Յուպիտեր (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր (լատին․՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուպիտեր
Յուպիտեր (Լուսնթագ) | |
---|---|
Յուպիտերի լուսանկարը կատարված «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Հեռավորությունը Արեգակից | 778 570 000 կմ (5,203363 ա. մ.)[1] |
Արբանյակներ | 66 |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 740 520 000 կմ (4,949066 ա. մ.)[2] |
Ապոհելին | 816 620 000 կմ (5,457659 ա. մ.)[2] |
Մեծ կիսաառանցք | 778 570 000 կմ (5,203363 ա. մ.)[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0489[2] |
Սիդերիկ պարբերություն | 4332,589 օր (11,86 տարի)[2] |
Սինոդիկ պարբերություն | 398,88 օր[2][4] |
Ուղեծրային արագություն | 13,07 կմ/վ[2][4] |
Թեքվածություն | 1,03° (Խավարածրի նկատմամբ) 6,09° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 100,55615°[2] |
Պերիկենտրոնի արգումենտ | 275,66° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | 0,06487[2] |
Շառավիղ | 69 911 ± 6 կմ[5] |
Հասարակածային շառավիղ | 71 492 ± 4 կմ[5] |
Բևեռային շառավիղ | 66 854 ± 10 կմ[2][5] |
Մակերևույթի մակերես | 6,1419 × 1010 կմ²[6] |
Ծավալ | 1,43128 × 1015 կմ³[4] |
Զանգված | 1,8986 × 1027 կգ[4] |
Միջին խտություն | 1,326 գ/սմ³[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 24,79 մ/վ²[4] |
Հասարակածային պտույտի արագություն | 12,6 կմ/վ[4] |
2-րդ տիեզերական արագություն | 59,5 կմ/վ[2] |
Պտույտի պարբերություն | 9,925 ժ[2][7] |
Առանցքի թեքում | 3,13° |
Ալբեդո | 0,343[2] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 89,8±2,0 % - Ջրածին (H2) 10,2±2,0 % - Հելիում (He) ~0,3 % - Մեթան (CH4) ~0,026 % - Ամոնիակ (NH4+) ~0,003 % - Ջրածնի դեյտերիդ (HD) 0,0006 % - Էթան (CH3—CH3) 0,0004 % - Ջուր(H2O)[4] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 165 Կ[4] |
Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից[8], ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով[9]։
Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում)։
Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը, միևնույն ժամանակ հելիումի մոլեկուլները մոլորակի մոլեկուլների ընդամենը 1/10-ն են։ Հնարավոր է նաև, որ այն ունի ժայռային միջուկ, կազմված ավելի ծանր տարրերից[10]։ Մյուս հսկա մոլորակների նման, Յուպիտերը չունի կարծր մակերևույթ։ Արագ պտտվելու հետևանքով նրա ձևը ավելի մոտ է սեղմված գնդի (հասարակածի մասում ունի փոքր, բայց զգալի ուռուցիկություն)։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։
Յուպիտերի շուրջը գոյություն ունի օղակների համակարգ, բացի այդ մոլորակն ունի հզոր մագնիսոլորտ։ Յուպիտերը ունի առնվազն 67 արբանյակ, որոնցից ամենամեծերը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են դեռևս Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին, որի պատճառով էլ հաճախ կոչվում են Գալիլեյան արբանյակներ։ Ամենամեծ արբանյակը՝ Գանիմեդը, տրամագծով գերազանցում է Մերկուրի մոլորակը։
Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, բացի այդ սկսած 1970 թվականից այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ՝ ՆԱՍԱ-ի «Պիոներները», «Վոյաջերը», «Գալիլեոն» և այլն։ Վերջին տիեզերական սարքը, որը անցել է Յուպիտերի կողքով Նոր հորիզոններ կայանն էր, որն օգտագործելով Յուպիտերի գրավիտացիոն դաշտը մեծացրել է արագությունը և ուղևորվել դեպի Պլուտոն։
Յուպիտերի սկավառակը և արբանյակները նաև սիրողական աստղագետների ամենասիրված դիտարկման մարմիններից են․ սիրող աստղագետները կատարել են մի քանի նշանակալի հայտնագործություններ (օրինակ՝ Շումեյկեր - Լեվիի գիսաստղի ընդհարումը Յուպիտերի հետ 1994 թվականին, կամ Յուպիտերի հարավային հասարակածային գոտու անհետացումը 2010 թվականին)։