Շախմատը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին[2]։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է[3][4]։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն[2][5]։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը[6][7]։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է[8]։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է[9]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[10]։
2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա[11][12][13]։ Համարվում է որ շախմատի դասավանդումը զարգացնում է երեխայի տրամաբանելու, կենտրոնանալու և այլ մտավոր ունակությունները[11][14], սակայն հետազոտությունները ցույց են տվել որ այդպիսի կապ չկա[15][16]։
Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ[17]։