Փիքսել
From Wikipedia, the free encyclopedia
Փիքսել, պիքսել (անգլ.՝ pixel, pel — հապավում է pix element-ից[1], որոշ աղբյուրներում՝ piсture cell պատկերի տարր), ռաստրային գրաֆիկայում երկչափ թվային պատկերի ամենափոքր տրամաբանական կամ դիսփլեյի մատրիցայի պատկեր ձևավորող ֆիզիկական տարրն է։ Փիքսելը որոշակի գույնով բնորոշվող ուղղանկյուն կամ շրջանաձև չբաժանվող օբյեկտ է։ Համակարգչային ռաստրային պատկերը բաղկացած է տողերով և սյուներով տեղակայված փիքսելներից։ Երբեմն փիքսելին սխալ անվանում են լուսազգայուն մատրիցայի տարր (սենսել - անգլ.՝ sensor element)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միավոր մակերեսի վրա որքան շատ են փիքսելները, այնքան այն մանրամասն է։ Ռաստրային պատկերի առավելագույն մասնատումը տրվում է նրա ստեղծման ժամանակ և չի կարող մեծանալ։ Պատկերի մասշտաբը մեծացնելիս փիքսելները վերածվում են խոշոր հատիկների։ Միջադրության միջոցով փիքսելների աստիճանավորումը կարելի է հարթեցնել։ Այդ դեպքում մասնատման աստիճանը չի աճում, քանի որ սահուն անցումն ապահովվում է մուտքային փիքսելների միջև նորերի ավելացման միջոցով, որոնց արժեքը հաշվարկվում է մուտքային պատկերի հարևան փիքսելների արժեքների հիմնա վրա։ Ռաստրային պատկերի յուրաքանչյուր փիքսելը որոշակի գույնով, պայծառությամբ ու թափանցիկությամբ բնութագրված օբյեկտ է։ Մեկ փիքսելը կարող է տեղեկություն պահել իր հետ զուգորդվող միայն մի գույնի մասին (որոշ համակարգչային համակարգերում գույնը և փիքսելները ներկայանում են երկու տարբեր օբյեկտների տեսքով, օրինակ՝ ZX Spectrum տեսահամակարգում)։
Փիքսելն ինչպես նաև գրաֆիկական համակարգերի ինֆորմացիայի ելքի միջոցով ստացվող ռաստրային պատկերի փոքրագույն միավորն է (համակարգչային մոնիտորներ, տպիչներ և այլն)։ Այդպիսի սարքի թողտվությունը որոշվում է արտահանվող պատկերի հորիզոնական և ուղղահայաց չափերի փիքսելներով (օրինակ՝ VGA — 640 × 480 փիքսելներով ռեժիմը)։ Գունավոր մոնիտորներին պատկերվող փիքսելները բաղկացած են եռյակներից (կարմիր, կանաչ և կապույտ գույներով որոշակի հաջորդականությամբ իրար կողքի տեղակայված սուբփիքսելներից)։ Էլեկտրոնաճառագայթային մոնիտորի համար մեկ փիքսելի եռյակների քանակը հստակեցված չի և կարող է կազմել միավորներ կամ տասնյակներ, հեղուկբյուրեղային մոնիտորների համար (ՕՀ-ի ճիշտ կարգավորման դեպքում)՝ մեկ փիքսելն ունենում է ճիշտ մեկ եռյակ՝ բացառելով համընկնումը։ Տեսապրոյեկտորների և տպող սարքերի համար կիրառվում է գույների համդրումը, որտեղ յուրաքանչյուր բաղկացուցիչ (պրոյեկտորի համար՝ RGB, տպիչի համար՝ CMYK) ամբողջովին լրացնում է տվյալ փիքսելը։