ռուս դերասան, կինոռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Վլադիմիրովիչ Պանին (ռուս.՝ Андрей Владимирович Панин, 28 մայիսի, 1962, Նովոսիբիրսկ – 6 մարտի, 2013, Մոսկվա), կինոյի և թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[2]։ Ռուսաստանի պետական մրցանակի (2001) և «Նիկա» մրցանակի (2003, 2013 - հետմահու) դափնեկիր, բազմիցս ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի։
Անդրեյ Պանին ռուս.՝ Андре́й Влади́мирович Па́нин | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1962[1] |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 6, 2013 (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Կեմերովոյի մշակույթի և արվեստի պետական համալսարան և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Նատալյա Ռոգոժկինա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդրեյ Պանինը ծնվել է 1962 թվականի մայիսի 28-ին Նովոսիբիրսկում։ Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Չելյաբինսկ։ Հետագայում, երբ Անդրեյ Պանինը եղել է վեց տարեկան, նա տեղափոխվել է Կեմերովո, որտեղ ապրել է տասնվեց տարի։ Կեմերովոն էլ Անդրեյ Պանինը համարում է իր հայրենի քաղաքը, որտեղ անցկացրել է իր մանկությունը։
Անդրեյ Պանինն ընդունվել է Կեմերովոյի սննդի ինստիտուտ, սակայն շուտով հեռացվել է, ինչից հետո սովորել է Կեմերովոյի մշակույթի ինստիտուտում[3]։ Որոշ ժամանակ աշխատել է Մինուսինսկի թատրոնում, ապա մեկնել է Մոսկվա։ Միայն չորրորդ անգամից է կարողացել ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ։ Ռեժիսորներն ասել են, որ Պանինը կդառնա «չնկարահանվող դերասան», սակայն նա ցանկանցել է ապացուցել հակառակը։ Պանինն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, որտեղ սովորել է Ալեքսանդր Կալյագինի արվեստանոցում[4]։ Նա դարձել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան։ Ամուսնացած է եղել նույն թատրոնի դերասանուհի Նատալյա Ռոգոժկինայի հետ[5]։ Նրա թատերական աշխատանքների շարքում են դերերը «Երեք քույր», «Ժլատ ասպետը», «Ամուսնություն», «Մահացու համար», «Ձմեռ» ներկայացումներում։ Խաղացել է Օլեգ Տաբակովի գլխավորած թատրոնի ներկայացումներում։
Կինոյում իր առաջին դերերից մեկն Անդրեյ Պանինը խաղացել է ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի «По прямой» ֆիլմում։ Ճանաչման է արժանացել Մաքսիմ Պեժեմսկու «Մայրիկ, մի՛ վշտացիր» (ռուս.՝ «Мама, не горюй») և Դենիս Եվստիգնեևի «Մայրը» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ 2000 թվականին կատարել է հարբեցող Գարկուշայի դերը Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի Լավագույն դերասանական կազմի համար[6]։
2000 թվականին թողարկվել է Ալեքսանդր Աթանեսյանի «24 ժամ» ֆիլմը, որում Անդրեյ Պանինը մարմնավորում է քրեական հեղինակություն Լյովա Շալամովին։ Դերասանն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց Ալեքսեյ Սիդորովի «Բրիգադա» սերիալում նկարահանվելուց հետո, որում նա կատարել է կաշառակեր ոստիկանի դերը։ Հետագայում Պանինը նկարահանվել է նաև Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ», «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» և «Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Վագիտ Վալիևին։ Պանինի ժողովրդականությանը նպաստել է նաև «Կամենսկայա» ֆիլմում կատարած դերը։
2003 թվականին թողարկվել է Բախտիյար Խուդոյնազարովի «Շուք» (ռուս.՝ «Шик») ֆիլմը, որում Պանինը կատարում է գլխավոր հերոսի հոր դերը («Նիկա» մրցանակ)։ Նույն թվականին դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «Եռյակ» (ռուս.՝ «Трио») ֆիլմում՝ մարմնավորելով ազնիվ ոստիկան մայոր Ագապովի դերը («Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ)։
Անդրեյ Պանինը նկարահանվել է ռեժիսորներ Պավել Չուխրայի («Վարորդ Վերայի համար»), Կարեն Շահնազարովի («Լիալուսնի օր», «Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն», «Մահ անունով հեծյալը»), Ալեքսեյ Բալաբանովի («Աչքակապուկ», «Մորֆին»)։ «Ոճիր և պատիժ» հեռուստասերիալում կատարել է Պորֆիրի Պետրովիչի դերը։
Անդրեյ Պանինը՝ որպես ռեժիսոր, 2005 թվականին նկարահանել է «Полный вперёд» հեռուստասերիալը (1954 թվականի «Հավատարիմ ընկերներ» ֆիլմի ռեմեյքը), իսկ 2007 թվականին՝ «Տիեզերագնացի թոռը» ֆիլմը (Թամարա Վլադիմիրցևայի հետ համատեղ)։ Նա ձեռք էր բերել Զախար Պրիլեպինի «Այլանդակություններ» (ռուս.՝ Патологии) վեպի էկրանավորման իրավունքները, անցկացրել էր լսումներ և գտել ֆինանսավորում, սակայն քանի որ չէր կարելի նկարահանել ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Չեչնիայում, այդ պատճառով աշխատանքները դադարեցվում են[7]։
2005 թվականին Անդրեյ Պանինը եղել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ։ Նկարահանվել է «Վերջին զրահագնացքը» ֆիլմում[8]։
2006 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստեղծել է դերասանական փորձարարական արվեստանոց։
2011 թվականին Անդրեյ Պանինը խաղացել է բժիշկ Վաթսոնի դերը Շերլոկ Հոլմսի մասին ռուսական նոր հեռուստասերիալում։ Երբ սերիալը հնչյունավորվել է հետարտադրության փուլում, դերասանն արդեն մահացած էր, սակայն կինոստեղծողները կարողացել են օգտագործել նկարահանումների ժամանակ արված ձայնագրությունները։ Սերիալը թողարկվել է 2013 թվականին և արժանացել խառը գնահատականների, սակայն Պանինի աշխատանքը բարձր է գնահատվել։
2013 թվականի մարտին՝ Պանինի մահվանից կարճ ժամանակ առաջ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հայտարարել է «Նիկա» մրցանակի ներկայացվածների ցանկը, որոնց թվում էր նաև Անդրեյ Պանինը, որ մրցանակի էր ներկայացվել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում «Քավություն» (ռուս.՝ «Искупление») ֆիլմում կատարած դերի համար[9]։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին. Անդրեյ Պանինի մրցանակն ստացել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[10]։
Անդրեյ Պանինը մահացել է 2013 թվականի մարտի 6-ին[11][12]։ Դերասանի մարմինը քննած դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ նմանատիպ վերքերը կարող են լինել սպանության հետևանք[13][14][15]։
Դերասանի մարմինը գտնվել է 2013 թվականի մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Մոսկվայի հարավում՝ Բալակլավյան պողոտայում գտնվող նրա տանը։ Մահվան պատճառներից մեկը համարվել է դժբախտ պատահարը. Պանինի մարմինը գտնվել է գետնին ընկած, և մասնագետները սկզբում ենթադրել են, թե նա ընկել է սեփական հասակին հավասար բարձրությունից և գլխով հարվածել հատակին[16]։ Որպես նրա մահվան նախնական պատճառ նշվել է արյան կորուստը[17], սակայն մահվան հաջորդ օրը դատաբժշկական փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մահվանից առաջ Պանինը դաժան ծեծի է ենթարկվել. նրա դեմքն այլանդակված էր, վերքերի մեջ գտնվել են ապակու կտորներ, իսկ ծնկներին՝ արյունազեղ ուռուցքներ[18]։ Ըստ դատաբշխկական եզրակացության՝ Պանինը հավանաբար դիմադրել է և վիրավորել մարդասպանին[18]։ Հարևանները լսել էին տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել[18]։
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հայտարարության համաձայն՝ քննիչները քրեական գործ են հարուցել Մոսկվայում դերասան Անդրեյ Պանինի սպանության կապակցությամբ. Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով (առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելը, որ հանգեցրել է մահվան)[19]։
Անդրեյ Պանինի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 12-ին Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Քաղաքացիական հոգեհանգստից հետո տեղի է ունեցել հուղարկավորման արարողությունը Նիկոլայ Հրաշագործի եկեղեցում։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[20][21]։
Անդրեյ Պանինի մահվանից մեկ տարի անց, ըստ որոշ աղբյուրների, նրա սպանության մասին գործը փակվել է[22], սակայն այլ աղբյուրների համաձայն՝ հետաքննությունը շարունակվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Դերասանի մի շարք գործընկերներ, որոնց թվում էին դերասան Ալեքսանդր Յացենկոն, ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[23] և Պանինի մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[24], ով հայտնաբերել էր նրա մարմինը, համոզված են, որ դա եղել է սպանություն։
2015 թվականի սկզբին հայտնի է դարձել, որ ՌԴ քննչական կոմիտեն դադարեցրել է Անդրեյ Պանինի մահվան մասին գործը հանցագործության բացակայության պատճառով[25]։
Կարեն Շահնազարովը 2005 թվականին «Сеанс» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Անդրեյ Պանինի մասին ասել է[28].
В нём есть харизма, есть личность, есть внутренний конфликт. В глазах есть, не выкинешь. И потому его роли всегда притягивают. Даже те, в которых он вроде как повторяется. Что его отличает? Необыкновенная органика. И при этом — способность к острому рисунку. Он великолепен как в характерных ролях, так и в драматических. Причём в драматических всегда присутствует элемент острой характерности, а в характерных — внутренний смысл. Подтекст, содержание. Именно это сочетание, очень редкое, — его визитная карточка.
2014 թվականին Կեմերովոյի մշակույթի ու արվեստի պետական համալսարանում բացվել է Անդրեյ Պանինի հիշատակին նվիրված թանգարան։ Թանգարանի հավաքածուում ներառված են լուսանկարներ դերասանի ուսանողական տարիներից, դերասանի հետ կապված փաստաթղթեր բուհի արխիվից, ներկայացումների ծրագրեր ու այլ նյութեր, ինչպես նաև անձնական իրեր, որոնց մի մասը թանգարանին է նվիրել դերասանի այրին՝ Նատալյա Ռոգոժկինան[29][30]։
Անդրեյ Պանինը զբաղվել է նկարչությամբ. նրա աշխատանքներն աչքի են ընկել սյուրռեալիստական սյուժեներով, ծաղրական ու անհեթեթ կերպորներով, փոքր դետալների առատութամբ։ 2015 թվականի ապրիլի 18-19-ը Մոսկվայում անցկացվող DOCA-2015 (Days of Contemporary Art) ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում կայացել է Անդրեյ Պանինի նկարների ցուցահանդեսը, որ նախապատրաստել էին նրա ընտանիքն ու մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[34][35][36]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | По прямой | ||
1994 | ֆ | Прохиндиада 2 | տղամարդը բիրժայում | |
1998 | ֆ | Մայրիկ, մի՛ վշտացիր | Мама, не горюй | նավաստի |
1998 | ֆ | Լիալուսնի օր | День полнолуния | կապիտան |
1998 | ս | Չեխով և Կօ | Чехов и Ко | Պյոտր Ռուբլյով (6-րդ սերիա՝ «Тапёр») / Պրուժինա-Պրուժինսկի (7-րդ սերիա՝ «Невидимые миру слёзы») |
1999 | ֆ | Մայրը | Мама | Յուրևների ընտանիքի հայրը |
1999 | ֆ | Կանանց նեղացնել խորհուրդ չի տրվում | Женщин обижать не рекомендуется | դպրոցի տնօրեն |
1999-2000 | ս | Կամենսկայա | Каменская | Վլադիսլավ Ստասով, մասնավոր խուզարկու |
2000 | ֆ | Հարսանիք | Свадьба | Գարկուշա |
2000 | ֆ | Սահման։ Տայգայական սիրավեպ | Граница. Таёжный роман | մայոր Վյաչեսլավ Վորոն, հատուկ բաժնի ղեկավար |
2000 | ֆ | Նուրբ տարիք | Нежный возраст | ոստիկանության ավագ լեյտենանտ Օկունկով |
2000 | ֆ | Արտիստն ու պատկերման վարպետը | Артист и мастер изображения | Հնարամիտ, Լիկյոր, շեֆի օգնականը |
2000 | ֆ | 24 ժամ | 24 часа | Լյովա Շալամով |
2000 | ֆ | Իմ փոխարեն | Вместо меня | գործարար |
2001 | ֆ | Կյանքը լի է զվարճություններով | Жизнь забавами полна | Վիկտոր |
2001 | ֆ | Ընտանեկան գաղտնիքներ | Семейные тайны | Մաքսիմ Անդրեևիչ Սավին |
2001 | ֆ | Հինգերորդ անկյուն | Пятый угол | Յուրի Պեստրով |
2001 | ֆ | Բուրժույի ծննդյան օրը 2 | День рождения Буржуя 2 | մայոր Մովենկո |
2001 | ֆ | Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն | Яды, или Всемирная история отравлений | Չեզարե Բորջիա |
2002 | ֆ | Ամառային անձրև | Летний дождь | Ռոմանով |
2002 | ֆ | Սպարտակ և Կալաշնիկով | Спартак и Калашников | Մարատ Իվանովիչ |
2002 | ֆ | Տուրեցկու քայլերգը 2 | Марш Турецкого 2 | Սկունս (ֆիլմ 12՝ «Оборотень») |
2002 | ֆ | Անգամ մի՛ մտածիր | Даже не думай! | Չեռնով |
2002 | ս | Բրիգադա | Бригада | Կավերին |
2002 | ֆ | Շուկշինյան պատմվածքներ | Шукшинские рассказы | Խմիր (նովել՝ «Вянет − пропадает») |
2002 | ֆ | Եռյակ | Трио | Նիկոլայ Եգորովիչ Ագապով, մայոր |
2003 | ֆ | Շուք | Шик | Պլատոն Անդրեևիչ |
2004 | ֆ | Մահ անունով հեծյալը | Всадник по имени Смерть | Ժորժ |
2004 | ֆ | Անգամ մի՛ մտածիր 2. անհայտության ստվերը | Даже не думай 2: Тень независимости | Չեռնով |
2004 | ֆ | Ծովային հրեշ | Морской дьявол | իմպրեսարիո |
2004 | ֆ | Վարորդ Վերայի համար | Водитель для Веры | Սավելև |
2005 | ֆ | Մարտ ստվերի հետ | Бой с тенью | Վալիև |
2005 | ֆ | Մայրիկ, մի՛ վշտացիր 2 | Мама не горюй 2 | Նավաստի |
2005 | ս | Полный вперёд! | Նիկոլայ Կոկարև | |
2005 | ֆ | Աչքակապուկ | Жмурки | Ճարտարապետ |
2005 | ֆ | Բժիշկ Ժիվագո | Доктор Живаго | Անդրեյ Ժիվագո (1 սերիա) |
2006 | ֆ | Սրիկաներ | Сволочи | Վիշնեվեցկի |
2006 | ֆ | Վերջին զրահագնացքը | Последний бронепоезд | Միխայիլ Ռոմանով / Անտառահատ |
2007 | ֆ | Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ | Бой с тенью 2: Реванш | Վալիև |
2007 | ֆ | Տիեզերագնացի թոռը | Внук космонавта | Տոլյան Տիտով |
2007 | ֆ | Ոճիր և պատիժ | Преступление и наказание | Պորֆիրի Պետրովիչ |
2007 | ֆ | Վանեչկա | Ванечка | Գավրիլով |
2008 | ֆ | Կամենսկայա 5 | Каменская 5 | Ստասով |
2008 | ֆ | Մորֆին | Морфий | Անատոլի Լուկիչ Դեմյանենկո |
2008 | ֆ | Դատապարտված են կռվի | Обречённые на войну | Ստեֆան, լեհ |
2008 | ֆ | Համբույր ոչ մամուլի համար | Поцелуй не для прессы | Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, նախագահ |
2008 | ֆ | Վախի պատրանք | Иллюзия страха | Իգոր Կորոբ |
2008 | ֆ | Խցան | Пробка | |
2008 | ֆ | Старшая жена[37] | ||
2009 | ֆ | 9 մայիսի. Անձնական վերաբերմունք (կինոալմանախ) | 9 мая. Личное отношение | խորհրդային զինվոր, նախկին ծաղրածու (նովել՝ «В мае 1945-го») |
2009 | ֆ | Գայլեր | Волки | Զինովի Պետրովիչ |
2009 | ս | Ժուրով | Журов | Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ |
2009 | ֆ | Ապուշի հետ (անավարտ) | С болваном | |
2010 | ֆ | Կանդագար | Кандагар | ղեկապետ Գոտով |
2010 | ֆ | Արևից կիզվածները 3։ Հակամարտութուն | Утомлённые солнцем 2: Предстояние | Կրավեց |
2010 | ֆ | Նարնջի հյութ | Апельсиновый сок | Ստիվեն |
2010 | ֆ | Մոտ թշնամի | Близкий враг | Տյապկին, Վալյոկ, օրենքով գող |
2010 | ս | Ժուրով 2 | Журов 2 | Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ |
2010 | ֆ | На измене | Վասիլի Կոշկին | |
2010 | ֆ | Մեկ օղակ (Ղազախստան) | Одно звено | Իվան |
2011 | ֆ | Generation П | Կոլյա | |
2011 | ս | Կամենսկայա 6 | Каменская 6 | Ստասով |
2011 | ֆ | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես | Высоцкий. Спасибо, что живой | Անատոլի Նեֆյոդով, Վիսոցկու բժիշկը |
2011 | ֆ | Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ | Бой с тенью 3D: Последний раунд | Վալիև |
2011 | ֆ | Իմ խենթ ընտանիքը | Моя безумная семья! | Վիկտոր Սերգեևիչ |
2011 | ս | Հատում | Отрыв | ճամբարի տնօրեն մայոր Գրումել |
2011 | ֆ | Հորդա | Орда | խան Տինիբեկ |
2011 | ֆ | Քավություն | Искупление | Ֆեոդոր[38] |
2012 | ֆ | Սրբապատկեր (Վրաստան, Ռուսաստան) | Икона | |
2013 | ֆ | Քանի դեռ ողջ է | Пока ещё жива | Վալենտին Պետրովիչ Տյապկին, Վալյոկ[39] |
2013 | ֆ | Մայոր Սոկոլովի հետերաները | Гетеры майора Соколова | մայոր Սոկոլով[40] |
2013 | ֆ | Ռումբ | Бомба | Դան Պերսկի[41] |
2013 | ս | Շերլոկ Հոլմս | Шерлок Холмс | բժիշկ Ջոն Վաթսոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.