Գուգլի պատկերանիշ, պատկերանիշ, որն օգտագործվում է Google-ի գլխավոր էջում։ Google-ի Ներկայիս պաշտոնական պատկերանշանը օգտագործվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ընկերությունը փոխեց պատկերանշանը վերակազմավորումից մեկ ամիս անց։ Հին պատկերանշանը դեռ ընկերության ապրանքային նշանն է։
Վերջին անգամ Google-ը թարմացրել է իր խորհրդապատկերը 2014 թվականի մայիսին՝ նրա վրայի տառերը տեղափոխելով երկու փիքսելով։ Պատկերանշանի նախորդ երեք տարբերակները հիմնված էին Ռուտ Կեդարի դիզայնի վրա, իսկ նախնական տարբերակը ստեղծվել է Սերգեյ Բրինի կողմից։ Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, մեծ իրադարձությունների ժամանակ, այնպիսին, ինչպիսին Օլիմպիական խաղերն են, Google-ը փոխում է իր պատկերանշանը այսպես կոչված գրիֆոնաժների (անգլ.՝ Doodle, թարգմանաբար՝ խզբզանք, անփույթ նկարել)։ Դրանք նկարազարդումներ, անիմացիաներ կամ նույնիսկ խաղեր են, որոնք վերաբերում են տվյալ իրադարձությանը[1]։ 2011 թվականի մարտի 22-ին Google-ը ստացել է արտոնագիր Google Doodle-ի համար։
Ընդհանուր ստեղծվել է 2000 գրիֆոնաժ։ Առաջին դուդլը հայտնվել է 1998 թվականի օգոստոսի 30-ին։ Այն կոչվել է «Այրվող մարդու փառատոն»։ Նրանց նախագծմամբ զբաղվում է նկարազարդողների և Google ընկերության ինժեներների խումբը, որոնք պարբերաբար հավաքվում են, որպեսզի անցկացնեն խմբային քննարկումներ և որոշեն, թե որ իրադարձությունները պետք է նշվեն գրիֆոնաժներով։ Գրիֆոնաժների գաղափարները բխում են տարբեր աղբյուրներից՝ ներառյալ Google-ի օգտատերերից։ Ինժեներները ձգտում են ընտրել հետաքրքիր իրադարձություններն ու տարեդարձերը, որոնք արտացոլում են անհատականությունը և նորարարության հանդեպ սերը։ Կան գլոբալ գրիֆոնաժներ, որոնք հայտնում են աշխարհի բոլոր երկրներում, և այնպիսիք, որոնք հայտնվում են միայն կոնկրետ երկրում կամ մի քանի երկրներում։ Վերջին ժամանակներում բացի նկարազարդումների ձևով գրիֆոնաժներից ավելի տարածված են անիմացիոն և ինտերակտիվ գրիֆոնաժները։
2011 թվականի հոկտեմբերի 31 - անիմացիոն գրիֆոնաժ Հելոուինի պատվին։ Տեսահոլովակում արագացված տեմպերով երևում է, թե ինչպես են Google-ի աշխատողները կտրում ընկերության պատկերանիշը 6 մեծ նարնջագույն դդումներից[2]։ Google-ը գրիֆոնաժով է նշում նաև իր ծնունդը։
Հոբելյանական գրիֆոնաժներ
Google-ը փոխարինում է իր պատկերանշանը գրիֆոնաժի՝ ի պատիվ հայտնի մարդկանց ծննդյան օրերի, հայտնի խաղերի թողարկման տարեդարձերի, մշակութային հուշարձանների ստեղծման և այլն։ Օրինակներ․
2008 թվականի հուլիսի 6, պատկերանշանը Մարկ Շագալի աշխատանքներից կազմված կոլաժի ձևով էր՝ ի պատիվ նրա 121-ամյակի[3]։
2010 թվականի փետրվարի 11, Google-ի բելառուսական դոմենի պատկերանշանի վրա հայտնվեցին Նապոլեոն Օրդայի ջրաներկ նկարները՝ ի պատիվ նրա ծննդյան օրվա[4]։
2010 թվական մայիսի 21, ինտերակտիվ պատկերանշան՝ ի պատիվ Pac-Man խաղի 30-րդ տարեդարձի։ Պատկերանշանը հնարավորություն է տալիս կառավարել Pac-Man-ին մկնիկով կամ ստեղնաշարի սլաքներ ստեղներով[5]։
2010 թվականի օգոստոսի 19, պատկերանշանը նվիրված էր Բելկա և Ստրելկա շների՝ դեպի տիեզերք թռիչքի 50-րդ հոբելյանին[6]։
2011 թվականի հունիսի 9, պատկերանշանը նվիրված էր Լես Պոլի 96-րդ տարեդարձին[7]։ Պատկերանշանը հնարավորություն էր տալիս ձայներ առաջացնել (գիթառի տատանվող լարերի նկարներով), ձայնագրել ու նվագարկել մեղեդիներ[8][9][10], փոխանցել ձայնագրությունը (որպես URL)[11]։
2011 թվականի հուլիսի 12, ստեղծվեց Վասիլի Երանելու տաճարի նկարով պատկերանշան՝ ի պատիվ այդ մշակութային հուշարձանի 450-ամյակի։
2011 թվականի սեպտեմբերի 5, ստեղծվեց պատկերանշան Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ, որտեղ ցուցադրվում է Google ընկերության կողմից ստեղծված տեսահոլովակ Queen խմբի «Don't Stop Me Now» երգի հիման վրա։
2011 թվականի նոյեմբերի 11, պատկերանշան Ֆեոդոր Դոստոևսկու նկարներով՝ ի պատիվ նրա ծննդյան 190-ամյակի,
2011 թվականի նոյեմբերի 19, պատկերանշան Միխայիլ Լոմոնոսովի նկարներով նրա ծննդյան 300-ամյակի կապակցությամբ,
2011 թվականի նոյեմբերի 23, պատկերանշան Ստանիսլավ Լեմի առաջին հրապարակումների 60-ամյակի առթիվ (լեհ նկարիչ Դանիել Մորզի «Կիբերիդայի» նկարազարդումների մոտիվներով[12]),
2011 թվականի դեկտեմբերի 18, պատկերանշան Յուրի Նիկուլինի ծննդյան 90-ամյակի առթիվ,
2012 թվականի հունվարի 25, պատկերանշան Վլադիմիր Վիսոցկու 74-ամյակի կապակցությամբ,
2012 թվականի փետրվարի 17, պատկերանշան Ագնիա Բարտոի 106-ամյակի կապակցությամբ,
2012 թվականի ապրիլի 9, պատկերանշան Էդվարդ Մեյբրիջի 182-ամյակի կապակցությամբ։ Պատկերանշանում 21 տարբեր գույների սեկտորներ էին, որոնցից յուրաքանչյուրում վազում էր ձիարշավային ձի։
2012 թվականի ապրիլի 23, պատկերանշան Գիդեոն Սունդբեքի կողմից կայծակաճարմանդի արտոնագիր ստանալու 99-ամյակի կապակցությամբ։
«2012 DA14» աստերոիդի սպասման նախաշեմին՝ 2013 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Գուգլի պաշտոնական պատկերանշանը փոխվել է անիմացիոնի, և մկնիկը ընկերության անվան առաջին «G» տառի վրա պահելու դեպքում երկրորդ «g» տառը փորձում էր խուսափել իր վրա եկող աստղակերպներից[14]։ Անիմացիան հանվել է պատկերանշանի վրայից աստղակերպի՝ Չելյաբինսկի մարզում պայթյունից հետո (կապված չէ աստղակերպի հետ)՝ ի նշան զոհվածների հիշատակի նկատմամբ հարգանքի[15]։
Doodle4Google, տարրական և միջնակարգ կրթության աշակերտների ամենամյա մրցույթ, որն անցկացվում է Գուգլի կողմից։ Աշակերտները ստեղծում են սեփական գրիֆոնաժները, որոնք ընտրությունից հետո տեղադրվում են Doodle4Google վեբ կայքում։ Կայքում քվեարկությամբ ընտրվում է հաղթող, որը վաստակում է ուղևորություն դեպի Googleplex, և 24 ժամվա ընթացքում նրա գրիֆոնաժը տեղադրվում է Google-ի վեբ կայքում։ Միացյալ Թագավորությունում անցկացվող մրցույթն արդեն անցկացվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն անցկացվել է նաև Իռլանդիայում 2008 թվականին, Հնդկաստանում 2009 թվականին, Սինգապուրում 2010 թվականին և Ռուսաստանում 2012 թվականին[16]։
Ժամանակ առ ժամանակ Google-ը տեղադրում է գունաթափված պատկերանշան տեղի ունեցած աղետներից հետո[17]։ Հաճախ դա պահպանվում է մի քանի օր շարունակ։ Այն հայտնվել է Լեհական Google-ում ավիավթարից հետո, որի հետևանքով 2010 թվականի ապրիլին մահացավ նախագահ Լեխ Կաչինսկին։ Մի քանի օր անց խորհրդանշանը օգտագործվել է Չինաստանում և Հոնկոնգում՝ ի նշան երկրաշարժի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի[18]։