հայ նյարդավիրաբույժ, հոգեբույժ From Wikipedia, the free encyclopedia
Գավրիիլ Սերգեևիչ Փոնդոև (ռուս.՝ Гавриил Сергеевич Пондоев, վրաց.՝ გაბრიელ პონდოევი, իրական անունը՝ Գաբրիել Սարգսի Փոնդոյանց, հոկտեմբերի 28, 1875, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդավիրաբույժ, հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1907)։ Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1941)։
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1875 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1963 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրացական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Գավրիիլ Փոնդոևը ծնվել է Թիֆլիսում։ Սերում է թիֆլիսցի ազնվական Փոնդոյան տոհմից։ Հայրը եղել է հարուստ առևտրական։ 1895 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան։ 1895-1900 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում և ստացել բժշկի որակավորում։ 1901-1907 թվականներին սովորել է Բեռլինի բժշկական ինստիտուտում։ 1907 թվականին գերմաներենով պաշտպանել է ավարտական թեզը՝ ստանալով բժշկության դոկտորի աստիճան։ 1907-1909 թվականներին մասնագիտացել է Բեռլինի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Հայդելբերգի նյարդաբուժական (Օպենհեյմի դպրոց) և հոգեբուժական (Կրեպելինի դպրոց) կլինիկաներում։ 1909-1922 թվականներին աշխատել է Թիֆլիսի տարբեր բժշկական հաստատություններում։ 1922-1941 թվականներին աշխատել է Վրաստանի կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1935 թվականին նշանակվել է ավագ գիտաշխատող և ձեռնամուխ եղել նյարդային համակարգի վրա Ծղալտուբոյի հանքային ջրերի ուսումնասիրման և Ծղալտուբո առողջարանի նյարդաբուժական պրոֆիլը հայտնաբերելու գործին։ Միաժամանակ եղել է ՎԿԳՀԻ-ի նյարդաբուժական բաժանմունքի վարիչ[1]։
1925-1960 թվականներին աշխատել է Վրաստանի առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցում՝ որպես նյարդաբուժական բաժանմունքի վարիչ, պոլիկլինիկայում՝ որպես կոնսուլտանտ։ Պատերազմի տարիներին եղել է Քաղաքների միության լազարեթների խորհրդատու նյարդավիրաբույժը։
Հին Թիֆլիսում և Նոր Թբիլիսիում հայտնի է եղել որպես պրակտիկ նյարդավիրաբույժ, հոգեբույժ, հոգեթերապևտ։ 1910 թվականից եղել է Կովկասյան բժշկական ընկերության (ԿԲԸ) անդամ, 1925 թվականից՝ նախագահ, որի նիստերում հանդես է եկել նյարդա-հոգեբուժական թեմաներով զեկուցումներով։ 1928 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել ԿԲԸ և Բնագետների ու բժիշկների վրացական ընկերության միավորման գործերին։
1921 թվականին Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բժշկական հասարակայնության կողմից առաջադրվել է Արհմիության կազմում՝ դառնալով Վրաստանի Արհմիության առաջին կազմակերպիչներից մեկը։ Ակտիվ գործունեություն է ծավալել 1910 թվականին Թիֆլիսում ծագած խոլերայի համաճարակի դեմ պայքարում։
1960 թվականին ընտրվել է նյարդավիրաբույժների և հոգեբույժների Վրաստանի հանրապետական և Թբիլիսիի քաղաքային ընկերությունների պատվավոր անդամ։
Տիրապետել է հայերենի, վրացերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի։ Տարբեր գիտաժողովներում, մասնագիտական ու պարբերական մամուլում հանդես է եկել ընդհանուր բժշկական, նեղ մասնագիտական, բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի թեմաներով զեկույցներով։ Հեղինակ է 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է «Կովկասյան բժշկական ընկերության աշխատություններում»։
Ունի ավելի քան 10 հատորից բաղկացած «Ծիծաղ և արցունք» վերնագրով չհրատարակված օրագրեր, որոնցում նկարագրված են սեփական, այդ թվում նաև բազմաթիվ հայ, վրացի, այլազգի գրողների, գիտնականների, մտավորականների, հին ու նոր թիֆլիսցիների ճակատագրերը։
Մահացել է 1963 թվականի ամռանը Թբիլիսիում։ Թաղված է Սաբուրթալոյի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.