ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Դյոբլին (գերմ.՝ Alfred Döblin, օգոստոսի 10, 1878[1][2][3][…], Շչեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - հունիսի 26, 1957[1][2][3][…] կամ հունիսի 24, 1957[5], Էմենդինգեն[4]), գերմանացի գրող։
Հրեական ծագումով Ալֆրեդ Դյոբլինը ծնվել է 1878 թվականին Շեցինում։ Հայրը եղել է ոչ հարուստ առևտրական, որ լքել է ընտանիքը։ 1888 թվականին մայրը հինգ երեխաների հետ տեղափոխվել է Բեռլին։ Ալֆրեդը սովորել է Բեռլինի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Ստանալով բժիշկ նյարդաբանի մասնագիտություն` պրակտիկայի է անցել Ռեգենսբուրգում, Ֆրայբուրգում, Բեռլինում (Բեռլինի արևելյան հատվածում` Ալեքսանդրպլաց հրապարակի հարևանությամբ)։
1910 թվականից մոտ է եղել էքսպրեսիոնիստների հետ, որոնց «Փոթորիկ» (գերմ.՝ Der Sturm) ամսագրում հրատարակել է իր գործերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական բժիշկ ծառայել է Էլզասում։ Ավելի ուշ ապրել է Բեռլինում, լրագրողական ակտիվ գործունեություն ծավալել։ «Գերմանական գրողների միավորման» անդամ է եղել, իսկ 1924 թվականից` նրա նախագահը։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել գրողներ Բերտոլդ Բրեխտի, Հանս Հեննի Յանի հետ, մտել է «1925-ի միավորում» խմբի մեջ։
1933 թվականին Հիտլերի` իշխանության գալուց հետո, ընտանիքով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ վեց տարի մնալուց հետո մեկնել է Ֆրանսիա[8]։ 1936 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։ 1940 թվականին Լիսաբոնով մեկնել է Լոս Անջելես, սկսել է աշխատել Հոլիվուդի համար։ Որդու ինքնասպանությունից հետո, որ ծառայում էր ֆրանսիական բանակում և այդ քայլին է դիմել գերմանացիների ձեռքը չընկնելու համար, Դյոբլինը կնոջ հետ 1941 թվականին ընդունել է կաթոլիկություն։ Բացի Ֆրանսիայում մահացած որդուց` ընտանիքում եղել է ևս չորս երեխա։
1945 թվականի հոկտեմբերին առաջին արտագաղթածներից էր, որ վերադարձել է Եվրոպա (Փարիզ, Բադեն-Բադեն, Մայնց)։ Տպագրվել է թերթերում, աշխատել ռադիոյում։ Նրա շրջանակի երիտասարդ գրողներից է եղել Գյունտեր Գրասը։ Չհամակրելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության վարած քաղաքականության ռևանշիստական միտումները` Դյոբլինը համակրում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, կապեր էր պահում Յոհանես Բեհերի հետ։ 1953 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա։ 1956 թվականին գրողը կաթվածահար է եղել` այլևս դուրս չգալով հիվանդանոցից։
Մահացել է 1957 թվականի հունիսի 26-ին։ Երեք ամիս անց նրա կինն ինքնասպանություն է գործել։ Երկուսն էլ թաղված են Ֆրանսիայում` իրենց որդու գերեզմանի մոտ։
Դյոբլինի ստեղծագործություններից առավել հայտնի են «Բեռլին, Ալեքսանդրպլաց» վեպը (1929), որ կոլաժի ձև ունի և ավելի մոտ է էքսպրեսիոնիզմի ու իտալական ֆուտուրիզմի տեխնիկային, Ջեյմս Ջոյսի ու Ջան Դոս Փասոսի որոնումներին, որ նկարագրել է 1920-ական թվականների Բեռլինի կյանքը[9]։ Վեպը մի քանի էկրանավորվել է (առաջին անգամ` 1931 թվականին) և տարեցտարի փորձագետների կողմից ընդգրկվում է գերմանալեզու լավագույն գրքերի հնգյակում[10][11][12]։
1978 թվականին, երբ նշվել է Դյոբլինի ծննդյան հարյուրամյակը, գերմանական գրականության` Մարբախի արխիվը կազմակերպել է նրան նվիրված ցուցահանդես։ Գյունտեր Գրասը սահմանել է Դյոբլինի անվան` երիտասարդ գրողների մրցանակ։ 1979 թվականին Ռայներ Վերներ Ֆասբինդերը նկարահանել է «Բեռլին, Ալեքսանդրպլաց» բազմասերիանոց կինոֆիլմը։ Այս միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել գրողի ու նրա գրքերի հանդեպ։
2001 թվականին Ալեքսանդրպլացում կառուցվել է Ալֆրեդ Դյոբլինի տունը (Alfred Döblin Haus), որի ճարտարապետն է Սերգեյ Չոբանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.