Ատոմ
From Wikipedia, the free encyclopedia
Ատոմ, քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 պիկոմետր (մեկ մետրի տասը միլիարդերորդը)։
Ենթադաս | chemical entity?[1] և բաղադրյալ մասնիկ |
---|---|
Դյուի տասնորդական դասակարգում | 539.7 |
Atoms Վիքիպահեստում |
Փոքր չափերի պատճառով ատոմների վարքագծի վերաբերյալ դասական ֆիզիկայի կանխատեսումները նկատելիորեն սխալ են, ինչը պայմանավորված է քվանտային էֆեկտներով։ Ֆիզիկայի զարգմացման ընթացքում ատոմային մոդելները հիմնվել են քվանտային սկզբունքների վրա՝ ատոմի վարքագիծն ավելի լավ կանխատեսելու և բացատրելու համար։
Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է մեկ կամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են նուկլոնները։ Ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկն է։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք էլեկտրական լիցք։ Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Եթե ատոմում պրոտոնների համեմատ կան ավել կամ պակաս էլեկտրոններ, ուրեմն այն համապատասխանաբար բացասական կամ դրական լիցք ունի և կոչվում է իոն։
Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են էլեկտրամագնիսական ուժի միջոցով։ Պրոտոնները և նեյտրոնները միջուկում կապված են միջուկային ուժերով, որոնք սովորաբար ավելի ուժեղ են էլեկտրամագնիսական ուժերից և չեզոքացնում են դրական լիցք ունեցող պրոտոնների միջև եղած վանող ուժերին։ Որոշակի պայմաններում վանող էլեկտրամագնիսական ուժը կարող է միջուկային ուժերից ուժեղ դառնալ, ինչի հետևանքով միջուկից կարող են նուկլոններ հեռանալ (այս միջուկային տրոհման արդյունքում առաջանում է այլ քիմիական տարր)։
Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն. օրինակ՝ պղնձի բոլոր ատոմները ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով պայմանավորված է թե քիմիական տարիի որ իզոտոպից է ատոմը։ Էլեկտրոնների քանակը ազդեցություն ունի ատոմի էլեկտրամագնիսական հատկությունների վրա։ Քիմիական կապերի միջոցով ատոմները կարող են քիմիական միացություններ կազմել, ինչպես օրինակ մոլեկուլները։