Բելա Գուտման
From Wikipedia, the free encyclopedia
Բելա Գուտման (հունգարերեն՝ Béla Guttmann, մարտի 13, 1900(1900-03-13)[1] կամ հունվարի 27, 1899(1899-01-27), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 28, 1981(1981-08-28), Վիեննա, Ավստրիա), 20-րդ դարի հունգարացի անվանի ֆուտբոլիստ և մարզիչ։ Համարվում է ֆուտբոլային թիմի խաղը 4-2-4 սխեմայով կազմակերպելու գաղափարը մշակողներից և առաջին կիրառողներից մեկը[2]։ Տակտիկական այդ նորույթը նա գործադրել է Բրազիլիայում մարզչական իր աշխատանքի ժամանակ, և դա օգնել է այդ երկրի հավաքականին՝ 1958 և 1962 թվականներին հաղթելու աշխարհի գավաթի խաղարկություններում[3]։
Բելա Գուտման | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | հունգ.՝ Guttmann Béla |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 13, 1900(1900-03-13)[1] կամ հունվարի 27, 1899(1899-01-27) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 28, 1981(1981-08-28) |
Մահվան վայր՝ | Վիեննա, Ավստրիա |
Ակումբ՝ | ՄՏԿ Հունգարիա ՖԱ, Hakoah Vienna?, Brooklyn Wanderers?, New York Giants?, New York Hakoah?, New York Soccer Club?, Hakoah All-Stars?, Hakoah Vienna?, Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական, Törekvés SE?, Hakoah All-Stars? և New York Field Club? |
Շուրջ չորս տասնամյակ ձգված մարզչական գործունեության ընթացքում Գուտմանը քսանմեկ անգամ փոխել է իր թիմերը՝ պտույտ անելելով աշխարհում և մարզելով այնպիսի հեղինակավոր թիմեր, ինչպես՝ իտալական «Միլանը», ուրուգվայական «Պենյարոլը», բրազիլական «Սան Պաուլու»-ն, պորտուգալական «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն... Նա եղել և մնում է լավագույն արդյունքների հասած մարզիչներից մեկը աշխարհում. երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հետ, 1960/61 և 1961/62 տարեշրջաններում), մեկ անգամ՝ լատինաամերիկյան ուժեղագույն ֆուտբոլային թիմերի «Լիբերտադորես» գավաթը (Copa Libertadores), իր մարզած թիմերի հետ յոթ անգամ դարձել է Հունգարիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի չեմպիոն և նույնքան անգամ էլ՝ այդ երկրների գավաթակիր։
Նրա մարզչական հարուստ գործունեությունը, այդուհանդերձ, զերծ չի եղել նաև հակասություններից։ Հազվադեպ է եղել, որ նա իր մարզած թիմում մնա երկու տարեշրջանից ավելի. ինքն իր մասին չափազանց բարձր կարծիք ունենալը, խոսելու հեգնական և նույնիսկ ցինիկ տոնը, բարձր աշխատավարձ պահանջելը մշտական աղմուկ ու սենսացիա են ստեղծել նրա անվան շուրջը՝ դարձնելով Էլենիո Էռերայի կամ Ժոզե Մոուրինյոյի նման, նրանց նախօրինակ մի կերպար[4]։