Յուրի Գագարին
From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Юрий Алексеевич Гагарин, մարտի 9, 1934(1934-03-09)[1][2][3][…], Կլուշինո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մարտի 27, 1968(1968-03-27)[1][2][3][…], Նովոսյոլովո, ժԿիպրևսկի գյուղական բնակավայր, Կիրժաչսկի շրջան, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի։ ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ (1963)։ ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, 1-ին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)։ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։
Յուրի Գագարին Юрий Алексеевич Гагарин | |||
Բնօրինակ անուն ազգանուն | Юрий Алексеевич Гагарин | ||
Ի ծնե | Յուրի Ալեքսեյի Գագարին | ||
Պետություն | ԽՍՀՄ | ||
Մասնագիտություն | ԽՍՀՄ | ||
Առաքելություն | «Վոստոկ-1» (12 ապրիլի 1961 թ.), Առաջին մարդը տիեզերքում | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 1 ժամ, 48 րոպե | ||
Ծնվել է | մարտի 9, 1934(1934-03-09)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Կլուշինո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] | ||
Մահացել է | մարտի 27, 1968(1968-03-27)[1][2][3][…] (34 տարեկան) | ||
Մահվան վայրը | Նովոսյոլովո, ժԿիպրևսկի գյուղական բնակավայր, Կիրժաչսկի շրջան, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Ամուսին | Վալենտինա Գագարինա | ||
Պարգևներ |
1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ առաջին մարդն է, որը թռել է տիեզերական բաց տարածություն[7][8]։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ է գտնվել Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս է եկել տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք է կատարել Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։
Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք է բարձրացրել, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։ Արտասահմանյան երկրների կառավարությունների և հասարակական կազմակերպությունների հրավերով Գագարինը մեկնել է աշխարհի երեսուն երկիր[9]։ Գագարինը շատ այցելություններ է կատարել նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ Հաջորդող հետագա տարիներին Գագարինը վարել է ակտիվ հասարակական-քաղաքական աշխատանք։ Ավարտել է Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ Աշխատել է Տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Այստեղ աշխատել ու պատրաստվել է կրկին տիրեզերք թռիչք կատարելուն։
1968 թվականի մարտի 27-ին Յուրի Գագարինը զոհվել է ավիավթարից՝ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մերձակայքում, երբ ուսումնական թռիչք է իրականացրել ՄիԳ-15 ուսումնամարզական ինքնաթիռով. թռիչքը ղեկավարել է փորձառու հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։ Ավիավթարի պատճառն ու հանգամանքները ցայսօր էլ ամբողջովին բացահայտված չեն։
Գագարինի անժամանակ մահվան կապակցությամբ ԽՍՀՄ ողջ տարածքում հայտարարվել է համազգային սուգ. սա բացառիկ դեպք էր ամբողջ խորհրդային պատմության մեջ, քանի որ անձանցից միայն պետության ղեկավարների մահվան դեպքերում է համազգային սուգ հայտարարվել։ Աշխարհի առաջին տիեզերագնացի պատվին շատ բնակավայրերի անուններ են անվանափոխվել, այդ թվում և նրա հայրենի քաղաքի անունը՝ Գժատսկը (այժմ՝ Սմոլենսկի մարզի Գագարին քաղաք), ինչպես նաև անվանափոխվել են փողոցներ, պողոտաներ։ Աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրվել են Գագարինի հուշարձանները։