Բելգիայի ֆինանսական ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Բելգիայի ֆինանսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել միապետական Բելգիայում 2008-2009 թվականներին՝ ֆինանսական ակտիվների կտրուկ արժեզրկման և երկրի երկու խոշորագույն բանկերի՝ «Fortis»-ի և «Dexia»-յի ֆինանսատնտեսական վիճակի կտրուկ վատացման հետևանքով։ Արդյունքում՝ երկիրը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, որը բնութագրվում է սովորական և արտոնյալ բաժնետոմսերն ու պարտատոմսերը ներառող արժեթղթերի շուկայի ապակայունացմամբ։ Արժեթղթերի շուկայի գործունեությունը թույլ է տալիս կարգավորել և բարձրացնել մի շարք տնտեսական գործընթացների արդյունավետությունը և առաջին հերթին՝ ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների ներդրման գործընթացը, որը Բելգիայում ստեղծված ճգնաժամի հետևանքով դառնում է անհնարին։ Իրավիճակն էլ ավելի է սրվում երկու բանկերի սնանկացումից հետո։ Այս ամենից հետո ֆինանսական ճգնաժամը վերաճում է տնտեսավարկային գործողությունների արգելքի և ակտիվների ներդրումների կտրուկ նվազման։ Խնդրի լուծման նպատակով՝ Բելգիայի սահմանադրական դատարանն իրավահաջորդության սկզբունքով «Fortis»-ը բաժանում է երկու փակ բաժնետիրական ընկերությունների, որոնցից մեկն ազգայնացվում է, իսկ մյուսի բաժնետոմսերը գնվում են հոլանդացի գործարարների կողմից։ Ազգայնացումից անմիջապես հետո բելգիական բաժնեմասը ևս վաճառվում է արտասահմանյան ներդրողներին, մասնավորապես՝ ֆրանսիական «BNP Paribas» ընկերությանը։ «Dexia»-յի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ Դատարանի որոշմամբ «Dexia» բանկը ապամոնտաժվում է, որի իրավահաջորդ ճանաչված «Dexia Bank Belgium»-ը պետականացվում է և մնում թագավորության հովանու ներքո։ Արդյունքում՝ երկրում սկսված ակտիվների ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին։