Ամստերդամի քաղաքային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ամստերդամի քաղաքային թանգարան (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈsteːdələk myˈzeːjɵm ˌɑmstərˈdɑm], հոլ.՝ Stedelijk Museum Amsterdam, խոսակցական լեզվում հայտնի է որպես Stedelijk), Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող մոդեռն և ժամանակակից արվեստի թանգարան[11][12]։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի շենքում, որը նախագծել է Ադրիան Ուիլեմ Ուեսմանը, 21-րդ դարում շենքի ներկայիս մուտքի ավելացված հատվածի նախագծողը հոլանդական Benthem Crouwel Architekten ճարտարապետական ընկերությունն է։ Թանգարանը գտնվում է Ամստերդամի թանգարանային հրապարակում[13] Վան Գոգի թանգարանի, Ամստերդամի պետական թանգարանի և Կոնսերտգեբաուի հարակից տարածքում[14]։
Ամստերդամի քաղաքային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Ամստերդամ[1] |
Վայր | Ամստերդամ |
Կազմված է | SMA/Uitgeverij? |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[2][3] |
Հասցե | Museumplein 10[2]1071 DJMuseumplein? (10)[2] |
Հիմնադրվել է | 1874[4] |
Հիմնադիր | Christiaan Pieter van Eeghen?[5] |
Այցելուներ | 724 257 մարդ (2015)[6] |
Տնօրեն | Բեատրիք Ռուֆ, Rein Wolfs?[7], Cornelis Baard?[7], Wim Beeren?[7], Rudi Fuchs?[7], Ann Goldstein?[7], Willem Sandberg?[7], Edy de Wilde?[7], David Röell?, Jan Eduard van Someren Brand? և Gijs van Tuyl?[8][9][10] |
Կայք | stedelijk.nl |
Թանգարանի հավաքածուն ներառում է վաղ 20-րդ դարից մինչև 21-րդ դար ժամանակակից արվեստի և դիզայնի նմուշներ։ Ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Վինսենթ վան Գոգը, Վասիլի Կանդինսկին, Էռնստ Լյուդվիգ Կիխները, Մարկ Շագալը, Անրի Մատիսը, Ջեքսոն Պոլլոքը, Կառել Ապպելը, Էնդի Ուորհոլը, Վիլեմ դե Կունինգը, Մառլեն Դյուման, Լուչո Ֆոնտանան, Գիլբերտ Պրոշը և Ջորջ Պասմորը[12]։
2015 թվականին թանգարանն ունեցել է 675000 այցելու։
Ամստերդամի քաղաքային թանգարանը բացվել է 1895 թվականի սեպտեմբերի 14-ին տեղական մարմինների և մասնավոր անհատների նախաձեռնությամբ։ Հոլանդական նեո-ռենեսանս։ Շինարարությունը ֆինանսավորել է 1890 թվականին Սոֆիա Ադրիանա դե Բրյուին[15]։ Մասնավորապես, այն կառուցել է 1874 թվականին ստեղծված Vereeniging tot het Vormen van een Verzameling van Hedendaagsche Kunst-ը (VVHK, ժամանակակից արվեստի հանրային հավաքածուի ձևավորման ընկերություն)՝ ներառելու Բրյուի արվեստի և անտիկ իրերի հավաքածուն, որը զգալի գումարի հետ միասին նա նվիրաբերել էր քաղաքին[16]։ Շինարարական գործընթացներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Վան Իգեն ընտանիքը՝ նվիրաբերելով նաև Քրիստիան Պիտեր վան Իգենի հավաքածուից նկարներ։ Թանգարանի շենքը կառուցվել է 1891-1895 թվականներին՝ Paulus Potterstraat-ում Ամստերդամի պետական թանգարանից կարճ հեռավորության վրա[15]։ Թանգարանի ինքնատիպ հավաքածուն ներառում է Ամստերդամի ռազմարվեստի նմուշներ, ասիական արվեստ, նմուշներ Ժամանակագրության թանգարանից և Բժշկական դեղագործական թանգարանից։
1905 թվականին Կոռնելի Բաարդը նշանակվեց թանգարանի համադրող, 1920 թվականին՝ թանգարանի տնօրեն։ Որպես համադրող նրա գործունեության ընթացքում տեղական իշխանությունը սկսեց կառուցել իր սեփական ժամանակակից արվեստի հավաքածուն։ Նիդերլանդներում ճգնաժամը հանգեցրեց քաղաքային կրճատումների, և 1930-ականներին իշխանություններն իրականացրեցին քաղաքականության վերանայում։ 1932 թվականին ստեղծվեց գնումների կոմիտե, որտեղ ընդգրկված էին երկու VVHK անդամ և երկու տեղական իշխանության ներկայացուցիչ։ Այս չորս գործիչները վերահսկում էին թանգարանի համար արվեստի բոլոր գնումները, մասնավորապես Հաագայի և Ամստերդամի իմպրեսիոնիզմի և միջազգային ժամանակակիցների աշխատանքները[15]։
Թանգարանը սկսեց ակտիվորեն արվեստի նմուշներ ձեռք բերել 1930 թվականից։ 1933 թվականին թանգարանի հավաքածուն համալրվեց M.B.B. Nijkerk's գրքերի հավաքածուով, որը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով գեղագիտական գրքեր և տպագրություն։ Կիրառական արվեստի թանգարանը բացվել է 1934 թվականի դեկտեմբերի 15-ին արևմտյան թևի առաջին հարկում։ Այս հավաքածուն ներառում էր կահույք, ապակե, խեցեղեն, գրաֆիկական դիզայն և պաստառներ, տեքստիլ, փոքր քանդակներ և դիմակներ, բատիկա, մետաղե կառուցվածքներ, հոլանդական շեշտադրմամբ ապակե վիտրաժներ[15]։
1936 թվականին Դեյվիդ Ռոելը, ով նախկինում աշխատել էր Ամստերդամի պետական թանգարանում և VVHK քարտուղարն էր, ստանձնեց թանգարանի տնօրենի պաշտոնը։ 1938 թվականի հունվարին Ռոելը թանգարանի նոր համադրող նշանակեց Վիլեմ Սենդբերգին, ով թանգարանի տնօրեն դարձավ 1945 թվականին։ 1962 թվականին VVHK հանձնեց իր հավաքածուի հիմնական մասը՝ ներառյալ Գեորգ Հենդրիկ Բրեյտների, Պոլ Սեզանի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Գյուստավ Կուրբեի, Վինսենթ վան Գոգի և Յան Բարտոլդ Յոնգկինդի աշխատանքները[15]։
Սենդբերգի ղեկավարման տարիներին թանգարանում բացվեց կիրառական արվեստի բաժին (1945) և գծանկարների բաժին (1954)։ 1950 թվականի սկզբում թանգարանը սկսեց ներկայացնել ժամանակակից երաժշտություն և ֆիլմեր։ Թանգարանի կից թևը կառուցվեց 1954 թվականին՝ տեղավորելու փորձառական արվեստի նմուշները։ 1956 թվականին թանգարանում ստեղծվեցին ընթերցասրահ, տպագրության սենյակ, թանգարանի ռեստորանը և այգին, ֆիլմերի ցուցադրության և երաժշտական կատարումների համար նոր սրահ[15]։ 1958 թվականին թանգարանը ձեռք բերեց ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչի աշխատանքներից։ Նույն տարում Սենդբերգը թանգարանի հավաքածուն համալրեց լուսանկարներով և թանգարանը դարձավ ժամանակակից արվեստի առաջին արևմտյան թանգարանը, որը սկսեց լուսանկարներ հավաքել։ Հավաքածուն ներառում է և՛ հոլանդական, և՛ միջազգային ավանգարդ լուսանկարիչների հետպատերազմյան ժամանակահատվածի գործեր (ինչպիսիք են օրինակ Էրվին Բլումենֆելդը, Լասլո Մոհոլ Նադը, Ման Ռեյը), հետպատերազմյան շրջանի հոլանդացի լուսանկարիչների գործեր (Եվա Բեսնյո, Էդ վան դեր Էլսկեն, Կաս Ուրթույս), նկարիչների դիմանկարներ, ֆոտոլրագրական նյութեր, գեղանկարչական լուսանկարչություն[15]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամստերդամի քաղաքային և պատմության թանգարանների հավաքածուն տեղափոխվեց Սանտպորտի մոտակայքում գտնվող բունկեր։ Թանգարանի աշխատակիցները հերթով հսկողություն էին սահմանում։ Սենդբերգին հաջողվում էր խուսափել կալանքից. 1943 թվականին գերմանական մի խումբ ուղարկվեց նրան ձերբակալելու, սակայն նա կարողացավ փախչել հեծանվով։ Չնայած պատերազմական ցնցումներին՝ թանգարանը շարունակում էր ցուցահանդեսներ անցկացնել[15]։
1940-ական թվականների վերջին 1950-ական թվականներին թանգարանի հավաքածուն համալրվեց Էռնստ Լյուդվիգ Կիրխների և Անրի Մատիսի ստեղծագործություններով։ Այս ընթացքում թանգարանը նաև ձեռք բերեց Դե ստիլ և ռուսական կոնստրուկտիվիզմ ու բաուհաուզ շարժումների գործեր։
1963-1985 թվականներին թանգարանը ղեկավարել է Էդի դե Ուայդը։ Նա սկսեց ձեռք բերել թանգարանի առաջին ամերիկյան ժամանակակից արվեստի հավաքածուն։ Նրա ղեկավարությամբ 1971 թվականին թանգարանի սոցիալական և կրթական գործառույթների շուրջը ծագած բանավեճերը հանգեցրին հաղորդակցման բաժնի ստեղծմանը[15]։ 1970-ականների սկզբին թանգարանը ձեռք բերեց եվրոպացի արվեստագետների իր առաջին վիդեո արտը, այդ թվում Դիբե և Գիլբերտ և Ջորջ։ Ներկայում թանգարանն ունի շուրջ 900 վիդեո արտ և ինստալյացիոն աշխատանքներ՝ այդ թվում Նամ Ջուն Պայկի, Բիլ Վիոլայի և Բրյուս Նաումանի աշխատանքներից։ 1970-ականների կեսերից, երբ վերջին ժամանակահատվածի սենյակները փակվեցին, թանգարանը դարձավ բացառապես ժամանակակից արվեստի թանգարան[17]։
2001 թվականին թանգարանի ուկրաինական, ռուսական և խորհրդային արվեստի հավաքածուն հարստացավ Կազիմիր Մալևիչի գծանկարներով, Նիկոլայ Խարջիևի մշակութային կենտրոնի ռուս ավանգարդիստ նկարիչների ստեղծագործություններով։
2003 թվականի վերջում Adriaan Willem Weissman շենքը հրշեջ վարչության պնդմամբ փակվեց և սկսվեցին վերանորոգման աշխատանքները։ Թանգարանը ժամանակավոր տեղավորվեց Post CS շենքում և այնտեղ մնաց 4,5 տարի[13]։ 2005 թվականին թանգարանը սկսեց համագործակցել Broere բարեգործական հիմնադրամի հետ. Monique Zajfen հավաքածուի շնորհիվ թանգարանը ձեռք բերեց ժամանակակից եվրոպական արվեստի գործեր։ 2006 թվականին «Քաղաքի քարտեզավորում» ցուցահանդեսային համատեքստում կազմակերպվեցին քննարկումներ և դասախոսություններ, որոնք բացահայտեցին արվեստագետների կապը քաղաքի հետ։ Ստեղծվեց «Docking Station» վայրը, որտեղ նոր ի հայտ եկող նկարիչները ներկայացնում են իրենց աշխատանքները։ 2008 թվականին Էնդի Ուորհոլի վիդեո աշխատանքին նվիրված «Other voices, other rooms» ցուցահանդեսն ունեցավ 600000 այցելու։
2006 թվականին քաղաքային խորհուրդը սեփականաշնորհեց թանգարանը, և այն դարձավ ավելի գործնական ձեռնարկություն, որը վարձակալում է թանգարանի շենքը քաղաքից և խորհրդի անունից կազմակերպում ցուցահանդեսներ, ղեկավարում, պահպանում, ավելացնում թանգարանի հավաքածուն[15]։
2008 թվականից թանգարանում սկսվեց մեծ շինարարություն։ Թանգարանը սկսեց «Թանգարանը գնում է քաղաք» նախագիծը՝ Ամստերդամ քաղաքի շրջանակներում պահպանելու տեսողական ներկայությունը, մինչ շենքը վերանորոգվում էր։ Նախագիծը շարունակվեց մինչև 2009 թվականի երկրորդ կես և Ամստերդամի տարբեր վայրերում կազմակերպեց մի շարք սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ։
2010 թվականի օգոստոսից մինչև 2011 թվականի հունվար թանգարանը դեռևս անավարտ շենքում իր դռները բացեց «Ամստերդամի ժամանակավոր թանգարան» յուրօրինակ ծրագրով, հետագայում շարունակելով այս ծրագիրը[18]։ «Ամստերդամի ժամանակավոր թանգարան 2» ծրագիրը բացվեց 2011 թվականի մարտին՝ ուշադրության կենտրոնում ունենալով ժամանակակից արվեստն ու դիզայնը, որի ընթացքում ներկայացվեցին Պիտ Մոնդրիանի, Կազիմիր Մալևիչի, Չարլի Տուրոպի, Անրի Մատիսի, Դոնաալդ Ջադի, Ուիլեմ դե Կունինգի, Իվ Քլեյնի և Բրյուս Նաումանի աշխատանքները։ «Ամստերդամի ժամանակավոր թանգարան 3»-ը սկսվեց 2011 թվականի հոկտեմբերին՝ ամբողջ Ամստերդամում ներկայացնելով ցուցահանդեսներ, շնորհանդեսներ[19]։
Հանրության համար թանգարանը վերաբացվեց 2012 թվականի սեպտեմբերի 23-ին[20]։ Վերաբացումից հետո առաջին ամսում թանգարանն ունեցավ շուրջ 95000 այցելու[21]։
1986 թվականի մարտի 21-ին Ժերար Յան վան Բլեդերենը փսիխոզի ժամանակ դանակով կտրել է Բարտեն Նյումանի «Ով է վախենում կարմիրից, դեղինից և կապույտից» III (1967) կտավը։ Նա դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման և երկու տարի փորձաշրջանի, ինչպես նաև նրան երեք տարի ժամկետով արգելվել է թանգարան այցելել։ 1997 թվականի նոյեմբերի 21-ին վան Բլեդերենը կտրել է Բարտեն Նյումանի «Կաֆեդրա» (1951) կտավը։ Դատարանը նրան անմեղսունակ է ճանաչել, չի դատապարտվել, սակայն նրան մշտապես արգելվել է թանգարան այցելել[22]։
1988 թվականի մայիսի 20-ին թանգարանում տեղի է ունեցել առաջին և միակ գողությունը։ Երեք կտավներ՝ Վան Գոգի «Մեխակներով ծաղկաման» (1886), Յան Բարտոլդ Յոնդկինդի «Փողոց Նևերում» (1874) և Պոլ Սեզանի «Նատյուրմորտ շշերով և խնձորներով» կտավները ընդմիջման ժամանակ գողացել են։ 1988 թվականի մայիսի 31-ին որպես գնորդներ ներկայացած ոստիկաններին հաջողվել է նկարներն անվնաս վերադարձնել։ Գողը ձերբակալվել և դատապարտվել է[23][24]։
2011 թվականի մայիսի 15-ին ազգային մրցաշարում Այաքս ֆուտբոլային ակումբի հաղթանակը տոնվել է Ամստերդամի թանգարանային հրապարակում։ Տոնակատարության ժամանակ երկրպագուները վնասել են Benthem Crouwel հատվածի առաստաղը և ապակե վահանակները՝ պատճառելով 400000 եվրոյի վնաս[25] և 2012 թվականի հերթական հաղթանակի տոնակատարության համար վայրը տեղափոխել են Ամստերդամ Արենա[26]։ Չնայած այս ամենին, Ամստերդամի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ Թանգարանային հրապարակը կարող է օգտագործվել խոշոր իրադարձությունների համար[27]։
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 90.000 նմուշ, որոնք հավաքագրվել են 1874 թվականից ի վեր[28]։ Առանձնակի ուշադրության արժանացնելով դե ստիլ, բաուհաուզ, փոփ արտ, COBRA (ավանգարդ շարժում), նեո-իմպրեսիոնիզմ ուղղությունները՝ հավաքածուն ներկայացնում է 20-րդ և 21-րդ դարերի արվեստի և դիզայնի գրեթե յուրաքանչյուր զգալի շարժում։ Հավաքածուն ներառում է Կազիմիր Մալևիչի գծագրերի ու գեղանկարների համապարփակ հավաքածու։ Պոստիմպրեսիոնիստներից ներկայացված են Փոլ Սեզանի և Վինսենթ վան Գոգի գլխավոր գործերը։ Հավաքածուն բաժանվում է հետևալ մասերի՝
2010 թվականի սկզբից թանգարանը համագործակցել է Fabrique դիզայնի գործակալության հետ և Լեյերի ընկերության հետ զարգացրել արվեստի վիրտուալ այցեր՝ «ARtours»: Օգտագործելով սմարթֆոն տեխնոլոգիա՝ այցելուները կարող են լրացուցիչ պատմություններ և պատկերներ լսել ու տեսնել հավաքածուի մասին ինչպես թանգարանի ներսում, այնպես էլ դրսում։ 2011 թվականի վերջին՝ ծրագրի վերջնական փուլում, հանրությանը հրավիրեցին ավելացնելու իրենց պատմությունները, պատկերներն ու այլ տեղեկություններ բաց հարթակի միջոցով[29]։
Նկարիչ | Վերնագիր | Ամսաթիվ | Տեխնիկա | Պատկեր |
---|---|---|---|---|
Մարինա Աբրամովիչ - Յուլայ | Արտաշնչել, շնչել (կատարում 10) | 1977 | վիդեո | |
Վիտո Ակկոնչի | Երեք շրջանակների ուսումնասիրություն. պտույտ, թռիչք, հրում | 1969 | վիդեո | |
Կարել Ապպել | Appelbar | 1951 | որմնանկար | |
Ռոն Արադ | Oh void 2 | 2004 | ||
Կասանդր | Droste Cacao | 1929 | արծնապատ մետաղ | |
Պոլ Սեզան | La Montagne Sainte-Victoire | 1888 | կտավ /յուղաներկ | |
Ռինեկե Դեյկստրա | Kolobrzeg, Polen, 26 juli 1992 | 1992 | C-print , թուղթ, ալյումին | |
Գերիտ Վիլեմ Դեյսֆոֆ | De Parelhoenders | 1894 / 1900-1902 | փայտ, բատիկա, բամբակ | |
Մարսել Դյուշան | La boîte-en-valise. | 1936-1941 / 1941-1949 | խառը տեխնիկա | |
Մառլեն Դյումա | Մարթան, Զիգմունդի կինը | 1984 | կտավ /յուղաներկ | |
Էդվարդ Կինհոլց | The Beanery | 1965 | Assemblage | |
Կազիմիր Մալևիչ | Hiëratisch suprematistisch kruis. | 1920-1927 | կտավ /յուղաներկ | |
Անրի Մատիս | Թութակն ու ջրահարսը | 1952 / 1953 | կոլաժ, թուղթ, վուշ | |
Պիտ Մոնդրիան | Կոմպոզիցիա N IV , կարմիր, կապույտ ու դեղին | 1929 | կտավ /յուղաներկ | |
Բարնետ Նյուման | Ով է վախենում կարմրից, դեղինից և կապույտ III-ից | 1967-1968 | կտավ /յուղաներկ | |
Պաբլո Պիկասո | Գլխարկի վրա նստած ձկան տեսքով կինը | 1942 | կտավ /յուղաներկ | |
Ջեքսոն Պոլլոք | Մեծ շերեփի արտացոլանքը | 1947 | կտավ /յուղաներկ | |
Ման Ռեյ | Սև և սպիտակ | 1926-1928 | Արծաթագույն դոնդողով լուսանկարչական գործընթաց | |
Գերիտ Ռիտվելդ | Կարմրակապույտ աթոռ | 1918-1923 | նկար, վիտրաժ, փայտ | |
Օգյուստ Ռոդեն | Jean d'Aire | 1884-1886 | բրոնզ | |
Էտտորե Սոտսաս | Mi Accordo | 1992 | խեցեղեն | |
Մարսել Վանդերս | Knotted Chair | 1995-1996 | գործված, ֆիքսված պարաններ | |
Էնդի Ուորհոլ | Bellevue II | 1963 | էկրանի տպագրություն, կտավ |
2009 թվականի նոյեմբերին թանգարանը սկսել է պատմական արխիվի թվայնացման ծրագիր, որն ընդգրկում է 1895-1980 թվականները և պարունակում է շուրջ 1.5 մլն փաստաթուղթ, շուրջ 7000 թղթապանակներ, տնօրենների և գնորդների նամակագրությունների գրառումներ։ Փաստաթղթերի պաշտոնական սեփականությունը փոխանցվել է Ամստերդամի քաղաքային արխիվին, սակայն փաստաթղթերը կմնան Ամստերդամի քաղաքային թանգարանում մինչև թվայնացման գործընթացի ավարտը։
Հոլանդացի ճարտարապետ Ադրիան Վիլլեմ Ուայսսմանը 1895 թվականին կառուցել է թանգարանի շենքը։ Վերին ճակատի և աշտարակի անգույն քարերի և կարմիր աղյուսի համադրությամբ արված դիզայնը շենքի արտաքին տեսքը մոտեցնում է 16-րդ դարի հոլանդական նեո-վերածննդի շենքերի տեսքին։ 1938 թվականին ռեժիսոր Վիլեմ Սանդբերգը շենքի ներսի պատերը ներկել է սպիտակ՝ ստեղծելով «սպիտակ խորանարդ» պատկերասրահներ։ Մի քանի տարի անց՝ 1954 թվականին, Սանդբերգը հնարավորություն ունեցավ կառուցել մեծ ապակե կցամաս Van Baerlestraat-ի կողքին, որն անվանվեց «Սանդբերգյան թևը»։ Սանդբերգը փոխարինեց նաև թանգարանի ծանր, բավականին անհարմար դռները ապակե մուտքով։ 1934 թվականին Բաարդը թանգարանի հիմնական մուտքի վերևում գտնվող լոջիան դարձրեց ցուցահանդեսային տարածք և մի քանի պատկերասրահներ ներկեց թեթև գույներով։ 1936 թվականին Ռոելը մի քանի պատկերասրահների ներսում տեղադրեց պատերի թեթև ծածկույթներ և վերին հարկերի պատկերասրահներում նոր դռներ բացեց[15]։
Անբարենպաստ պահպանման և ժամանակակից սարքավորումների բացակայության պատճառով շենքը չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին։ Բացի այդ շենքը տարածք չուներ մշտական հավաքածուի ցուցադրության համար։ Կազմավորումից ի վեր թանգարանի հավաքածուն ընդլայնվել էր։ Արվեստի պահեստներն ու արվեստանոցները նույնպես շատ ծանրաբեռնված էին։ 1993 թվականին թանգարանի տանիքի արտահոսքը վնասեց մի քանի խոշոր նկարներ, այդ թվում Էսլուրթ Քելլիի և Ջուլիան Շնաբելի աշխատանքները[30]։ Թանգարանը վերանորոգելու առաջին մրցույթը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, երբ Ռոբերտ Վենտուրիին հաղթեց Ռեմ Կուլհաասին, Վիմ Քվանտին և Կարել Ուայբերը։ 1996 թվականին Վենտուրիին փոխարինեց Ալվարո Սիզա Վիեյրան։
2004 թվականին հրդեհային կանոններին չհամապատասխանելու համար հին շենքը փակվեց։ Քաղաքային թանգարանը ժամանակավորապես տեղափոխվեց Post-CS՝ Ամստերդամի կենտրոնական կայարանի մոտ գտնվող Փոստային ծառայության հին շենք[31]։ Երբ 2008 թվականին Post-CS տեղայնքը փակվեց, տպագրվեց «Stedelijk Museum CS – Prospect/Retrospect» խորագրով գիրքը՝ նվիրված այս ժամանակաշրջանի հաջողված ցուցահանդեսներին ու նկարիչներին, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ռինեկե Դեյկստրան[31]։
Ժամանակակից արվեստի թանգարանն Ամստերդամի այգի տեղափոխելու հետագա քննարկումներից հետո, նոր ժյուրին, ի վերջո, Բենթեմ Քրուվելի ճարտարապետներ կազմակերպությունը շահեց շենքի վերանորոգման և նոր շենքի նախագծման շինարարության պայմանագիրը, որը կոչվում էր «Լոգարան»[32]։ Քաղաքային նոր թանգարանն ունի 8000 կմ 2 մակերեսով ցուցահանդեսային տարածք, որը նախորդ պատկերասրահի կրկնակին է։ Նյու Յորք Թայմսի ճարտարապետական քննադատ Միշել Կիմելմանը թանգարանի ավելացված հատվածի մասին գրել է. «Չեմ կարող հիշել ավելի ծիծաղելի տեսք ունեցող շենք, քան Քաղաքային թանգարանի նոր շենքն է»[32]։ Լոս Անջելես Թայմսը ընդլայնված հատվածն անվանել է «չափազանցված, հակասեպտիկ և անհամապատասխան»[33]։
Ըստ Ալվարո Սիզայի նախնական պլանավորման վերաբացումը նախատեսված էր 2007 թվականին։ Երբ 2004 թվականին նոր մրցակցություն տեղի ունեցավ, պարզ դարձավ, որ այդ ժամկետում հնարավոր չէ վերաբացվել։ Թեև վերանորոգված բնօրինակը շենքի կառուցումն ավարտվեց 2010 թվականի սկզբին, պայմանները հարմար չէին արվեստի գործեր ցուցադրելու համար, քանի որ չկար եղանակային վերահսկման համակարգ, որը պետք է տեղադրվեր նոր թևաշենքում։ Մամուլը քննադատում էր ձգձգումները։ Հոլանդացի մշակութային ձեռնարկատեր Օտտո Նանը սկսեց «Stedelijk Do Something» քարոզարշավը` կոչ անելով մարդկանց իրենց հիասթափության մասին հաղորդագրություններ ուղարկել ձգձգումների հետ կապված։ Սա գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը և հսկայական արձագանք ունեցավ Twitter և Facebook սոցիալական ցանցերում։ Նանը հույս ուներ, որ այն, ինչ նա անվանել էր «բարեկամական հեղաշրջում», քաղաքական ուշադրության կարժանանար թանգարանային հրապարակում։ SMS հաղորդագրությունները ուղարկելով` մարդիկ կարող էին գումարներ հավաքել, որպեսզի թանգարանը վերագործարկվի մի փոքր շուտ։ 2011 թվականի հետաձգումների ժամանակ, երբ Միդրեթ կապալառուն սնանկացավ[34], 2010 թվականի գարնանը վերաբացվելու նախագիծը[15] տեղափոխվեց 2012 թվական։ Վերանորոգված բնօրինակ շենքի բացումը եղավ 2010 թվականին ժամանակավոր ցուցադրությամբ[18], որին մասնակցեց 223000 այցելու[35]։
VolkerWessels կապալառուն շինարարությունն ավարտել է 2012 թվականի փետրվարին, որից հետո տեղադրվել է կլիմայի կառավարման համակարգը[36]։ 8-ամյա աշխատանքներից հետո Ամստերդամի քաղաքային նոր թանգարանը բացվեց 2012 թվականի սեպտեմբերի 23-ին[37]։ Վերանորոգումից և ընդլայնումից հետո հավաքածուի կարևորագույն նմուշները ցուցադրվում են հին շենքում` փոփոխվող ներկայացումներով։ Նոր թևաշենքը բաղկացած է ապակե մեծ մուտքից, որը բացվում է դեպի թանգարանային հրապարակ, ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված վերին հարկից և ներքնահարկից։ Այստեղ է գտնվում նաև թանգարանային խանութը, ռեստորանը և գրադարանը, ինչպես նաև հանդիսասրահը[38]։ «Երևակայությունից այն կողմ» բացման ցուցահանդեսը ներկայացնում էր Ամստերդամի նոր ի հայտ եկող նկարիչների աշխատանքները[37]։ Լոս Անջելեսի ուշացած նկարիչ Մայք Քելլիի հետադարձ հայացք 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ լոս անջելեսցի հանգուցյալ նկարիչ Մայք Քելլիի հետահայաց ցուցադրությունը[39]։
Ծրագիրն ամբողջությամբ արժեցավ 127 միլիոն եվրո, 20 միլիոն եվրո ավելի, քան գնահատվել էր 2007 թվականին[36], որը հիմնականում ֆինանսավորվել էր Ամստերդամի քաղաքային խորհրդի կողմից[37]։
1963 թվականին Վիմ Քրովելն ու նրա նախագծային Total Design ընկերությունը նոր տնօրեն՝ Էդուարդ դե Ուիլդեի օրոք սկսեցին աշխատել Ամստերդամի քաղաքային թանգարանի համար։ Քրովելը նախագծեց կատալոգներ, հրավիրատոմսեր, պաստառներ, գրքույկներ՝ օգտագործելով միասնական ցանց։ Նա ցանկանում էր ստանդարտացնել տիպաբանությունը՝ օգտագործելով Univers տառատեսակը, քանի որ այն ունի նույն x բարձրությունը յուրաքանչյուր քաշի համար[37]։ Այս ցանցանման դասավորությունը հայտնի դարձավ որպես SM-դիզայնի ոճ[40]։
Արմանդ Մևիսն ու Լինդա վան Դեուրսենը 2012 թվականին վերափոխեցին թանգարանի լոգոն և տեսողական առանձնահատկությունը, որի վերաբացումը կայացավ 2012 թվականի սեպտեմբերի 23-ին։ 2010-2012 թվականների թանգարանի ժամանակավոր ծրագրի համար Մևիսն ու Դեուրսենը նախագծել էին գրաֆիկական առանձնահատկությունը։ Նոր լոգոն գրոտեսկ տառատեսակով մեծ S տառն է՝ բաղկացած թանգարանի անունի տառերից՝ գրված մեծատառերով։ Օգտագործված է Union կոչվող տառատեսակը, որը Helvetica և Arial տառատեսակների խառնուրդն է՝ ստեղծված չեխ նկարիչ Ռադիմ Պեշկոյի կողմից 2009 թվականին։ Union-ը օգտագործվել է թանգարանի ներքին և արտաքին ցուցանակների, լրացուցիչ նյութերի և ռեսուրսների համար։ Նոր լոգոյի տեսողական առանձնահատկությունը սկզբում հակասական էր, հատակապես, երբ Վիմ Քրովելի բնօրինակ լոգոն հիացմունքի արժանացավ[41]։
Ի սկզբանե քաղաքային մարմինը Ամստերդամի քաղաքային թանգարանը 2006 թվականի հունվարի 1-ին դարձել է հիմնադրամ և հաշվետու է վերահսկող խորհրդին[47]։
2011 թվականին թանգարանն ունեցել է 138720 այցելու, 2012 թվականին՝ 300000 այցելու[43]։ 2012 թվականի սեպտեմբերին վերաբացումից հետո թանգարանն ունեցել է 750000 այցելու[48], 2013 թվականին՝ 700000 այցելու[44]։ Թանգարանը Նիդերլանդների ամենաշատ այցելվող թանգարանն է Ամստերդամի պետական թանգարանից, Վան Գոգի թանգարանից և Աննա Ֆրանկի տնից հետո[49] և 87-րդ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն աշխարհում[50]։ 2014 և 2015 թվականներին թանգարանն ունեցել է 816396 և 675000 այցելու[45][46]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.