Մուշեղ Ա Մամիկոնյան
Հայոց սպարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 կամ մոտ 376[1]), հայ զորավար, Հայոց սպարապետ, Մամիկոնյան նախարարական տոհմից, Վասակ Մամիկոնյանի որդին։ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական և հռոմեական միասնական զորքը Նպատ լեռան շրջակայքում՝ Ձիրավի դաշտում, 371 թվականին հաղթանակ է տանում պարսիկների դեմ, ինչի արդյունքում առժամանակ ձախողվում է Սասանյան Շապուհ Բ արքայի Հայաստանը նվաճելու ծրագիրը և հայկական գահին կարողանում է հաստատվել Պապ թագավորը։ Պապի իշխանության տարիներին հայկական զորքը Մուշեղի գլխավորությամբ վերամիավորում է Արշակ Բ Տիզբոնում գերեվարությունից հետո անիշխանության տարիներին (368-370 թթ.) Հայաստանից անջատված ծայրամասային գավառները (հայոց թագավորի կալվածքը Ատրպատականում, Նոր Շիրական աշխարհը, Կորդուք և Տմորիք գավառները, Մարաց կողմերը, Արցախի երկիրը, Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը, Գուգարքը)։ Հյուսիսում հայոց սահմանը Աղվանքի հետ կրկին դառնում է Կուր գետը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Ա Մամիկոնյան | |
Մասնագիտություն՝ | զորավար |
---|---|
Ծննդյան օր | անհայտ[1] |
Վախճանի օր | ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 կամ մոտ 376[1] |
Դինաստիա | Մամիկոնյաններ[1] |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Հայր | Վասակ Մամիկոնյան[2][3][1] |
Մայր | անանուն Սյունի |
Հռոմեացիների կողմից Պապ թագավորին սպանելուց հետո հայ նախարարների խորհրդակցության ժամանակ ըստ երևույթին պաշտպանում է չընդվզելու գաղափարը[4]։ Որոշվում է, առանց Պապի սպանության վրեժը լուծելու, շարունակել հնազանդ մնալ հունաց թագավորին։ Մուշեղի հունամետությունը հետագայում Պապին հաջորդած Վարազդատ արքայի օրոք առիթ է դառնում նրան ամբաստանելու համար։ Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Մուշեղի դեմ չարախոսվում էր, թե իբր նրա հրամանով ու խորհրդով են հունաց զորավարները սպանել Պապ թագավորին, և հենց ինքը Մուշեղն էր, որ հունաց թագավորին գրգռեց ու թշնամացրեց Պապ թագավորի դեմ, մինչև որ սպանել տվեց[5]։ Հավատալով այս չարախոսությանը՝ Վարազդատը ընթրիքի է հրավիրում Մուշեղին և դրա ընթացքում սպանել տալիս նրան։