Ամպեր-ժամ
From Wikipedia, the free encyclopedia
Ամպեր-ժամ (Ա·ժ), էլեկտրական լիցքի արտահամակարգային չափման միավոր, գլխավորապես օգտագործվում է մարտկոցների ունակության բնութագրման համար։ Ելնելով ֆիզիկական իմաստից, 1 ամպեր-ժամը այն էլեկտրական լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ ժամում, երբ հաղորդչում հոսանքի ուժը 1 Ամպեր է։
Տրված 1 Ա·ժ ունակությամբ լիցքավորված մարտկոցը տեսականորեն կարող է ապահովել 1 Ամպեր հոսանք 1 ժամում (կամ օրինակ՝ 10 Ա՝ 0, 1 ժամում, կամ 0, 1 Ա՝ 10 ժամում)։
Գործնականում մարտկոցի ունակությունը հաշվում են՝ ելնելով մինչև վերջնական լարման հասնելու 20 ժամանոց ցիկլից։ Ավտոմեքենաների մարտկոցների համար այն 10, 8 Վ է[1]։ Օրինակ, մարտկոցի վրա գրված «55 Ա·ժ» պիտակավորումը նշանակում է, որ այն կարող է արտադրել 2, 75 Ամպեր հոսանք 20 ժամվա ընթացքում, ընդ որում լարումը սեղմակներում չի իջնի 10, 8 Վ-ից։ Հաճախ նաև օգտագործվոմ է ածանցյալ միավոր՝ միլի Ամպեր-ժամ (մԱ·ժ), որն ընդհանրապես օգտագործվում է փոքր ունակությամբ մարտկոցների համար։
Ամպեր-ժամով չափվող մեծությունը կարելի է արտահայտել Միավորների միջազգային համակարգի միավորով՝ Կուլոնով։ Քանի որ 1 Կլ/վ հավասար է 1 Ա, հետևաբար ժամը դարձնելով վայրկյաններ, կստանանք, որ մեկ Ամպեր-ժամը հավասար է 3600 Կլ։