From Wikipedia, the free encyclopedia
Անհաս երեխա, հղիության ավարտման սովորական ժամկետից վաղ՝ ներարգանդային զարգացման 28-րդ և 38-րդ շաբաթների միջև ծնված երեխա։ Մարմնի երկարությունը 45 սմ-ից պակաս է, քաշը՝ մինչև 2500 գ։ Նորածինների այս խմբի առանձնացումը պայմանավորված է նրանով, որ չնայած իր տարիքի համեմատ նորածինը լինում է բնականոն զարգացած, բայց դեռևս հարմարված չէ ինքնուրույն գոյության համար և պահանջում է ավելի լավ խնամք։ Ուստի, որպես կանոն, ծնվելուց հետո առաջին շաբաթներին լիարժեք խնամքը կարելի է իրականացնել միայն հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում՝ բժշկի մշտական հսկողությամբ։
Անհաս երեխա | |
---|---|
Անհաս երեխա ինկուբատորում | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-10 | P07.3 |
Premature babies Վիքիպահեստում |
Վաղաժամ ծննդաբերության առավել հաճախակի պատճառներից են հղիության ժամանակ մոր կրած տարբեր հիվանդություններն ու վնասվածքները, հղիության տոքսիկոզները, հղիությանը նախորդած վիժումները։ Դրա հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունը մոր և պտղի միջև, վերջինս քիչ թթվածին է ստանում, որը նպաստում է վաղաժամ ծննդաբերությանը։ Անհաս երեխա ծնվելու բավականին հաճախակի պատճառ է դառնում մոր և պտղի արյան անհամատեղելիությունը՝ ըստ արյան խմբերի և ռեզուս-գործոնի։
Վաղաժամ ծննդաբերությունները հաճախ առաջանում են շատ երիտասարդ կամ 35 տարեկանից բարձր առաջնածին կանանց մոտ։ Հաճախ ժամկետից շուտ է ավարտվում բազմապտուղ հղիությունը։
Հղի կնոջ օրգանիզմի վրա բացասաբար են ազդում նյարդահոգեկան և ֆիզիկական վնասվածքները, աշխատանքի ծանր պայմանները, մասնագիտական վնասակարությունները, ընտանիքի անառողջ մթնոլորտը, որոնք հաճախ հանգեցնում են վաղաժամ ծննդաբերության։
Անհաս երեխան արտաքին տեսքով, օրգանների և համակարգերի զարգացմամբ տարբերվում է հասուն նորածնից։ Անհաս երեխան օրվա մեծ մասը քնում է, ճիչը թույլ է։ Մաշկը բարակ է, նուրբ, չոր, մուգ վարդագույն կամ կարմիր, տեսքը՝ կնճռոտ։ Նուրբ աղվամազը, որը բնորոշ է նաև հասուն նորածիններին, անհաս երեխաի մոտ, հատկապես մեջքին, ուսերին, այտերին, ավելի լավ է արտահայտված։ Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած, երբեմն նույնիսկ բացակայում է։ Մկանային լարվածությունը թույլ է։ Մարմնի համեմատ ոտքերը կարճ են, գլուխը համեմատաբար մեծ է, ականջախեցիները փափուկ են, գլխին սեղմված։
Ներքին օրգանները զարգացած են, բայց ֆունկցիոնալ տեսակետից՝ անբավարար հասունացած։ Վերին շնչուղիները նեղ են, կրծքավանդակը թույլ է մասնակցում շնչառությանը։ Թոքերի շնչառական մակերևույթը փոքր է, շնչառությունը՝ անհամաչափ, պարբերաբար կարճատև դադարներով՝ 1 րոպեում 36-82 անգամ։ Անոթազարկը թույլ է, հաճախությունը կարող է արագ փոփոխվել՝ 1 րոպեում 90-160 զարկ, լացի և անհանգիստ ժամանակ կարող է հասնել 200 և ավելի։
Արյունատար համակարգի թերզարգացումը կարող է նպաստել սակավարյունության առաջացմանը։ Ստամոքսաղիքային համակարգի անհասության պատճառով կղանքն անկայուն է՝ հաճախ կանաչ կամ սպիտակ գուղձերի խառնուրդով։ Երիկամները նույնպես անբավարար են զարգացած։ Աղջիկների սեռական ճեղքը կարող է կիսաբաց լինել, իսկ տղաների ամորձիները՝ դեռևս ամորձապարկ չիջած։
Անհաս երեխայի նյարդային համակարգը ֆունկցիոնալ առումով նույնպես անհաս է, օրգանիզմը վատ է պահպանում կայուն ջերմաստիճանը և հեշտությամբ չափից ավելի տաքանում կամ սառչում է, հաճախ առաջանում է շարժող, անհանգստության վիճակ, որը փոխարինվում է թորշոմածությամբ և քնկոտությամբ։ Շարժող, հմտության զարգացումը դանդաղում է անհասության աստիճանին համապատասխան։
Անհաս երեխայի ֆիզիկական զարգացումը կյանքի առաջին տարում ունի իր առանձնահատկությունները։ Առաջին ամսում այդպիսի երեխաների քաշը, համեմատած հասուն նորածինների հետ, շատ քիչ է ավելանում, բայց հետագա ամիսներին հասակի և քաշի ավելացման թափն ավելի բարձր է, և որքան փոքր քաշով է ծնվել անհաս երեխան, այնքան արագ է այն ավելանում։ Հասուն երեխան 4-5-րդ ամսում քաշը կրկնապատկում է, 1 տարեկանում՝ եռապատկում։ Անհաս երեխայի քաշը կրկնապատկում է 2-3-րդ ամսում, եռապատկում՝ 4-6-րդ ամսում, իսկ ճիշտ խնամքի դեպքում քաշն ավելանում է 4-10 անգամ։ Սակայն 1 տարեկանում անհաս երեխայի հասակի և քաշի ցուցանիշներով լրիվ չի հասնում իր հասակակիցներին, անհասության աստիճանից կախված՝ դա տեղի է ունենում 2-7 տարեկանում (մեծ մասամբ 3 տարեկանում)։
Անհաս երեխայի օրգանիզմի ֆունկցիոնալ անհասությունը պահանջում է մանրակրկիտ խնամք և առավել բարենպաստ պայմաններ՝ հատկապես կյանքի առաջինին ամիսներին։ Եթե այդ բոլոր կանոնները պահպանվում են, ապա անհաս երեխան ֆիզիկապես և մտավոր ունակություններով ավելի արագ է հասնում իր հասակակիցներին։
2300 գ ծնված անհաս երեխան, կախված նրա վիճակից և տան պայմաններից, ծննդատնից դուրս է գրվում բժշկի թույլտվությամբ։ Դրանից ցածր քաշով ծնվածները պահանջում են խնամքի հատուկ պայմաններ, նրանց տեղափոխում են մասնագիտացված բաժանմունքներ, որտեղ ապահովվում է անհրաժեշտ խնամքը և բժշկի մշտական հսկողությունը։ 1500 գ և ավելի ցածր քաշով ծնված անհաս երեխային տեղավորում են հատուկ խցիկում (կուվեզ), որտեղ պահպանվում են օդի անհրաժեշտ ջերմաստիճանը, խոնավությունը և թթվածնի քանակությունը։ Կուվեզի մեջ տեղավորում են նաև բարձր քաշով ծնված երեխաներին, եթե նրանց մարմնի անհրաժեշտ ջերմաստիճանը վատ է պահպանվում։ Քաշը 2500 գրամի հասնելիս երեխային կարելի է դուրս գրել բժշկի թույլտվությամբ։
Անհաս երեխան տնային պայմաններում պահանջում է մեծ ուշադրություն և լավ խնամք։ Նորածնի սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 22-24 °C։ Մահճակալում երեխայի գլխին և ուսերին պետք է տրվի մի քիչ բարձր դիրք՝ գլխի տակ դնելով ցածր, ոչ փափուկ բարձ։
Խորհուրդ չի տրվում կիպ փաթաթել, օդափոխության բարելավման և հավասարաչափ տաքանալու համար հարկավոր է մահճակալում պարբերաբար փոխել երեխայի դիրքը՝ մի կողքից մյուսին տեղափոխելով։
Հարկավոր է երեխային հագցնել տաք, փափուկ սպիտակեղեն, ձեռքերով հանդերձ փաթաթել բայկայե ծածկոցով։ Գլխին դնել կտորից կարված գլխարկ, երեսը բաց թողնել։ Եթե մարմնի ջերմաստիճանը վատ է պահպանվում, շուրջը դնել ջեռակներ, երկուսը՝ կողքերին, մեկը՝ ոտքերին։ Ջեռակներում ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 °C։ Ջեռակները փաթաթել սրբիչի կամ տակաշորի մեջ և դնել երեխայից 10 սմ հեռավորության վրա։ Երեխայի մարմնի ջերմաստիճանը պետք է լինի 36.5-36,8 °C, իսկ վերմակի տակ՝ 28-33 °C։
1.5-2 ժ անց ջեռակների ջուրը հաջորդաբար պետք է փոխել։ Գերտաքացման ժամանակ երեխայի դեմքը կարմրում է, նա դառնում է անհանգիստ։ Այդպիսի դեպքում ջեռակները պետք է վերցնել կամ թիվը փոքրացնել, անհրաժեշտության դեպքում՝ մի քանի րոպեով երեխայի շորերը թեթևացնել, ջուր խմեցնել։
Գերսառեցման ժամանակ երեխայի մաշկը դառնում է գունատ՝ կապտավուն երանգով, շոշափելիս սառն է, երեխան թորշոմում է։ Նման վիճակում հարկավոր է ծածկել լրացուցիչ վերմակով կամ երեխային տեղավորել տաք ջրով (36-37 °C) լցված տաշտակում՝ 5-7 ր, այնուհետև շուրջը դնել ջեռակներ և հաճախ ստուգել դրանց ջրի ջերմաստիճանը։
Երբ երեխայի մարմնի ջերմաստիճանը կայունանում է, ջեռակներով տաքացումն ընդհատում են։
Անհաս երեխայի կերակրումն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները, ուստի առաջին ամիսներին ցանկալի է այն կատարել բժշկի հսկողությամբ։ Վաղաժամ ծննդաբերած կանանց կաթնագեղձերը հաճախ սկսում են կաթ արտադրել սովորականից ուշ։ Իսկ անհաս երեխայի համար լավագույնը կրծքի կաթն է։ Ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհաս երեխային կերակրել կրծքի կաթով։
Խորը արտահայտված անհասության դեպքում, անհաս երեխայի մոտ ծծելու ռեֆլեքսը բացակայելիս, սկզբում կերակրում են զոնդով, օրական 10-12 անգամ։ Այնուհետև աստիճանաբար սկսում են կերակրել ծծակով և միայն դրանից հետո ընտելացնում կրծքին։ Քաշը 2500-3000 գ հասնելիս անհաս երեխայի կերակրումը գործնականորեն նույնն է, ինչ ժամկետում ծնվածներինը, բայց հավելյալ սնուցումն սկսում են 2-4 շաբաթ շուտ, զգույշ և աստիճանաբար։
Անհաս երեխային լողացնում են, ինչպես հասուն երեխային։ 1500 գրամից ցածր քաշով ծնված երեխաներին լողացնում են ծնվելուց 3 շաբաթ անց, իսկ 1500 գ և ավելի բարձր քաշով ծնվածներին՝ 7-10 օր անց։ Լողացնելիս պետք է զգույշ լինել՝ երեխան չմրսի, տակաշորերը փաթաթելուց առաջ հարկավոր է տաքացնել, օդի ջերմաստիճանը պետք է լինի 25 °C-ից ոչ պակաս։
Անհաս երեխայի համար մաքուր օդում զբոսանքներն անհրաժեշտ են և օգտակար, սակայն պահանջում են մեծ զգուշություն։ Դրանք խորհուրդ են տրվում 2500 գրամից ավելի քաշով երեխաներին։ Եթե երեխայի քաշը 3000 գ է և ավելի, ձմռանը զբոսանքները թույլատրվում են -8-10 °C օդի ջերմաստիճանի դեպքում։ 3000 գրամից ցածր քաշի և օդի -8-10 °C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ձմռանը զբոսանքի փոխարեն ավելի լավ է սենյակի օդանցքը բացել։ Զբոսանքներն սկսում են մի քանի րոպեից և աստիճանաբար ավելացնում տևողությունը։ Մրսածության նվազագույն կասկածի դեպքում պետք է երեխային տուն տանել։
Անհասության կանխարգելումը պետք է սկսել դեռևս մինչև հղիությունը։ Կանայք պետք է բուժեն քրոնիկ հիվանդությունները, պահպանեն անձնական և սեռական հիգիենայի կանոնները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեռնարկեն հղիությունը կանխող միջոցառումներ, քանի որ հաճախ անհաս երեխայի ծնվելու պատճառը վիժումներն են։
Հղիության առաջին նշաններն ի հայտ գալիս կինը պետք է դիմի բժշկի՝ անհրաժեշտ հանձնարարականներ ստանալու համար։ Հղի կինը պետք է խուսափի անհարկի հուզումներից, կանոնավոր սնվի, արգելվում է սպիրտային խմիչքներ օգտագործելը, ծխելը։ Հղիության տոքսիկոզների ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհաս երեխա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.