RGB
From Wikipedia, the free encyclopedia
RGB (Red, Green, Blue անգլերեն բառերի հապավումն է - կարմիր, կանաչ, կապույտ) - որպես կանոն, գունավերարտադրության համար գույնի համադրման միջոցը նկարագրող հավելումային (ադիտիվային) գունային մոդել է։
Հիմնական գույների ընտրությունը պայմանավորված է մարդու աչքի ցանցաթաղանթի գունընկալման ֆիզիոլոգիայի յուրահատկություններով։ RGB գունային մոդելը լայն կիրառում է գտել տեխնիկայում։
Գունային մոդելը կոչվում է հավելումային (ադիտիվային, անգլ.՝ addition), քանի որ գույնն ստացվում է սև գույնին ավելացնելու միջոցով։ Այլ կերպ ասած, եթե գունավոր լուսարձակով լուսավորված էկրանի գույնը RGB-ում նշանակվում է (r1, g1, b1), իսկ այլ լուսարձակով լուսավորված նույն էկրանի գույնը՝ (r2, g2, b2), ապա երկու լուսարձակներով լուսավորված էկրանի գույնը նշանակվում է (r1+r2, g1+g2, b1+b2)։
Այս գունային մոդելում պատկերը կազմված է երեք խողովակներից։ Հիմնական գույների (հիմնական են համարվում կարմիրը, կանաչը և կապույտը) միախառնումից ստացվում են՝ ծիրանագույն (M magenta)՝ կապույտի (B) և կարմիրի (R) միախառնումից, դեղին (Y yellow)՝ կանաչի (G) և կարմիրի (R), երկնագույն (С cyan)՝ կանաչի (G) և կապույտի (B) միախառնումներից։ Բոլոր երեք գունային բաղադրամասերի միախառնումից ստացվում է սպիտակ գույնը (W white):
Հեռուստացույցներում և մոնիտորներում կարմիր, կանաչ և կապույտ խողովակների համար օգտագործվում են երեք էլեկտրոնային թնդանոթներ (լուսադիոդի, լուսազտիչի)։
RGB գունային մոդելի հետ օգտագործվող առավել տարածված գունային տարածությունը՝ sRGB-ն շատ գունային երանգների համար ունի ավելի լայն գունային ընդգրկում (կարող է ներկայացնել ավելի հագեցած գույներ), քան CMYK-ում գունային տարածությունների գույների տիպիկ ընդգրկումը։ Այդ պատճառով RGB-ով հրաշալի երևացող պատկերները նշանակալիորեն խամրում և մարում են CMYK-ում։