Անամնեզ
From Wikipedia, the free encyclopedia
Անամնեզ ( հունարեն՝ ἀνάμνησις- հիշողություն), տեղեկությունների ամբողջություն է, որոնք ստացվում են բժշկական հետազոտության ընթացքում հենց հետազոտվողի կամ նրա հարազատների հարցման արդյունքում։ Անամնեզի ուսումնասիրումն ու առհասարակ հարցումն ուղղակի հարցերի ու պատասխանների ամբողջություն չեն։ Բժիշկի և հիվանդի զրույցի ձևից կախված է այն հոգեբանական համատեղելիությունը, որը մեծ նշանակություն ունի հիմնական նպատակի՝ հիվանդի վիճակի թեթևացման համար։ Անամնեզի տվյալները(տեղեկություններ հիվանդության ընթացքի, կյանքի պայմանների, տարած հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների, հղիությունների, քրոնիկ պաթոլոգիաների, ալերգիկ ռեակցիաների, ժառանգականության մասին, և այլն) բուժաշխատողը ճշտում է ախտորոշման նպատակով դրանք օգտագործելու, բուժման մեթոդ ընտրելու կամ պրոֆիլակտիկայի համար։ Անամնեզի հավաքումը բժշկական հետազոտության հիմնական նախապայմաններից է։ Որոշ դեպքերում, ընդհանուր հետազոտության հետ զուգակցման արդյունքում, այն օգնում է կոնկրետ ախտորոշում կատարել, առանց երկարատև հետազոտություններ կատարելու։ Անամնեզի հավաքումն ախտորոշման ունիվերսալ մեթոդ է, որը կիրառվում է բժշկության բոլոր բնագավառներում։