![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Brain-ALZH_%2528hy%2529.png/640px-Brain-ALZH_%2528hy%2529.png&w=640&q=50)
Ալցհայմերի հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Ալցհայմերի հիվանդություն (անգլ.՝ Alzheimer's disease), նյարդաքայքայիչ հիվանդություն, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք[2][3]։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է[2][3]։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը[2]։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ (հաճախ են կորչում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ[2][3]։ Կորցնելով նախկին ես-ի մասին պատկերացումները՝ այս մարդիկ հաճախ են մեկուսանում ընտանիքից և հասարակությունից[2]։ Աստիճանաբար տուժում են տարբեր օրգանների ֆունկցիաները, որն էլ հանգեցնում է մահվան[4]։ Չնայած պրոգրեսիային՝ արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն, կյանքի սպասվող միջին տևողությունը 3-9 տարի է[5][6]։
Ալցհայմերի հիվանդություն Morbus Alzheimerianus | |
---|---|
![]() Պատկերված է Ալցհայմերով հիվանդի ուղեղը և նորմալ ուղեղ | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | Հիշողության մասնակի կորուստ, խոսքի, կոորդինացիայի խանգարումներ, տրամադրության փոփոխություններ |
Բուժաքննություն | neurological diagnostic techniques?[1], անամնեզ[1], մագնիսառեզոնանսային շերտագրություն[1] և psychological test? |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն |
Անվանվել է | Ալոիս Ալցհայմեր |
Բուժում | Ացետիլխոլինէսթերազի ինհիբիտոր, NMDAընկալիչների անտագոնիստներ |
![]() |
Ալցհայմերի առաջացման պատճառը հստակ հայտնաբերված չէ[2]։ Գտնում են, որ 70% դեպքերում պատճառը ժառանգական է և պայմանավորված է մի քանի գեներով, ուստի ամենամեծ ռիսկի գործոնը ծնողներից ժառանգումն է[7]։ Այլ ռիսկի գործոններից են անամնեզում գլխի վնասվածքի առկայությունը, ընկճախտը և գերճնշումը[2]։ Հիվանդության ընթացքն ասոցացվում է գլխուղեղում հայտնաբերվող նեյրոֆիբրիլյար կծիկների և վահանիկների հետ[7]։ Հավանական ախտորոշումը դրվում է հիվանդության պատմության, կոգնիտիվ ֆունկցիաների թեստավորման, արյան քննության ու այլ գործիքային և լաբորատոր հետազոտությունների հիման վրա, որոնցից մեծ մասը նպատակ ունի ժխտելու այլ հնարավոր պատճառները[8]։ Որոշ ախտանշաններ անուշադրության են մատնվում՝ սխալմամբ համարվելով տարիքային փոփոխություններ[2]։ Ախտորոշումը վերջնական հաստատելու համար անհրաժեշտ է գլխուղեղի հյուսվածքի հետազոտումը[7]։ Ներկայումս Ալցհայմերի հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի։ Առաջարկվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես օրինակ, ֆիզիկական վարժություններով զբաղվելը, մտածողությունը խթանող խնդիրներ և գլուխկոտրուկներ լուծելը, ճիշտ և հավասարակշռված սննդակարգը, բայց ոչ մեկը ռիսկը նվազեցնելու գործում չունի ապացուցված արդյունավետություն[9]։
Բուժման ժամանակակից մեթոդները միայն մեղմացնում են ախտանիշերը, բայց չեն կարողանում դադարեցնել կամ նույնիսկ դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք ժամանակին արտադրում էին բավականին հեռանկարային դեղամիջոցներ, այժմ դադարեցրել են դրանց արտադրությունը, քանզի այդ դեղերը կիլինիկական փորձարկման փուլում հիվանդների մոտ բավարար արդյունավետություն չեն դրսևորել։
Ախտահարված անձինք չեն կարող հոգալ սեփական կարիքները և պահանջում են մշտական խնամք, որը մեծ բեռ է խնամողի համար և՛ սոցիալական, և՛ ֆիզիկական, և հոգեբանական, և՛ ֆինանսական առումներով[10]։ Ֆիզիկական վարժությունները կարող են բարելավել ամենօրյա գործունեությունը և հիվանդի կյանքի որակը[11]։ Վարքային խանգարումները կամ փսիխոզները, որոնք առաջացել են թուլամտության պատճառով բուժվում են հակափսիխոտիկ դեղորայքով, բայց դա ոչ միշտ է նախընտրելի, քանզի այդ դեղերը, չունենալով բարձր արդյունավետություն, մեծացնում են մահվան վտանգը[12][13]։
2015 թվականի տվյալներով՝ աշխարհում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում է շուրջ 29,8 միլիոն մարդ[3][14]։ Այն հիմնականում զարգանում է 65-ն անց անձանց մոտ, բայց 4-5% դեպքերում գործ ենք ունենում Ալցհայմերի վաղ սկսվող տարբերակի հետ[15]։ 65 և ավելի տարիք ունեցող մարդկանց շուրջ 6%-ն ունի Ալցհայմերի հիվանդություն։ 2015 թվականին թուլամտությունից մահացածների թիվը հասել է 1,9 միլիոնի[16]։ Զարգացած երկներում այն համարվում է ամենածախսատար հիվանդություններից մեկը[17][18]։
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին[19]։