Ուրան (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ուրան (լատին․՝ Uranus), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ ութերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրան
Ուրան (Uranus) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 մարտ 1781 թ. (Ուիլիամ Հերշելի կողմից) |
Հեռավորությունը Արեգակից | 19,22941195 ա. մ.[1] |
Արբանյակներ | 27 |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 2 748 938 461 կմ (18,37551863 ա. մ.) |
Ապոհելին | 3 004 419 704 կմ (20,08330526 ա. մ.) |
Մեծ կիսաառանցք | 2 876 679 082 կմ (19,22941195 ա. մ.) |
Էքսցենտրիսիտետ | 0,044405586 |
Սիդերիկ պարբերություն | 30 799,095 օր (84,323326 տարի)[2] |
Սինոդիկ պարբերություն | 369,66 օր[3] |
Ուղեծրային արագություն | 6,81 կմ/վ[3] |
Թեքվածություն | 0,772556° (Խավարածրի նկատմամբ) 6,48° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 73,989821° |
Պերիկենտրոնի արգումենտ | 96,541318° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | 0,02293 |
Հասարակածային շառավիղ | 25 559 կմ[4][5] |
Բևեռային շառավիղ | 24 973 կմ[4][5] |
Մակերևույթի մակերես | 8,1156 × 109 կմ²[5][6] |
Ծավալ | 6,833 × 1013 կմ³[3][5] |
Զանգված | 8,6832 × 1025 կգ[7] |
Միջին խտություն | 1,27 գ/սմ³[3][5] |
Հասարակածային պտույտի արագություն | 2,59 կմ/վ |
2-րդ տիեզերական արագություն | 21,3 կմ/վ[3][5] |
Պտույտի պարբերություն | 0,71833 օր 17 ժ 14 ր 24 վ |
Առանցքի թեքում | 97,77°[4] |
Ալբեդո | 0,300[3] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 83±3 % - Ջրածին (H2) 15±3 % - Հելիում (He) 2,3 % - Մեթան (CH4) |
Մթնոլորտի ջերմաստիճան | 53 Կ[8] (−220 °C) |
Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով[9]։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։ Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ, նրա խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով[10]։
Պատկանում է հսկա մոլորակների թվին։ Սակայն, ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի, որոնք կազմված են հիմնականում ջրածնից և հելիումից, Ուրանի և նրա նմանակի, Նեպտունի մթնոլորտում կան տարբեր սառույցների, ինչպես օրինակ՝ ջրային, ամոնիակային կամ մեթանային սառույցներ, ինչպես նաև հիդրոկարբոնատների որոշ հետքեր[8]։ Այդ պատճառով մասնագետները այս երկու մոլորակները առանձնացրել են առանձին կատեգորիայի մեջ՝ «Սառցե հսկաներ»։ Ուրանը ունի Արեգակնային համակարգի մոլորակների միջև ամենասառը մթնոլորտը՝ 49 Կ (−224 °C)։ Ենթադրվում է, որ Ուրանը ունի բարդ շերտավոր ամպերի համակարգ, որտեղ ջուրը կազմում է ներքին շերտերը, իսկ մեթանը վերինը[8]։ Ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի, Ուրանի միջուկը կազմված է սառույցներից և լեռնային ապարներից[11]։
Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիսոլորտ, բացի այդ այն ունի 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս Արեգակնային համակարգի մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս)[12]։ 1986 թվականին «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից ստացված պատկերների վրա Ուրանը երևում է առանց տեսանելի առանձնահատկությունների, այն չունի ամպերի տեսանելի խմբեր կամ հողմերշ ինչպիսիք ունեն այլ հսկա մոլորակները[13]։ Քամիների արագությունները Ուրանի վրա կարող են հասնել 250 մետր վայրկյանում (900 կմ/ժ)[13]։
Ուրանը Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով՝ Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ։ Ուրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարի է, իսկ սինդորականը՝ 369,66 երկրային օր։ Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վայրկյան, իսկ պարաբոլական արագությունը՝ 22 կմ/վայրկյան։ Խավարածրի հարթությունն ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ՝ 98 աստիճան անկյուն։ Ուրանի շառավիղը 25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ։ Միջին խտությունը՝ 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը՝ 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047։ Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ՝ ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ։
Ուրանի մթնոլորտը կազմված է H2-ից, CH4-ից He-ից։ Ուրանն ունի հինգ արբանյակ՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն։
Նշանավոր իրադարձություն դարձավ 1977 թվականին Ուրանի 5 օղակների հայտնաբերումը, որոնք, ի տարբերություն Սատուրնի օղակների, շատ նեղ են և մութ։ 1978 թվականին հայտնաբերվեց ևս 4 օղակ։ Ուրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում 10 կմ-ից, իսկ արտաքին օղակներինը՝ 100 կմ-ից։ Ուրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ 18000 կմ է, իսկ արտաքին օղակինը՝ 25000 կմ։