականության հետ[11][22]։ 2017 թվականին X factor-ի ժյուրիներից Fedez-ը նրա մասին խոսելիս նշել է իբրև իսկական մենակատար[23]։ 2021 թվականին Մանուել Անյելին նմանատիպ խոսքերով գովել է նրան «մեծ մենակատարների բնական խարիզմա» ունենալու համար[24]։ Նրա վոկալային ոճը 2017 թվականին նկարագրվել է որպես «ռեգգի վոկալային տեմբր, որը թույլ է տալիս վարպետորեն զբաղվել ռոքի երգացանկով՝ հաշվի առնելով, որ խմբի երաժշտական ազդեցությունները տատանվում են ինդի ռոքից մինչև սոուլ և փոփ»[22]։
Նրա բնորոշ տեսքը և նորաձևության ոճը բեմում դիտվում են որպես 1970-ականների հիպի, վինտաժ և գլեմ ռոքի խառնուրդ[11][22][25], ինչի պատճառով նա ճանաչվել է իտալական նորաձևության օրինակ[12]։
Դամիանոն մոտ չորս տարի հարաբերությունների մեջ է իտալացի մոդել Ջորջիա Սոլերիի հետ[26][27][28]։
Դամիանոն վարժ տիրապետում է անգլերենին, կարող է խոսել իսպաներեն և ֆրանսերեն[11]։ Նա ռասայական և ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է[29], ինչպես նաև իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու[8]։
Դամիանոն սիրում է հունական առասպելական կերպարի՝ Իկարոսի սիմվոլիկան, ունի թևերի դաջվածք և մեջբերում, որը վերաբերում է Իկարոսին, իսկ Instagram սոցիալական մեդիայի հարթակում նրա օգտանունը Ykaaar է[19][30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.